Պատերազմի պատմության ամենամեծ հեղափոխությունը. AI և անօդաչու թռչող սարքեր․Էրիկ Շմիդտ

Նախ, պետք է պատերազմ ուղարկել ռոբոտներին, դրանից հետո՝ մարդկանց

Էրիկ Շմիդտը Google-ի նախկին գործադիր տնօրենն է և Արհեստական բանականության (AI) ԱՄՆ ազգային անվտանգության հանձնաժողովի (NSCAI) նախկին ղեկավարը։ Այժմ նա Relativity Space ընկերության գործադիր տնօրենն է և «White Stork» ու «Swift Beat» նախաձեռնությունների միջոցով ակտիվորեն ներգրավված է Ուկրաինայի համար արհեստական բանականությամբ աշխատող ռազմական անօդաչու սարքերի տեխնոլոգիաների մշակման գործում:

Վերջերս նա զրուցել է  Noema ամսագրի գլխավոր խմբագիր Նաթան Գարդելսի հետ:

Նաթան Գարդելս. Ուկրաինայի պատերազմն ու Իրանի հետ առճակատումը, թերևս, կարելի է համարել մարդկության պատմության մեջ արհեստական բանականության և ռոբոտների առաջին պատերազմները, որոնք ներառում են զանգվածային մասշտաբի անօդաչու մարտավարություն և արհեստական բանականությամբ ապահովված բարձր ճշգրտության թիրախավորում: Հաշվի առնելով մինչ օրս արձանագրվածը՝ ինչպե՞ս եք պատկերացնում ապագայի մարտադաշտի էվոլյուցիան:

Կարդացեք նաև

Էրիկ Շմիդտ. Վերջին չորս տարիների ընթացքում ես բազմաթիվ այցելություններ եմ կատարել Ուկրաինա, և այն, ինչ տեսել եմ այտեղ, փոխել է իմ պատկերացումներն առ այն, թե ինչպես են մղվում պատերազմները: Սա զինվորական գործի պատմության մեջ ամենամեծ հեղափոխությունն է, և արևմտյան բանակների մեծ մասը դեռևս լիովին չի գիտակցել, թե դա ինչ է նշանակում:

Առաջին բանը, որ պետք է հասկանալ, այն է, որ սա այլևս պլատֆորմների պատերազմ չէ: Սա համակարգերի պատերազմ է: Վերլուծության ճիշտ միավորը ոչ թե առանձին դրոնն է, հրթիռը կամ արձակման կայանը, այլ ինտեգրված ճարտարապետությունը, որը թույլ է տալիս բանակին տեսնել, որոշում կայացնել, հաղորդակցվել, հարվածել, վերապրել և թարմացվել հակառակորդից ավելի արագ:

Ապագայում առաջնագիծը կվերածվի Առաջին համաշխարհային պատերազմի «ոչ-ոքի հողի» (no-man’s land) մի նոր տեսակի, քանի որ սենսորների ու դրոնների առկայությունը նշանակում է, որ շարժվող ցանկացած թիրախ անխուսափելիորեն կխոցվի։

Երկրորդ՝ նշված համակարգում յուրաքանչյուր սպառազինություն սպասարկվելու է արհեստական բանականության կողմից։

Երրորդ, և սա այն հարցն է, որը, ըստ իս, մարդիկ դանդաղ են ըմբռնում. ապագա պատերազմներում մարդիկ մարտադաշտ են մտնելու ոչ թե առաջինը, այլ վերջինը: Այսօր հիմնական սկզբունքն այն է, որ առաջնագիծ դուրս եկողներն առաջին հերթին մարդիկ են, իսկ տեխնոլոգիաներն ուղղակի աջակցում են նրանց: Հաջորդ պատերազմում այդ կարգը շրջվելու է։ Դուք նախ ռոբոտներին եք ուղարկում՝ կրակն իրենց վրա վերցնելու և տարածքը մաքրելու համար: Ինչպես դիպուկ բնութագրել է պաշտպանության նախկին տեղակալ և NSCAI-ում իմ նախկին գործընկեր Բոբ Վորկը. «Ապագայում, եթե շենքի դուռը մտնող առաջին էակը մարդը լինի, և ոչ թե ռոբոտը, ուրեմն մենք տխմարներ ենք»:

