Համլետ Հարությունյան. «Ավելորդ հետաքրքրասիրությունը առողջությանը վնաս ա»

«Հասարակությունը նահանջի մեջ է: Քաղաքական ուժերն էլ միատարր չեն: Վերցրեք Հանրապետական կուսակցությունը ու կտեսնեք, որ այնքան ծայրահեղություններ կան, որ չեն կարող միատարր լինել: Վերջերս հին հանրապետականներից մեկը մի միջոցառման է եղել ու զարմացել է, թե հանրապետականների մեջ էս ի՞նչ մի նոր շերտ է մտել՝ սև շոր հագածներ, կոշիկներով, նշանները՝ դոշներին, ինչ-որ խմբավորված… Այսինքն՝ իրենց մեջ էլ աննորմալ վիճակ է»,- ասել էր ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն, ի պատասխան այն հարցին, թե ՀՀԿ-ում իսկապես լարվածություն կա՞, նախ ասաց, թե ինքը հայտարարությունները չի մեկնաբանում` դա համարելով անշնորհակալ գործ, նաև, թե՝ այդ «ճղճիմ» հարցերին անդրադառնալ չի ցանկանում, սակայն արձագանքեց. «Ախր չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում՝ տարիքով, ի՞նչ է նշանակում՝ երիտասարդ: Քաղաքական գործիչը քաղաքական գործիչ է` անկախ իր տարիքից: Իսկ կոնֆլիկտները տարիքային ցենզի հետ կապված՝ պարտադիր չէ, որ լինեն: Այնպես որ՝ բարբաջանքներին ուշադրություն մի դարձրեք: Հանրապետական կուսակցության մեջ այդ երիտասարդներին առաջ են քաշել հենց ավագ ընկերները, ու դժվար թե նման կոնֆլիկտներ լինեն»:

Հարցին, թե ՀՀԿ-ում ոչ մի թեմա չկա՞, որի շուրջ տարակարծություններ լինեն, թե՞ ամեն ինչ հարթ է ընդունվում, Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Ցանկացած ընտանիքում էլ տարակարծություն լինում է: Դա զարգացման հիմքն է: Յուրաքանչյուր անհատ, իհարկե, դեպքերի ու երևույթների նկատմամբ իր անհատական կարծիքն ունի, բայց կուսակցության որոշումները, կանոնները պահելը ցանկացած կուսակցականի սուրբ առաքելությունն է»:

Նա խորհուրդ տվեց կուսակցության մյուս անդամներին՝ ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց կուսակցության ներքին կյանքին. «Քաղաքական գործիչները, չեմ կարծում, թե բարոյական իրավունք ունեն հայտնելու՝ ի՞նչ է կատարվում ՀՀԿ-ի ներսում: Մենք միաձույլ ենք, միակուռ ենք, ներքին տարաձայնություններ գոյություն չունեն մեզանում»:

Կարդացեք նաև

Մեր դիտարկմանն ի պատասխան, թե ՀՀԿ-ում լարվածության մասին խոսակցությունները սկսվեցին խորհրդարանական վերջին նիստերի ժամանակ հնչած քննադատություններից հետո, Հ. Հարությունյանը նշեց, որ ինքնաքննադատությունն էլ զարգացման հիմք է` դրական հատկանիշ. «Թող ոչ մեկը մեր մասին եզրահանգումներ չանի: Մենք ինքներս կարողանում ենք գնահատել, քննադատել, առաջ գնալ»:

Մեր նկատառմանը, թե՝ դուք էլ շատ հաճախ ընդդիմության ներքին խռվությունների մասին եք խոսում, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց, թե ինքը չի պատկանում այն մարդկանց շարքին, ովքեր հետաքրքրվում են, թե ուրիշ կուսակցություններում «ինչ կա, ինչ չկա».

«Ինձ աբսալյուտնը հետաքրքիր չի` ինչ կատարվում է, կատարվում է` իմ կամքից անկախ է: Մի բան, որը կամքից անկախ է, չեք կարող ազդեցություն ունենալ, ի՞նչ կարիք կա հետաքրքրվել: Համ էլ, ավելորդ հետաքրքրասիրությունը առողջությանը վնաս ա»:

Տեսանյութեր

Լրահոս