Սննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գրանցել է գոհացուցիչ արդյունքներ. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգոստոսի 1-ից սկսել է թիրախային վերահսկողությունը սննդամթերքի առաքման ոլորտում. ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ վերջին մեկ շաբաթում իրականացված վերահսկողական լայնածավալ միջոցառումները, որոնց ընթացքում ստուգվել է առաքում իրականացնող անձանց սանիտարական գրքույկների առկայությունը, դրական արդյունքներ է գրանցել:

Այդ մասին հաղորդագրություն է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Նշվում է, որ ստուգված 237 առաքիչներից սանիտարական գրքույկ չեն ունեցել միայն նրանք, որոնք սննդամթերքի առաքում չեն իրականացնում. սննդամթերքի առաքման համար նախատեսված հավելվածների (Յանդեքս, Գլովո և այլն) ուսումնասիրությամբ՝ այդ առաքիչների նույնականացում, որպես սննդամթերք տեղափոխողների, չի արձանագրվել։

Հիշեցնենք՝ համաձայն Սննդամթերքի անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջի՝ սննդի շղթայի ցանկացած փուլում (արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման) ներգրավված անձնակազմը պետք է ենթարկվի նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (յուրաքանչյուր կիսամյակ) բժշկական զննությունների և ունենա անձնական սանիտարական գրքույկ:

Առաքիչը սննդի շղթայի կարևոր օղակ է, որը պատասխանատու է սննդամթերքի անվտանգ ու պատշաճ տեղափոխման համար: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հետևողականորեն շարունակելու է վերահսկողությունն այս ոլորտում՝ ստուգելով սննդամթերքի առաքմամբ զբաղվող անձանց պարբերական բժշկական զննություն անցած լինելը և անձնական սանիտարական գրքույկների առկայությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31