Բաժիններ՝

Արաբ շեյխը փորձել է սեփականաշնորհման իրավունքով հողեր գնել Վայոց ձորում

Վայոց ձորի Գողթանիկ գյուղի բնակիչների համար սովորական է գյուղի և արտաքին աշխարհի հետ խզված կապը: Գյուղ գնացող ավտոբուս չկա: Գյուղացիները հարևան գյուղ կամ քաղաք գնալու համար  ստիպված են լինում կա՛մ  «ապավինել» բախտին՝ ճանապարհին հանդիպած պատահական  ավտոմեքենաներին, կա՛մ ճանապարհը «կտրել» ոտքով: Սա նրանց համար սովորական է, իսկ գյուղի հյուրերի համար խիստ արտասովոր: Այս մասին գրում է hetq.am-ը:

Ջղաձգված ժայռերը, կարծես, օղակում են շուրջ 5000 հա վարչական տարածք ունեցող գյուղը, որտեղ բնակվում է մոտ 230 բնակիչ: Գյուղում չկա մանկապարտեզ, դպրոցում էլ սովորում է 17 աշակերտ:  Գյուղապետարանը, գլխավոր փոստը և «նոստալգիկ» մանկապարտեզը տեղակայված են մեկ շենքում: Փոստի բակում «մոդելային» կեցվածքով շրջում են այծերը,  շենքի հակառակ մասում՝ տեղակայված են փեթակները, իսկ շենքի ներսում գյուղապետարանն է: Այստեղ ամեն ինչ, կարծես, հանգիստ էր, մինչև չհայտնվեց Սաուդյան Արաբիայի շեյխ Մուհամմեդ Մուսալլամը, ով շվեյցարական «ՍՎԻՍՍ ՌԵԱՌ ԷՍ.ԷՅ» ընկերության նախագահն է:

«Արաբական հեքիաթներ»՝ գյուղացիների համար 

Կարդացեք նաև

Գյուղի աղբյուրի մոտ գտնվող զրուցարանում պատահաբար հանդիպեցինք  գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Արգիշտի Նազարյանին: Նրա պատմելով՝ արաբները Գողթանիկ եկան 2012 թ. սեպտեմբերին: Այդ ժամանակ նրանք անցկացրեցին հանրային լսումներ, հանդիպումներ ունեցան գյուղի ավագանու հետ, որի արդյունքում գյուղացիներին առաջարկել էին 5000 հա վարչական տարածք ունեցող հողերից գնել  3200-ը` սեփականության իրավունքով՝ դրա դիմաց  խոստանալով բացել աշխատեղեր, բրդի մշակման գործարան, կառուցել մանկապարտեզ, խաղահրապարակ,  վերանորոգել դպրոցը, ճանապարհները:

«Իսկ ամենակարևոր խնդիրը, որ էս գյուղում կա, էն ա, որ բնակչության պակաս ունենք: Իրենք նաև խոստանում էին, որ էստեղ կբերեն նոր ընտանիքներ՝ գյուղը զարգացնելու, բարելավելու համար: Իրենց ծրագրով 80 աշխատատեղ պիտի բացվեր գյուղում, պիտի լիներ բրդի մշակման գործարան, այսինքն՝ ամեն ինչ անելու էին, և լինելու էր բարձր աշխատավարձ: Ամենացածր աշխատավարձը, իմ հիշելով, լինելու էր 150-160.000 դրամ»,- ասաց Ա. Նազարյանը: Նրա ասելով՝ արաբները գյուղ էին եկել հայերի հետ՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբոր՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի որդու՝ Արամ Աբրահամյանի հետ:

Դպրոցի ուսուցչի փոխանցմամբ՝ իրենց լսած խոսակցությունների համաձայն՝ դա լինելու էր շեյխի և Արամ Աբրահամյանի համատեղ բիզնեսը: «Հետո կառավարությունը պատճառաբանեց, որ իրավունք չկա այլազգիին հող վաճառել, ու տենց էլ հողերը չվաճառեցին, իսկ արաբները նեղացան ու գնացին»,- նկատեց գյուղի ուսուցիչը՝ տարակուսելով, որ երկարաժամկետ վարձակալությամբ կարող էին վերցնել հողերը, սակայն արաբ շեյխը չէր համաձայնել այդ տարբերակին: «Ինչի՞ էր էս գյուղն ընտրել, որովհետև ինքը գնացել էր, էս սաղ տարածքները նայել էր, բայց էս գյուղն ավելի հարմար ա անասնապահության համար, որովհետև ինքը բերելու էր ոչխարներ, որոնք մսատու ու կաթնատու էին լինելու, և դրա համար ամենահարմար տարածքը մենք ունեինք: Գյուղապետարանն էլ, ավագանիներն էլ, բոլորն էլ աջակցում էին էս ծրագրին, իրենք խոստումներ էին տալիս, և չգիտեինք, թե ինչքանով կիրականանային դրանք»,- ասաց Արգիշտին:

Երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք մտավախություններ չունեին, նա պատասխանեց. «Դե մտավախություն կար, ու հանրային քննարկման ժամանակ մեր ավագանիները բարձրացրեցին այդ հարցը, ասացին՝ բա եթե դուք թեկուզ արենդայով, ժամանակավոր վարձակալությամբ վերցնում եք, կարող ա մի օր էլ արգելեք, ասեք՝ մեր տարածք մի մտցրեք ձեր անասունը: Իրենք էդ հարցին էլ լուծում տվեցին, ասացին՝ կարանք կապենք էդ պայմանագիրը, որ ձեր անասունները արխային կարան արածեն մեր տարածքներում»: Արգիշտին կողմ էր արաբների նախագծին, քանի որ  արաբները խոստացել էին ընտանիքներ բերել, որպեսզի գյուղը բարգավաճի, իսկ դրա արդյունքում դպրոցում աշակերտների թիվն էլ կաճեր:

Մարինե Մարտիրոսյան
Վահե Սարուխանյան
Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս