Բաժիններ՝

Եգիպտոսի ցուցարարների նվերը Ծաղկաձորի առողջարանների տերերին

Միանգամից ասենք, որ «Եգիպտոսի ցուցարարներ» ասվածը հավաքական արտահայտություն է, որի մեջ մտնում են նաև Թուրքիայի և այլ երկրների ցուցարարները։ Ավելին, այս հասկացության մեջ մտնում են ճգնաժամը Կիպրոսում և մյուս երկրներում և անգամ կարմրուկը Վրաստանում (կամ այդ մասին տարածված լուրերը)։

Հայաստանից դուրս գտնվող այս ամբողջությունն աննկարագրելի նվեր է մատուցել Ծաղկաձորի հանգստյան տների և հյուրանոցների տերերին։ Ընդ որում, «Ծաղկաձորի հանգստյան տների տերեր» ասվածն էլ հավաքական արտահայտություն է, որի մեջ մտնում են հանրապետության բոլոր առողջավայրերի հանգստյան տների, հյուրանոցների ու ժամանցի վայրերի սեփականատերերը։ Այսինքն՝ արտերկրում տեղի ունեցող բացասական երևույթները (քաղաքական ու տնտեսական) անուղղակիորեն օգուտ են տալիս Հայաստանի ներգնա զբոսաշրջությանը։ Իսկ ավելի կոնկրետ՝ ժամանցի և զբոսաշրջության ոլորտի հայ գործարարներին։

Գաղտնիք չէ, որ Հայաստանի շատ քաղաքացիներ նախընտրում են հանգիստն անցկացնել արտերկրում, քանի որ հանգստի այդ տարբերակն ավելի էժան է, քան ներգնա զբոսաշրջությունը կամ հանգիստը։ Միջին եկամուտներ ունեցող մարդկանց համար առաջին ուղղությունը Վրաստանն է, որին հաջորդում են Եգիպտոսը, Թուրքիան, Կիպրոսը և Դուբայը։ Ունևորները հանգստանում են եվրոպական երկրներում կամ ավելի հեռուներում ։
Հասկանալի է, որ այս իրավիճակը ոչ տվյալ ոլորտի գործարարների սրտով է, ոչ էլ իշխանության: Եվ երկար ժամանակ ամենատարբեր ճանապարհներով փորձ է արվում հասնել նրան, որ հայերը հանգստանան Հայաստանում։ Այսինքն՝ փողը ծախսեն ոչ թե դրսում, այլ երկրի ներսում։ Սակայն դա արվում է ոչ թե երկրի ներսում ծառայությունների որակի բարելավման կամ գների իջեցման ճանապարհով, այլ ուրիշ՝ անուղղակի մեթոդներով։

Օրինակ՝ Թուրքիայի դեպքում հիմնական շեշտը դրվում է հայրենասիրության գործոնի վրա։ Այսինքն՝ ինչպե՞ս կարելի է հանգստանալ մի երկրում և հարստացնել մի երկիր, որը Ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ։ Այս քարոզչությունը որոշ չափով աշխատում է, սակայն Թուրքիայում հանգստացող հայերը դեռևս շատ են։ Հայրենասիրությունը, իհարկե, կարևոր բան է, սակայն ֆինանսապես այդպես ավելի ձեռնտու է։ Ինչպես ռուսներն են ասում՝ «Սմերչ» համակարգը վաճառելով ադրբեջանցիներին, ничего личного, просто бизнес:

Թուրքիայի դեպքում գործը հեշտացավ, երբ սկսվեցին Գեզի այգու հետ կապված բախումները։ Այդ իրադարձություններն ակտիվորեն լուսաբանվում էին հայաստանյան լրատվամիջոցների կողմից, ինչը, բնականաբար, որոշակի դեր խաղաց, որ Թուրքիա մեկնել ցանկացող մեր հայրենակիցները ետ կանգնեին այդ մտադրությունից՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Եգիպտոսի պարագայում նույնպես տեղի ունեցան նման իրադարձություններ, սակայն դրանք մեծ ազդեցություն չունեցան։ Մուբարաքին գահընկեց անելու օրերին անգամ շարունակվում էր զբոսաշրջիկների հոսքը Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա։ Իսկ հետո ընդհանրապես վտանգի մասին մոռացան։ Սակայն Եգիպոսում վերջերս սկիզբ առած բախումների ազդեցությունը շատ ավելի մեծ կլինի։ Նախ՝ թեման առավել ակտիվորեն է լուսաբանվում՝ զոհերի և բռնաբարված լրագրողների մանրամասներով։ Բացի այդ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նախօրեին հայտարարություն տարածեց՝ ՀՀ քաղաքացիներին կոչ անելով խուսափել Եգիպտոս այցելություններից։ Անգամ ամենահամարձակ մարդկանց վրա այս կոչը որոշակի ազդեցություն ունեցել է։ Զբոսաշրջային գործակալություններից ոմանք «168 Ժամի» հետ զրույցում տեղեկացրել են, որ նախապես հանգստի ուղեգրեր պատվիրած շատ քաղաքացիներ ետ են վերցրել գումարները։ Օրինակ՝ «Հելենս թրավել» տուրիստական գործակալությունից ասել են, որ վերջերս Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված եղել են դեպքեր, երբ այնտեղ հանգստի մեկնողները հրաժարվել են ճանապարհորդությունից և ետ են վերադարձրել փաթեթները: Գործակալությունից, սակայն, դժվարացել են ասել, թե որքան մարդ է հրաժարվել Եգիպտոսում հանգստանալու մտադրությունից: Միևնույն ժամանակ հայտնել են, որ  Եգիպտոսում հանգստանալ ցանկացողներին ներկայացվում է այնտեղ տիրող իրավիճակը, որպեսզի վերջիններս տեղյակ լինեն և որոշեն՝ արդյոք ցանկանո՞ւմ են իրենց հանգիստն այնտեղ անցկացնել:

Անդրադառնանք նաև Վրաստանին, քանի որ այս երկրի պարագայում զավեշտի չափաբաժինը բավականին մեծ է։ Հայ զբոսաշրջիկները հոսքը դեպի Վրաստան նվազեցնելու համար, որպես կանոն, գործի է դրվում խուճապային լուրեր տարածելու մարտավարությունը։ Օրինակ՝ գրեթե ամեն տարի լուրեր են տարածվում որևէ հիվանդության մասին, որն իբր մոլեգնում է Սև Ծովի վրացական ափերին։ Նախորդ տարի ասում էին, որ Վրաստանում հանգստացողների մոտ լուծ է սկսվել (սակայն դա իրականության հետ որևէ կապ չուներ)։ Դրանից առաջ խոսում էին ցանի մասին։ Իսկ այս տարի, իհարկե, առաջ եկավ կարմրուկի թեման։ Ի տարբերություն նախորդ թեմաների՝ այս անգամ հիմքում իրոք ինչ-որ բան կար։ Մերոնք պարզապես ուռճացրին այդ հիվանդության մասշտաբները։ Առողջապահության նախարարությունը պաշտոնապես խորհուրդ էր տալիս պատվաստվել, նոր մեկնել Վրաստան։ Անգամ լուրեր տարածվեցին, որ սահմանի վրացական անցակետում ինչ-ինչ բժշկական տեղեկանքներ են պահանջում, և այլն։
Բանը հասավ այնտեղ, որ վրացի գործարարները սկսեցին բողոքել այս ամենից։ Օրինակ, վրացի գործարար Ջամբուլ Գոգիտիձեն վերջերս ասել էր.  «Մեզ մոտ կարմրուկի ոչ մի դեպք չի արձանագրվել: Կեղծ մեկ տեղեկատվությունը կարող է վնասել մի ամբողջ տարածաշրջանի բիզնեսի զարգացումը, մենք ուղղակի զարմացած ենք, թե ովքեր և ինչ նպատակով են տարածում նման կեղծ լուրեր»։ Հասկանալի է, որ Գոգիտիձեի նման շատ վրացիներ են մտածում, սակայն ոչ բոլորի կարծիքն է տեղ գտնում հայաստանյան մամուլում։

Իհարկե, մյուս ուղղությունները դեռ կան՝ դեպի Հունաստան, ԱՄԷ, եվրոպական և ավելի հեռավոր երկրներ, սակայն դրանք ավելի թանկ արժեն։ Իսկ վերը նշված երեք երկրների գծով՝ Թուրքիա, Վրաստան և Եգիպտոս,  հայաստանյան ներգնա զբոսաշրջությունը, այսպես ասած, որոշակի «ֆոռա» է ստացել։ Այլ կերպ ասած՝ ֆորս-մաժորային իրավիճակները բարենպաստ հող են ստեղծել, որ հայերը  այս տարի հանգստանան Հայաստանում։ Մնում է տեսնել՝ հայկական առողջարանները կկարողանա՞ն օգտվել այս հանգամանքից և այնպես անել, որ հայաստանցիները հաջորդ տարիներին նույնպես նախընտրեն մնալ Հայաստանում՝ առանց ֆորս-մաժորային հանգամանքների օգնության։ Թե՞ առիթից օգտվելով՝ այնքան կբարձրացնեն գները, որ մեր հայրենակիցները մյուս անգամ նախընտրեն մեկնել անգամ պատերազմական վիճակում գտնվող երկիր, քան, ասենք, Ծաղկաձոր կամ Ջերմուկ։

Հ.Գ. Այս պահին դեռ վիճակագրական տվյալներ չկան, թե հունիս ամսին քանի՞ հոգի է մեկնել Հայաստանից զբոսաշրջային նպատակներով. Այդ տվյալները հայտնի կդառնան ամսվա վերջին, և համեմատություններ անցկացնել հնարավոր կլինի միայն այդ ժամանակ։ Սակայն նշենք, որ զբոսաշրջությունը գերակա ճյուղ հռչակած Հայաստանում չկա նախորդ տարիների քիչ թե շատ լուրջ վերլուծություն այն մասին, թե հայ զբոսաշրջիկները ո՞ր երկրներն են նախընտրում հանգստանալու համար և ինչո՞ւ։ Իսկ դա, մեղմ ասած, հասկանալի չէ, որովհետև սեփական երկրում տուրիզմը խթանելու համար առաջին հերթին պետք է  մանրամասն ուսումնասիրել մրցակիցների առավելությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս