Ժողովուրդը մտածելու բան ունի․ 3-րդ անգամ է ընտրում իշխանություն, որը պետությունն է շագրենի կաշվի պես սեղմում․ Գրիգոր Ջանիկյան
«Արցախի ազատագրությունը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակն է 20-րդ դարի և ընդհանրապես պատմության համար։ Հայ ժողովուրդն առաջին անգամ պատմական հողն ազատագրեց, պատմական արդարությունը վերականգնեց,- Արցախի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի օրը 168.am-ի հետ զրույցն այս շեշտադրումով սկսեց Արցախյան ազատամարտը վավերագրող, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը և հավելեց,- Այդ հաղթանակը մեզ հպարտություն տվեց։ Ես շատ եմ լինում Արևմտյան Հայաստանում և Արցախի հաղթանակից հետո ես նաև այնտեղ էի գնում ճակատաբաց՝ որպես հաղթանակած երկրի քաղաքացի, և ինձ այդպես էլ ընդունում էին»։
Գրիգոր Ջանիկյանը հավատում է պատմական ճշմարտությանը և նշում է՝ հակառակ վայրիվերումներին՝ մի օր պատմական ճշմարտությունն ու արդարությունը հաղթելու է, իսկ արդարությունը հայինն է, քանի որ երբեք ուրիշ հող չի նվաճել, երբեք ուրիշ հողի վրա նկրտում չի ունեցել։
Արցախյան ազատամարտը վավերագրողն Արցախի էջը փակող իշխանությունների մասին իր դիտարկումներում նախ արձանագրեց․ «Իշխանությունները գալիս-գնում են, ժողովուրդը մնում է, ժողովրդի ճշմարտությունը, ժողովրդի արդարացիությունը մնում է»։
Նա, սակայն, չի կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է իշխանությունից հիասթափված ժողովրդի մի հատվածն, այդուհանդերձ, ընտրում նույն իշխանությանը։
«Այն, որ հայ ժողովուրդը 3-րդ անգամ ընտրում է մի իշխանություն, որն ազգային տարածքներ է զիջում, որը պետությունն է շագրենի կաշվի պես սեղմում, և հայտնի չէ` մինչև որքան դեռ պիտի սեղմի, ապա այս ժողովուրդը մտածելու բան ունի։ Ես չեմ ուզում հայ ժողովրդի մասին վատ բաներ մտածել։ Ես մեր ժողովրդին հավատում եմ, մեր ժողովուրդը հաղթանակած ժողովուրդ է Արցախի ազատամարտում, բայց եթե նույն ժողովուրդը նույն իշխանություններին այսքանից հետո 3-րդ անգամ ընտրում է, դա մտածելու առիթ է տալիս»,- մանրամասնեց հրապարակախոսը։
Գրիգոր Ջանիկյանը, սակայն, ամենով հանդերձ, հավատում է Արցախի էջը վերաբացելու հնարավորությանը։
«Ես ինքս ծագումով արևմտահայ եմ, ու ամեն տարի գնում եմ Արևմտյան Հայաստան, և ես հավատում եմ, որ վերադառնալու է ոչ միայն Արցախը, այլև Արևմտյան Հայաստանը, որովհետև նորից ասեմ՝ հավատում եմ պատմության արդարությանը, պատմության հաղթանակին, մեր ժողովրդի արժանապատվության հաղթանակին»,- ամփոփեց մտավորականը։

