Հոկտեմբերին կհրահրվի կառավարվող ներքաղաքական ճգնաժամ

Հարցազրույց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ

– Պարոն Հովհաննիսյան, ըստ Ձեզ, ներքաղաքական վերջին զարգացումները` ՀՀ վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունից մինչև նախագահական նստավայրում որպես եզրափակիչ ակտ կայացած քննարկումը, ի վերջո, ի՞նչ բացահայտեցին թե՛ հասարակական, թե՛ քաղաքական առումներով:

– Գիտեք, ես խորը հիասթափություն եմ ապրում` հետևելով մեր «ներքաղաքական իրադարձություններին»: Կրկնակի մեծ է հիասթափությունն այն մարդկանցից, ովքեր, մոռանալով իրենց մասնագիտությունը, չունենալով ոչ միայն քաղաքագիտական, այլ նույնիսկ բազային, հումանիտար կրթություն, «քաղաքագետ» ինքնահռչակվելով, առավոտից երեկո հեռուստաալիքներով ճամարտակում են, իրենց ճղճիմ դատողություններով են լցնում թերթերն ու կայքերը: Այս խայտառակ ժխորի մեջ իրական քաղաքագետներից շատերը գերադասում են լռել, իրենց արժանապատվությունից ցածր են համարում մկների ժողովի «նշաձողին» համապատասխանող վիճաբանություններին մասնակցելը: Ես էլ կհետևեի այդ օրինակին` թողնելով դաշտը նրանց, ովքեր առաջնորդվում են «Միջին կարգի բիզնեսմենի գործը քաղաքագետի գործից ավելի դժվար է» հայտնի դրույթով: Բայց իմ խառնվածքը, բնավորությունս, ի վերջո, մասնագիտական խիղճս թույլ չեն տալիս: Դրա համար էլ հայտնվել եմ աննախանձելի կարգավիճակում` ամբաստանյալ եմ: Դե, մի երկրում, որտեղ Սերժ Սարգսյանը նախագահ է, ես պետք է լինեմ ամբաստանյալ:

Դառնալով Ձեր հարցին` միանգամից ասեմ, որ այսօրվա Հայաստանում «ներքաղաքական զարգացումներ» ընդհանրապես չկան: Մեկ դերասանի թատրոն է: Սերժ Սարգսյանը խաղատախտակի վրա հարմարավետ դասավորել է ֆիգուրները` «պեշկաներով» հանդերձ, ինքն իրենով խաղում է` և՛ սպիտակներով, և՛ սևերով: Ցանկացած ֆիգուրի ցանկացած պահին կարող է Օստապ Բենդերի ոճով հեռացնել խաղատախտակից: Եթե ինձ կարողացավ հեռացնել խորհրդարանից և դարձնել ամբաստանյալ, ապա Իշխան Զաքարյանը կամ Հովիկ Աբրահամյանն ո՞ւմ շունն են, որ ուզած ժամանակ դուրս չշպրտի:

Կարդացեք նաև

Օր առաջ ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը մի գրառում էր կատարել, որին ես էլ լայքեցի: Ահա թե ինչ էր նա գրել: Օրվա քաղաքական օրակարգը. Սերժ Սարգսյանը շնորհավորեց, հետո ցավակցեց, հետո նորից շնորհավորեց, հետո նորից ցավակցեց, հետո հյուրընկալվեց, շնորհավորեց, հարսանիքում պարեց, հոգեհանգստին մասնակցեց, հավաստիացրեց, պարգևներ հանձնեց, գնահատեց և շնորհակալություն հայտնեց: Բա սա քաղաքական օրակա՞րգ է: Բա սա «ներքաղաքական զարգացումնե՞ր» են: Մենք այս մոլորակի վրա այն եզակի երկրներից ենք, որտեղ ոչ մի ներքաղաքական զարգացումներ չկան:

– Իսկ ինչո՞ւ է, օրինակ, ՀՀ գլխավոր դատախազը, այսինքն` միայն երկրի նախագահի հրահանգից հետո տեղեկանում, որ պետք է «լինի հստակ», «կատարի օրենքի պահանջները» և որևէ հրապարակված իրավախախտմանը, անկախ նրանից, թե այն ուղարկվե՞լ է Գլխավոր դատախազություն, թե՞ ոչ, տա իրավական գնահատական:

– Որպեսզի ինձ վիրավորված չզգամ հռետորական հարցեր ինձ ուղղելուց, Ձեր հարցին հարցով եմ պատասխանելու. ինչո՞ւ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ստանձնեց ամենապախարակված արարածի` Լիսկայի պաշտպանությունը, սակայն մատը մատին չխփեց` մամուլից տեղեկանալով, որ ինձ ապօրինաբար զրկել են հանրային պաշտպան ունենալու իրավունքից: Դա` այն դեպքում, երբ ես էի 1998 թվականին Ռուբեն Սահակյանին երաշխավորել ստանձնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Կարեն Դեմիրճյանի շահերը ներկայացնելու պատվավոր առաքելությունը:

Կարո՞ղ էի ես այն ժամանակ ենթադրել, որ այդ մարդը, ում ես ճանաչում էի 1991 թվականից, երբ մենք միասին հանդես եկանք ի պաշպանություն Զորի Բալայանի` նախագահական ընտրություններին գրանցվելու և մասնակցելու իրավունքին, տարիներ անց պաշտպանելու է մի զարհուրելի անձնավորության, ով հաշմանդամ է դարձրել հայոց բանակի գնդապետին, սպանել է վերջինիս եղբորը, իսկ այսօր փորձում է խույս տալ պատասխանատվությունից:

Մի՞թե հասկանալի չէ, որ իրավապահ համակարգը մեզանում հլու-հնազանդ կատարում է նախագահականից եկող հրահանգները, իսկ եթե հրահանգ չկա, մատը մատին չի խփում:

– Սերժ Սարգսյանը հունիսի 29-ի քննարկման ժամանակ անդրադարձավ մի շարք կարևոր հարցերի` գնումների և այլ ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ: Ձեր կարծիքով` ինչո՞ւ նա որևէ խոսք չասաց հայտնի օֆշորային սկանդալի մասին:

– Իսկ կարո՞ղ եք ասել` կոնկրետ ո՞ր Պողոսին անդրադարձավ: Հերթական անգամ ընդհանուր դատողություններ հնչեցրեց «ատկատների» մասին` կոնկրետ անուններ չտալով, այդ ո՞ր մեկի անունը տվեց, որ պետք է զարմանանք, թե ինչո՞ւ չտվեց Տիգրան Սարգսյանի անունը:

Չզարմանաք, եթե ՀՀԿ-ի գործադիրի նիստից հետո Հովիկն ու Տիգրանը միասին հարցազրույց տան մամուլին և միահամուռ գովաբանեն Սերժ Սարգսյանին: Չէ, դա չի նշանակում, որ Հովիկ Աբրահամյանը ճիշտ ժամանակին դուրս չի շպրտվելու ԱԺ նախագահի պաշտոնից, սակայն այդ ճիշտ ժամանակը հոկտեմբերի վերջն է, այլ ոչ թե հուլիսի սկիզբը:

– Ի՞նչ հիմնավորումներ ունի Ձեր այդ տեսակետը:

–  Ներքաղաքական զարգացումները Հայաստանում իրականում ընդամենը Սերժ Սարգսյանի երերացող իշխանությունը պահելուն և արտաքին ուժային կենտրոնների մոտ պատրանքներ առաջացնելուն միտված «խորամանկություններ» են: Նոյեմբերին Սերժ Սարգսյանը հրաժարվելու է ստորագրել Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագիրը: «Ժառանգությունը», «Ազատ դեմոկրատները», ՀԱԿԿ-ն արդեն հաթաթաներ են տալիս, որ Արևմուտքը երբեք չի ների Սերժ Սարգսյանին` սեփական խոստումների դրժման համար` դաժանաբար կպատժի նրան: Իհարկե, կարևորը դրանց հաթաթաները չեն, այլ, օրինակ, Լեհաստանի նախագահի սառը ցնցուղը: Պան Կոմորովսկին պարզ հասկացրեց Սերժ Սարգսյանին, որ Արևմուտքը Եվրամիության հետ Հայաստանի Ասոցիացման համաձայնագիրը դիտում է` որպես երաշխիք առ այն, որ Հայաստանը մեկընդմիշտ հրաժարվում է Ռուսաստանի հետ համատեղ ինտեգրացիոն ծրագրերից` Մաքսային միությանը և Եվրասիական միությանն անդամակցելուց: Ի՞նչ պետք է անի Սերժ Սարգսյանը ստեղծված իրավիճակում:

Պետք է հոկտեմբերին հրահրի կառավարվող ներքաղաքական ճգնաժամ, նույնիսկ քաոս: Արևմուտքի համար «քաոսը» կլինի ավելի համոզիչ: Պետք է Բաղրամյան 26-ից ուղղորդվող մամուլի միջոցով ի լուր աշխարհի հայտարարի, որ այդ ներքաղաքական ճգնաժամը «ռուսական թևի»` խնամիների զույգի ձեռքի գործն է, պետք է բացահայտի, մերկացնի, «մեծ դժվարությամբ» դավադիրներին դուրս շպրտի իշխանական համակարգից` վերջնականապես ջարդելով «ռուսական թևը»:

Հետո պետք է Արևմուտքին հրամցնի իր «հերոսական» հաղթանակի արդյունքների ամրագրման, իրավիճակը կայունացնելու, Ռուսաստանին հանգստացնելու համար անհրաժեշտ «թայմ-աուտի» գաղափարը, իբր երազում էինք ժամ շուտ ստորագրել համաձայնագիրը, սակայն ստիպված ենք հետաձգել, մինչև երկրում «ներքաղաքական կայունություն» հաստատվի: Այսպիսով, յուրաքանչյուրը կստանա ինչ-որ բան: Ռուսաստանը բավարարված կլինի նրանով, որ Հայաստանը չստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագիրը, իսկ Արևմուտքը` նրանով, որ «ռուսամետ» խնամիները դուրս շպրտվեցին իշխանական համակարգից, կուլակաթափվեցին և այլևս «չեն կարող խոչընդոտել» Հայաստանի ներգրավմանը Արևմուտքի ազդեցության ոլորտում:

– Ձեր վերջին հարցազրույցում Դուք կարծիք էիք հայտնել, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի «թևը» Սերժ Սարգսյանի բացակայության պայմաններում «փորձեց թավշյա փափուկ հեղաշրջում կատարել և ասպարեզից հեռացնել Տիգրան Սարգսյանին»: Արդյո՞ք այդքան ակնհայտ է դարձել ներիշխանական պայքարը:

– Ինչպես արդեն նշեցի, «պայքար» չկա, կա պայքարի իմիտացիա` դյուրահավատ եվրոպացիների համար: Իհարկե, խնամիները, լավ իմանալով, որ աշնանը մատաղացու են դառնալու (ինչի համար ռուսները հաստատ «ախ» էլ չեն քաշի), փորձեցին գործընթացին հաղորդել կանխարգելիչ արագացում: Սերժ Սարգսյանն այդ արագացմանը դեմ չէր, քանզի շահագրգռված էր փորձարկելու կառավարելի ճգնաժամի ուղղորդման օպերացիան: Ձեռքի հետ էլ ձգտում էր ստուգել «զորահանդեսի» մասնակիցների վերաբերմունքը խնամիների վարքագծին, գրոհողներին, թե որքանո՞վ է այդ ամենը համոզիչ օտարերկրյա հանդիսատեսների համար, արդյո՞ք նրանք դա հալած յուղի տեղ ընդունում են, թե՞ գլխի են ընկել, որ սարքած է:

Հովիկ Արգամիչն այնպես մտավ իր դերի մեջ, որ ներկայացման ռեպետիցիան պատկերացրեց որպես լուրջ իրադարձություն, որպես աշնանային «մորթից» փրկվելու շանս, ինչն առաջացրեց Սերժ Ազատիչի վրդովմունքը. «քեզ մորթելու ժամանակը դեռ չի եկել»: Այո՛, ճտերին և հայրենական ֆաունայի այլ ներկայացուցիչներին աշնանն են հաշվում…

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս