Մեր աչքի առաջ, ռուսական տարբերակից բացի, ձևավորվում են նաև այլ «եվրասիական նախագծեր», միայն թե չքնենք․ Մարկեդոնովն՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Երևան ու Բաքու այցերի մասին

Ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Երևան ու Բաքու կատարած այցերին «Երկու աշխարհ, երկու Ուրսուլա» վերտառությամբ գրառման մեջ։

Նա արձանագրում է, որ Բրյուսելյան բարձրագույն բյուրոկրատիայի ներկայացուցիչներն ու ԵՄ երկրների մտավորականները շատ են սիրում հակադրել Եվրամիության «արժեքային քաղաքականությունն» ու «նորմատիվ ուժը» Realpolitik-ին։ Ըստ նրա, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը (մի փոքր ավելի հազվադեպ) նրանց կողմից դիտարկվում են՝ որպես արտաքին քաղաքական ռեալիզմի ցինիկ սկզբունքների կրողներ, իսկ ահա ժողովրդավարական սոլիդարիզմի առաջմղումն, իբր, բոլորովին այլ բան է։

«Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը հստակ ցույց տվեց, որ Բրյուսելին նույնպես խորթ չեն Realpolitik-ի արժեքները։ Եվ դա հրաշալի կերպով համատեղվում է «ազատությունների և ժողովրդավարության» աջակցության հետ։ Հուլիսի առաջին օրը տիկին նախագահը գտնվում էր Բաքվում։

Իր ողջ պահվածքով և հռետորաբանությամբ ֆոն դեր Լայենն ադրբեջանցի գործընկերներին ցույց էր տալիս, որ Եվրոպական հանձնաժողովը շատ ավելի կարևոր է, քան Եվրոպական խորհրդարանը։ Ինչ որոշումներ էլ ընդունեն պատգամավորները, այդ բանաձևերը հիմնականում մնում են ընթերցողների, հեռուստադիտողների և բլոգերների համար, իսկ ԵՄ գործադիր իշխանությունը շարունակելու է խորացնել համագործակցությունը Բաքվի հետ։ Անգամ, եթե ժողովրդավարության բազմաթիվ անհամապատասխանություններ բացահայտվեն։ Եվ իսկապես, այս տարվա սկզբից Կասպից ծովի տարածաշրջանից գազը հասել է Գերմանիա և Ավստրիա։

Կարդացեք նաև

ԵՄ ներմուծող երկրների ընդհանուր թիվը հասել է 10-ի (դեռևս ոչ կեսը, բայց արդեն մի փոքր ավելի, քան մեկ երրորդը)։ Ի վերջո, ժողովրդավարությունն էլ, ինչպես էլ շրջես, պետք է «տաքացնել»։ Այժմ Connectivity Partnership («Կապակցվածության գործընկերություն») արտահայտությունը դառնում է Բաքվի և Բրյուսելի հարաբերությունների առանցքային հասկացությունը։

Եվրոպայի և Ասիայի «կապակցվածությունը»՝ շրջանցելով Ռուսաստանը։ Կրկնում եմ ևս մեկ անգամ․ մեր աչքի առաջ, ռուսական տարբերակից բացի, ձևավորվում են նաև այլ «եվրասիական նախագծեր»։ Միայն թե չքնենք»,- վերլուծում է Մարկեդոնովը։

Շարունակելով՝ նա նշում է, որ Հայաստանը բոլորովին այլ գաղափարախոսական հռետորաբանության դաշտում է՝ աջակցություն «հայ ժողովրդի եվրոպական ընտրությանը»։

«Տիկին նախագահն ամեն կերպ ընդգծում էր Բրյուսելի և Երևանի համագործակցության էքզիստենցիալ բնույթը։ Թեև, եթե ավելի ուշադիր նայենք ֆոն դեր Լայենի խոստումներին, ապա երկրի՝ դեպի ԵՄ վերակողմնորոշման համար խոստացված աջակցության չափը (52 միլիոն եվրոյի փաթեթը) չի կարող ժպիտ չառաջացնել։ Իմ հայ գործարար ծանոթներից մեկը պատմեց, որ իր բիզնեսի (մեծածախ և մանրածախ ծաղկի առևտուր) համար առաջարկված «փրկության միջոցները» հավասար են իր վաճառքների առավելագույնը երկու-երեք օրվա շրջանառությանը։

Փաստորեն, տիկին նախագահի մեկնաբանությամբ ժողովրդավարությունը հասկանում է որպես ընտրություն՝ ընդդեմ Ռուսաստանի։ Այդ դեպքում կարելի է չնկատել նաև ընտրական գործընթացին վարչական միջամտության բազմաթիվ դեպքերը և զրպարտության դրսևորումները։ Արժեքներն էլ, ի վերջո, զոհեր են պահանջում»,- նշում է Սերգեյ Մարկեդոնովը։

Վերլուծաբանի որակմամբ, այսպիսով, երկու օրվա ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահը ներկայացավ և՛ որպես Realpolitik-ի ջատագով, և՛ որպես ժողովրդավարական սոլիդարիզմի պաշտպան։ «Սակայն, եթե ավելի ուշադիր դիտարկենք, ապա վերջին մոտեցման մեջ նույնպես կարելի է գտնել առաջինի տարրերը։ Դիալեկտիկա։

Եվ վերջում (վերջինն՝ ըստ հերթականության, բայց ոչ ըստ կարևորության)։ Ֆոն դեր Լայենի այցի երթուղում Վրաստանը չկար։ Եվ դա նույնպես շատ բանի մասին է խոսում։ Ժամանակին «ժողովրդավարության փարոս» համարվող երկիրն այժմ հայտնվել է, եթե ոչ՝ «սև ցուցակում», ապա՝ առնվազն խնդրահարույց պետությունների շարքում։

Նման երթուղին պայմանավորված էր Բրյուսելի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունների ներկայիս սրմամբ, որոշ վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմի կասեցմամբ և ժողովրդավարական բարեփոխումների պահանջներով (որոնք դե ֆակտո ընկալվում են՝ որպես Բիձինա Իվանիշվիլիի համակարգի ապամոնտաժում)։ «Վրացական երազանքի» գերիշխանության մեջ ԵՄ ղեկավարությունը (հատկապես՝ Եվրոպական հանձնաժողովը) տեսնում է չափազանց մեծ ներքին և արտաքին քաղաքական ինքնուրույնության դրսևորում։ Այն, ինչ թույլատրվում է Բաքվին, Թբիլիսիի համար կտրականապես արգելված է»,- այսպես է ավարտում թեմային իր անդրադարձը ռուս կովկասագետ Մարկեդոնովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031