Բրիտանիայի հատուկ ստորաբաժանումների անօդաչուները տվյալներ են փոխանցել Չինաստանին. ԶԼՄ
Բրիտանիայի էլիտար հատուկ ստորաբաժանումների K3 Scout անանձնակազմ հետախուզական նավերը գաղտնի տեղեկություններ են փոխանցել Չինաստանին, գրում է The Telegraph–ը։
Ընդհանուր մոտ 12 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ ծովային դրոնների նավատորմը շահագործվել է այս տարվա մարտից։ Սակայն կիբեռանվտանգության խոցելիության պլանային գնահատման ժամանակ պարզվել է, որ K3 Scouts-ների վրա չինական արտադրության բաղադրիչներ են տեղադրված եղել, որոնք այսպես կոչված «զարկերակի ազդանշաններ» (դրանց առցանց ակտիվությունն ու բնականոն գործունեությունը հաստատող տվյալներ) են փոխանցել Չինաստանում գտնվող IP հասցեին։
Արտահոսքը հայտնաբերելուց հետո Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը անջատել է տեսախցիկների ինտերնետային կապը: Անօդաչուները մատակարարվել էին բրիտանական ՊՆ–ի կապալառու` Kraken Technology Group ընկերության կողմից, որը տեսախցիկները գնել է դրանց անվտանգությունը երաշխավորող կողմնակի մատակարարից։
Նշվում է, որ այդ անօդաչուները նախատեսվում էր գործարկել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու բրիտանական առաքելության ժամանակ։

