Հնդկաստանի վարչապետը վերջին 40 տարվա մեջ առաջին անգամ այցելել է Նոր Զելանդիա. երկրները ռազմավարական գործընկերություն են հաստատել
Նոր Զելանդիան և Հնդկաստանը հայտարարել են «ռազմավարական գործընկերության» հաստատման մասին, որը համագործակցություն է ներառում պաշտպանության, անվտանգության, առևտրի և տեխնոլոգիաների ոլորտներում։ AFP գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Վելինգտոն կատարած այցի ընթացքում, ինչը վերջին 40 տարվա ընթացքում հնդկական պետության ղեկավարի առաջին այցն է Նոր Զելանդիա։
Նոր Զելանդիայի վարչապետ Քրիստոֆեր Լաքսոնը Մոդիի համար դիմավորման պաշտոնական արարողություն է կազմակերպել՝ մաորի ցեղի ավանդական ողջույնով և զինվորական պատվո պահակախմբով։
Կողմերը հայտարարել են, որ նոր գործընկերության նպատակն է ամրապնդել երկու երկրների միջև կապերը և ընդլայնել Հնդկական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրականացվող համագործակցությունը։
Ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում են պաշտպանական փոխգործակցության զարգացում, այդ թվում՝ համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացում, ինչպես նաև կապերի ընդլայնում դիվանագիտության, առևտրի, մշակույթի, սպորտի և գիտության ոլորտներում։
«Ժողովրդավարական արժեքների հանդեպ մեր անսասան հավատը մեզ բնական գործընկերներ է դարձնում»,- հայտարարել է Մոդին՝ ռազմավարական գործընկերության հաստատումն անվանելով «կարևոր հանգրվան» երկու երկրների հարաբերություններում։
Առաջնորդները քննարկել են նաև Խաղաղ օվկիանոսում Չինաստանի կողմից բալիստիկ հրթիռի վերջերս կատարված փորձարկումը, որը մտահոգություն է առաջացրել տարածաշրջանի մի շարք երկրներում։ Լաքսոնը նշել է, որ Նոր Զելանդիան շահագրգռված է հնարավորինս շատ գործընկերների հետ հարաբերությունների զարգացմամբ՝ հատկապես անվտանգության և առևտրի ոլորտներում։
Ռազմավարական գործընկերության այս համաձայնագիրը դարձել է երկու երկրների մերձեցման տրամաբանական շարունակությունը՝ ապրիլին ստորագրված ազատ առևտրի պայմանագրից հետո։ Լաքսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Հնդկաստանի հետ պայմանագիրը կարող է զգալի տնտեսական օգուտներ բերել Նոր Զելանդիային։
Այդուհանդերձ, առևտրային այս համաձայնագիրը երկրի ներսում քննադատության է արժանանում այն դրույթների պատճառով, որոնք ընդլայնում են հնդիկ ուսանողների ու աշխատողների համար վիզա ստանալու հնարավորությունները։ Աջակողմյան «New Zealand First» («Նոր Զելանդիան՝ առաջինը») կուսակցության ներկայացուցիչները դեմ են արտահայտվել պայմանագրի որոշ կետերին՝ բուռն քննարկումներ առաջացնելով միգրացիոն քաղաքականության շուրջ։
Մոդիի այցը տեղի է ունենում տարածաշրջանային շրջագայության շրջանակներում, որը ներառում է նաև այցեր դեպի Ինդոնեզիա և Ավստրալիա: Այն համընկել է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի դիվանագիտական և ռազմական ներկայության ուժեղացման ժամանակահատվածի հետ։

