Բաժիններ՝

Մարկոս Ավետարանիչը և առաջին Ավետարանը

Նա Քրիստոսի 12 առաքյալներից չէր, սակայն նաև նրա շնորհիվ աշխարհին փոխանցվեց բարի լուրը։

Ո՞վ էր Մարկոս Ավետարանիչը, արդյո՞ք անձամբ ճանաչում էր Քրիստոսին: Ավետարաններում դժվար է նրա մասին տեղեկություն գտնելը: Նրա մասին կարդում ենք «Գործք Առաքելոց»-ում. «Եկավ Մարիամի՝ Մարկոս կոչված Հովհաննեսի մոր տունը, որտեղ շատերը հավաքվել ու աղոթք էին անում» (Գործք Առաքելոց 12:12)։

Մարկոսն ապրել է Երուսաղեմի առաջին քրիստոնյաների եռանդուն կյանքը: Նրա ընտանիքն օգնել է առաքյալներին: Վերնատունը, որտեղ հավաքվում էին աշակերտները, պատկանում էր Մարկոսի մորը՝ Մարիամին: Եվ պատահական չէ, որ այդ մթնոլորտում մեծանալով, Քրիստոսի մասին լսելով՝ նման ուղի է ընտրել:

«Մարկոսը կարևոր գործունեություն ծավալեց իր կյանքի ընթացքում: Նա մեծ ներդրում է ունեցել քրիստոնեության տարածման պատասխանատու գործում: Գործակցել է Պետրոս, Պողոս և Բառնաբաս առաքյալների հետ և քարոզչական գործունեություն ծավալել: Մեծ ջանք ու եռանդ է ներդրել քրիստոնեության տարածմանը»,- նշում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու խորհրդակատար Տեր Զգոն քահանա Աբրահամյանը:

Կարդացեք նաև

Հոգևորականի խոսքով՝ հայտնի է, որ Մարկոսը մասնակցել է առաքելական ժողովների: Հիսուսին չի աշակերտել, սակայն հավանական է, որ Նրան տեսել է։ Կա կարծիք, որ հենց Մարկոսն էր այն երիտասարդը, որ Գեթսեմանիի պարտեզում թողեց սավանն ու մերկ փախավ, երբ ձերբակալում էին Քրիստոսին:

Սուրբ Մարկոսի քարոզչությունը

Մարկոսը, որը կոչվում էր նաև Հովհաննես, քրիստոնեություն է տարածել Պողոս և Բառնաբաս առաքյալների հետ: Վերջինս Մարկոսի ազգակիցն էր: Մասնակցել է քարոզչական գործունեությանը՝ Եգիպտոսում, Իտալիայում, Կիպրոսում: Կրել է չարչարանքներ հեթանոսների կողմից և նահատակվել:

Կարծիք կա, որ Մարկոսը Ավետարանը գրել է հենց Պետրոս առաքյալի թելադրանքով: Պատահական չէ, որ Պետրոսը Մարկոսին որդի է անվանում իր թղթերից մեկում. «Ձեզ ողջունում է Բաբելոնում գտնվող և ձեզ նման ընտրյալ եկեղեցին, ինչպես նաև՝ իմ որդի Մարկոսը» (Ա Պետրոս 5:13): Տեր Զգոնի խոսքով՝ Ավետարանը գրվել է «Հռոմի քրիստոնյաների խնդրանքին» ի պատասխան:

Ավետարանը՝ ամենավաղ գրված

Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է: Այս Ավետարանը համարվում է ամենավաղ գրվածը: Այն նաև ամենակարճն է, շարադրանքի ոճը պարզ է և հասկանալի: Կարծես գրված է նախևառաջ հեթանոսների՝ հատկապես հռոմեացիների համար:

«Մարկոսը իրադարձությունները ներկայացնում է պատկերավոր, որպեսզի ավելի ընկալելի լինի հռոմեացիների համար: Նա ներկայացնում է ոչ թե կենսագրական տվյալներ, այլ բուն իրադարձությունները: Ավետարանում, սակայն, միայն տեղեկատվություն չէ, նկարագրված են նաև հույզերն ու ապրումները»,- նշում է Տեր Զգոնը և հիշեցնում՝ ոճային առանձնահատկություններից է նաև ավետարանական դրվագների մանրամասն նկարագրությունը: Օրինակ՝ նա նշում է, որ փոթորիկի ժամանակ Քրիստոս ննջել էր նավակի հետնամասում՝ բարձի վրա։ Նկարագրությունն օգնում է ընթերցողին՝ ամբողջական պատկեր կազմել:

Ավետարանները, մեկը մյուսին լրացնելով, ամբողջացնում են բարի լուրը, հավելում է քահանան, օգնում մեզ մեր հոգևոր ճանապարհի ընթացքին:

qahana.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031