Նաթան Գարդելս. Արդյո՞ք ժամանակի ընթացքում ռոբոտներն ու դրոնները փոխարինելու են մարդկանց ոչ միայն կռվելիս, այլև կյանքի ու մահվան մասին վերջնական որոշումներ կայացնելիս:

Էրիկ Շմիդտ. Ոչ, մարդիկ դեռևս վճռորոշ դեր կխաղան կյանքի ու մահվան որոշումներում, բայց ժամանակակից պատերազմի ամենակարևոր մասերում մարդու և մեքենայի հարաբերություններն արդեն փոխվում են:

Այս տարվա մարտին ռուսական կորուստների 96%-ը պատճառվել էր ուկրաինական դրոնների միջոցով: Այսօր մարտադաշտում դրոնի օպերատորն ամենաթանկ թիրախն է. ուկրաինացիների համար ռուս օպերատորին ոչնչացնելն ավելի կարևոր է, քան նույնիսկ տանկ խոցելը: Հետևաբար, մարդուն մարտադաշտից հնարավորինս հեռու պահելու անհրաժեշտությունն արդեն իսկ չափազանց իրական է:

Այստեղից բնականաբար առաջանում է հարցը, թե ինչն է փոխարինելու մարդ օպերատորին մարտադաշտում։ Ապագայում մարդիկ ուղղակիորեն չեն մասնակցելու յուրաքանչյուր գործողության, այլ կլինեն համակարգի «հսկողության տիրույթում» (on the loop). նրանք կվերահսկեն, կստուգեն և կմիջամտեն միայն այն դեպքում, երբ ինչ-որ բան սխալ գնա, բայց պարտադիր չէ, որ հաստատեն յուրաքանչյուր առանձին կրակոց: Սա, ըստ էության, հրամանատարական շղթայով որոշումների պատվիրակման ալգորիթմական տարբերակն է, ինչը միշտ էլ եղել է բանակների հիմքում:

Կան երկու կարևոր գործոններ, որոնք ստիպելու են զարգացնել այս մոտեցումը: Առաջինը էլեկտրոնային պայքարի և ազդանշանների խլացման (ՌԵԲ-ի) լայն տարածումն է, ինչպես տեսնում ենք Ուկրաինայում: Երբ օպերատորի հետ կապը խզվում է (իսկ այն անպայման խզվելու է), դրոնը կամ դառնում է անպետք, կամ գործն ինքնուրույն է հասցնում ավարտին, և ցանկացած լուրջ բանակ անպայման ընտրելու է երկրորդ տարբերակը:

Երկրորդ գործոնը, որը շատ կարևոր նախազգուշացում է, այն է, ինչ ես անվանում եմ «զսպվածության անհամաչափություն»․ այս իրավիճակն ստեղծվում է, երբ հակամարտող կողմերը տարբեր կերպ են մոտենում մարտական գործողություններում արհեստական բանականության կիրառմանը, և ավելի քիչ սահմանափակումներ ունեցող կողմը հակամարտությունում առավելություն է ստանում:

Որպես զգուշացնող զուգահեռ՝ հիշենք Առաջին համաշխարհային պատերազմի թունավոր գազը: Դա սարսափելի զենք էր, որի կիրառումը նախապես բոլորը միաձայն արգելել էին, բայց հենց մի կողմն այն գործածեց, մյուս կողմն այլևս չկարողացավ դիմադրել և ստիպված եղավ պատասխանել՝ անկախ նախապատերազմյան պայմանավորվածություններից: Նույն տրամաբանությունը կարող է գործել նաև այստեղ՝ որպես տեխնոլոգիայի զարգացման բնական շարունակություն: Եթե մի կողմի դրոնները յուրաքանչյուր կրակոցի համար մարդու հաստատում են պահանջում, իսկ հակառակորդինը՝ ոչ, ապա ավելի զգույշ կողմը վտանգում է պարտվել և կորցնել իր զինվորներին: Պատմությունը ցույց է տալիս, որ սա մի դիրքորոշում չէ, որը ժողովրդավարական երկրները կարող են երկար պահպանել: Մենք պետք է գիտակցենք այս վտանգավոր միտումը դեռևս այն ժամանակ, երբ դեռ ամբողջությամբ չենք հայտնվել դրա ազդեցության տակ:

Նաթան Գարդելս. Ուկրաինայում և Իրանի շուրջ տեսանելի դարձած տեխնոլոգիաները խոստանում են ավելի ճշգրիտ պատերազմներ և համեմատաբար քիչ կողմնակի զոհեր՝ ի տարբերություն անցյալի «կույր» պատերազմների: Սակայն դրանք իրականում պատերազմն ավելի մաքո՞ւր են դարձրել, թե՞ պարզապես այլ տեղ են տեղափոխել ավերածությունները:

Էրիկ Շմիդտ. Մենք թևակոխել ենք պատերազմում «ճշգրիտ զանգվածի» դարաշրջան: Նախկինում հակամարտության ժամանակ ստիպված էիք ընտրություն կատարել զանգվածի և ճշգրտության միջև. կա՛մ անխնա ու անկանոն հրետակոծում էիք մեծ քանակությամբ զինամթերքով, կա՛մ էլ խիստ ճշգրիտ, բայց խիստ սահմանափակ քանակությամբ թանկարժեք հրթիռներ էիք կիրառում: Վերջին տարիներին, սակայն, էժան դրոնները, մատչելի GPS-ն ու մատչելի սենսորները վերացրել են այդ երկընտրանքը: Այժմ դուք կարող եք կիրառել հսկայական քանակությամբ զենքեր, որոնցից յուրաքանչյուրն անթերի խոցում է իր թիրախը: Ուկրաինայի պատերազմն ու իրանական իրադարձությունները հստակ ցույց տվեցին, թե ինչ է դա նշանակում գործնականում:

Ուկրաինայում հմուտ օպերատորների կառավարած FPV դրոնները, որոնց ես ակնատես եմ եղել, նվազագույն կողմնակի վնասներ են պատճառել: Մեծաքանակ հրետանիով ամբողջական թաղամասեր քանդող «կույր» պատերազմն անհամեմատ սարսափելի է, քան 500 դոլարանոց դրոնը, որն ուղղակի մտնում է կոնկրետ մեկ պատուհանից: Սա «ճշգրիտ զանգվածի» դարաշրջանի ամենահամոզիչ կողմն է:

Բայց այս նույն տեխնոլոգիան նաև բացահայտում է մեր գլոբալացված աշխարհի մեծ խոցելիությունները։ Իրանցիներն անում էին նույն բանը, ինչ ուկրաինացիները՝ կիրառում էին «ճշգրիտ զանգված», բայց ուրիշ նպատակով: Նրանք ալիք առ ալիք արձակում էին էժան ու ճշգրիտ մեկօրյա դրոններ՝ ԱՄՆ-ին և Ծոցի երկրներին ստիպելով պաշտպանվել չափազանց թանկարժեք հրթիռներով:

Եվ նույնիսկ երբ այդ պաշտպանությունն աշխատում է, այն իրականում չի փրկում իրավիճակը: Ենթադրենք՝ համակցված հակաօդային պաշտպանությունն ապահովում է իրանական դրոնների ու հրթիռների 97% խոցման մակարդակ Հորմուզի նեղուցում: Թվում է, թե սա փայլուն հաղթանակ է, և տեխնիկական առումով հենց այդպես էլ կա: Բայց անցած 3%-ն ավելի քան բավական է նեղուցում նավթատար տանկեր խորտակելու, նավթային տերմինալ կամ տվյալների կենտրոն շարքից հանելու համար: Եվ հենց որ դա տեղի է ունենում, ապահովագրական շուկան կատարում է հարձակվողի մնացած գործը: Նավերի երթուղիները փոխվում են, ապահովագրավճարները կտրուկ թանկանում են, իսկ էներգակիրների գները՝ անմիջապես բարձրանում։ Ստացվում է, որ պաշտպանությունը տեխնիկապես հաջողված էր, բայց ռազմավարական առումով՝ անբավարար: Այդ վերջին 3%-ն էլ փակելու և քաղաքական գործիչների պահանջած լիարժեք անվտանգությունն ապահովելու համար մեզանից պահանջվելու է շատ ավելին, քան մինչև հիմա պատկերացնում ենք:

Նաթան Գարդելս. Ի՞նչ սահմանափակումներ պետք է դրվեն որոշումների կայացման շղթայում արհեստական բանականության դերի վրա, հատկապես երբ խոսքը վերաբերում է միջուկային զենքի կառավարմանն ու հրամանատարությանը: Արդյո՞ք մարդիկ միշտ պետք է անձամբ վերահսկեն այս ամենը, և որո՞նք են վտանգները, եթե այդ վերահսկողությունը չլինի:

Էրիկ Շմիդտ. Միջուկային հրամանատարության ու վերահսկողության հարցում՝ միանշանակ այո։ Միջուկային զենքն այն բացառիկ ոլորտն է, որտեղ սխալի գինը կարող է լինել քաղաքակրթության կործանումը, և որտեղ արհեստական բանականության հաշվին գործողությունները շատ արագացնելու պահանջն ամենաքիչն է արդարացված։ Վերջին 70 տարիների միջուկային կայունության ամբողջ տրամաբանությունը հիմնված է եղել այն բանի վրա, որ սեղմ ժամկետում հերթապահող մի քանի մարդիկ հնարավորություն են ունեցել կասկածի տակ դնելու համակարգի փոխանցած տեղեկատվությունը և վերլուծելու հնարավոր քայլերը։

Մարդուն գործընթացից դուրս թողնելու վտանգն այն չէ, որ մեքենան ֆանտաստիկ ֆիլմերի պես կխելագարվի, այլ այն, որ այն կաշխատի ճիշտ այնպես, ինչպես ծրագրվել է՝ հիմնվելով սխալ տվյալների վրա, բայց այնպիսի արագությամբ, որ ոչ ոք չկարողանա այն կանգնեցնել։

Պատմությունն արդեն իսկ ցույց է տվել, թե որքան կարևոր է մարդու ներկայությունը միջուկային կառավարման որոշումներում։ Օրինակ՝ 1983 թվականի սեպտեմբերին խորհրդային մի սպա հերթապահում էր Մոսկվայի մոտ գտնվող հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող կենտրոնում։ Համակարգը զեկուցել էր, թե Միացյալ Նահանգները հինգ միջմայրցամաքային հրթիռ է արձակել։ Կանոնակարգի համաձայն՝ Ստանիսլավ Պետրովը պետք է ահազանգեր վերադասներին, ինչը գրեթե անխուսափելիորեն կհանգեցներ պատասխան միջուկային հարվածի։ Սակայն նա չարեց դա։ Նա տրամաբանեց, որ ԱՄՆ-ի իրական հարձակումը կներառեր հարյուրավոր հրթիռներ, այլ ոչ թե ընդամենը հինգը, և զեկուցեց, որ սա համակարգի սխալ է։ Եվ նա ճիշտ էր․ արբանյակները շփոթվել էին ամպերի ծայրերից անդրադարձող արևի լույսի պատճառով։ Մինչդեռ միայն արագության վրա կենտրոնացած արհեստական բանականությունը կարող էր այդ պահին նման վերլուծություն չկատարել։

Մեկ այլ կարևոր բան ևս պետք է նկատի ունենալ․ երբ արհեստական բանականությունն առաջ է շարժվում ու ներդրվում հետախուզության մեջ, այն կարող է հարցականի տակ դնել միջուկային զսպման վաղեմի հիմքերը։ Միջուկային ռազմավարությունը միշտ հիմնված է եղել այն ենթադրության վրա, որ յուրաքանչյուր կողմ ունի երկրորդ հարվածի հնարավորություն (որ անպայման կարող է պատասխանել հարձակմանը)։ Սակայն, քանի որ ԱԲ-ն ավելի ու ավելի լավ է գտնում թաքնված սուզանավերն ու շարժական հրթիռային կայանքները, այդ սկզբունքը փլուզվում է։

Ավելին՝ տվյալների այն կենտրոններն ու համակարգչային հանգույցները, որոնք «սովորեցնում» են արհեստական բանականությանը, կարող են դառնալ առանձին թիրախներ։ Սա այն թեման է, որի շուրջ Միացյալ Նահանգները, Չինաստանը և Ռուսաստանը պետք է խոսեն հենց հիմա՝ ճիշտ այնպես, ինչպես Սառը պատերազմի տարիներին միջուկային տերությունները պայմանավորվում էին զենքի փորձարկումների ու որոշակի համակարգերի սահմանափակման մասին։

Նաթան Գարդելս. Վերջում՝ կա՞ն այլ կարևոր դասեր, որոնք կարող ենք քաղել Ուկրաինայում և Իրանում առաջատար տեխնոլոգիաների կիրառությունից:

Էրիկ Շմիդտ. Պատերազմի հաշվարկներն արմատապես փոխվում են: Ռուսները նպատակ ունեն օրական 1000 «Շահեդ» դրոն արտադրել՝ Ուկրաինայի ուղղությամբ արձակելու համար, մինչդեռ Lockheed Martin ընկերությունն անցյալ տարի արտադրել է ընդամենը 600 «Փեթրիոթ» հրթիռ-որսորդ: Անկախ այն ամենից, թե ինչ դեր կխաղա արհեստական բանականությունը պատերազմում և աշխարհում, այս բացը պետք է լրացվի արդյունաբերական հզորությունների զարգացմամբ․ պետք է ստեղծել ավելի էժան ու զանգվածային այնպիսի համակարգեր, որոնք այդքան մեծ նշանակություն ունեցան ուկրաինական պատերազմում:

Ամերիկյան ռազմական դոկտրինը դեռևս հիմնված է չափազանց բարդ ու թանկարժեք զինատեսակների վրա, որոնք նախատեսված են մի այնպիսի պատերազմի համար, որն այլևս գոյություն չունի: Ռազմական ծախսերի մեծ մասն ուղղվում է այնպիսի համակարգերի, որոնց նպատակը, պատրաստման ընթացակարգերն ու բյուջեները հիմնված են այնպիսի ենթադրությունների վրա, որոնք Ուկրաինան արդեն հերքել է: Կառույցները դեռևս չեն գիտակցել, որ իրենց ռազմավարությունն ու ռեսուրսներն այլևս չեն համապատասխանում այն պատերազմին, որը նրանք ստիպված են լինելու մղել:

Ինչպես ասացի սկզբում, սա պատերազմի պատմության մեջ ամենամեծ հեղափոխությունն է: Մենք դեռ նոր ենք հասկանում՝ ինչ է սա նշանակում, և ո՛չ մեր քաղաքական առաջնորդները, ո՛չ էլ բանակները դեռևս չեն հասցրել գիտակցել այն, ինչ մեզ սպասվում է:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031