Պուտինը հանձնարարականներ է տվել զինվորականներին
Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքների վրա զանգվածային հարվածները պետք է շարունակվեն։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական հատուկ գործողության զորքերի միացյալ խմբավորման օժանդակ կառավարման կետում զինվորականների հետ հանդիպման ժամանակ:
Նա երևակայական է անվանել Կիևի հայտարարած ռազմական հաջողությունները և ընդգծել` «եվրոպական խաղաղապահների» նպատակը խաղաղությունը չէ, այլ ռազմական գործողությունների շարունակությունը։
«Եվ մենք պետք է համապատասխան արձագանք տանք։ Ես ձեզ խնդրում եմ առաջարկներ ներկայացնել», – ասել է Ռուսաստանի նախագահը։
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ ռուսական հարվածները զգալիորեն խաթարել են Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ներուժը, մասնավորապես՝ հեռահար զենքի՝ թևավոր և բալիստիկ հրթիռների արտադրության ոլորտում։
«Մասնավորապես հուլիսի 2-ի գիշերը Կիևի ավիացիոն և էլեկտրոնիկայի արդյունաբերության հինգ կարևոր ձեռնարկություններ, որտեղ արտադրվում էին հեռահար անօդաչու թռչող սարքեր, թևավոր հրթիռներ և դրանց բաղադրիչներ, խոցվել են հեռահար ճշգրիտ զենքերով և հարձակողական անօդաչու թռչող սարքերով»,– ասել է ԳՇ պետը։
Ռուսաստանի նախագահը զորահրամանատարների առջև խնդիր է դրել անշեղորեն կատարել իրենց առջև դրված բոլոր նպատակները՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի մշակած պլանին համապատասխան։
Նա նշել է, որ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը ռազմական հատուկ գործողության գոտում և ի վերջո կհասնի հաղթանակի։ Պուտինը շեշտել է` այդ հարցում կասկած չունի։

