ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ. թուրքական ռազմարդյունաբերական համալիրը և Անկարայի նոր դերը
22 տարի անց թուրքական հողում կրկին տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը նախատեսված է հուլիսի 7-8-ը: Այդ հանդիպման նախաշեմին արդիականացվել է Թուրքիայի ռազմական ներուժի հարցը, որը երկրորդ ուժն է Հյուսիսատլանտյան դաշինքում և ավանդաբար կրիտիկական դեր է խաղում դաշինքի հարավային սահմաններին:
Ազգային ռազմաարդյունաբերական համալիրի վերելքի խորապատկերին թուրքական ընկերությունները հատկապես ձգտում են արևմտյան գործընկերներին ցույց տալ, որ կարող են բավարարել ՆԱՏՕ-ի պահանջները լայն նոմենկլատուրային սպեկտրով` անօդաչու համակարգերում, հակաօդային պաշտպանության միջոցներում, պաշտպանված կապի ապարատներում, ռադիոէլեկտրոնային պայքարի տեխնոլոգիաներում, ռազմածովային համակարգերում և այլն:
Պատահական չէ, որ օրերս լույս տեսավ Թուրքիայի նախագահի վարչակազմին կից պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Գերգյունի հարցազրույցը լեհական պարբերականին, որտեղ շատ հստակ դրված էին բոլոր կարևոր շեշտադրումները: «Թուրքիան պատրաստ է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել ՆԱՏՕ-ի պաշտպանական-արդյունաբերական էկոհամակարգում:
Դաշնակիցներին ուղղված մեր ուղերձը պարզ է. ուժեղ թուրքական պաշտպանական արդյունաբերությունն ուժեղ Հյուսիսատլանտյան դաշինք է»,- հայտարարել է ազգային ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար պատասխանատու այդ կառույցի ղեկավարը: Նա նաև ընդգծել է՝ Թուրքիայի նպատակն է ավելի արդյունավետ աջակցել ՆԱՏՕ-ի զսպմանն ու պաշտպանությանը և հաստատվել՝ որպես Ալյանսի ռազմավարական գործընկեր, որը կարող է հանդես գալ ոչ միայն որպես հուսալի մատակարար, այլև օգնել վերապատրաստման, տեխնիկական սպասարկման, արդիականացման և համապատասխան պայմանների առկայության դեպքում համատեղ արտադրության և տեխնոլոգիական համագործակցության հարցում:
Վերոշարադրյալից կարելի է եզրակացնել, որ Անկարան մտադիր է նախապատրաստվող գագաթնաժողովն օգտագործել ոչ միայն ռազմական ներուժը ցուցադրելու, այլև ՆԱՏՕ-ի արդյունաբերական մատակարարման շղթայի կենտրոնական օղակը դառնալու համար` Ալյանսի ռազմատենչ հակառուսական հայտարարությունների խորապատկերին:
Ընդ որում, պետք է խոստովանել, որ դրա համար անհրաժեշտ ազգային ենթակառուցվածքի ուրվագծերն իսկապես ձևավորվում են: Եթե դեռևս 10 տարի առաջ Թուրքիայի ռազմական արտահանումը կազմում էր 1,67 մլրդ դոլար, ապա 2025 թվականի արդյունքներով այդ ցուցանիշն աճել է մինչև 10 մլրդ դոլար և հետագայում խոստանում է աճել ըստ ցուցանիշի. միայն ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներին այն 28%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները:
Հրթիռային ներուժի զարգացումը թուրքական ղեկավարության կողմից դիտարկվում է՝ որպես երկրի տարածաշրջանային ազդեցության ամրապնդման առանցքային գործիքներից մեկը: Արևմտյան ավիացիոն տեխնոլոգիաների սահմանափակ հասանելիության և պատժամիջոցների ճնշման շարունակվող ռիսկերի պայմաններում Անկարան ձգտում է փոխհատուցել օդաչուական ավիացիայի հնարավոր հետամնացությունը բարձր ճշգրտության հրթիռային համալիրների և հարվածային անօդաչու համակարգերի զարգացման հաշվին: Ստեղծվող սպառազինության նմուշները Թուրքիային թույլ են տալիս ձևավորել ոչ միջուկային ռազմավարական զսպման սեփական ուրվագիծը և ապահովել թիրախների խոցումը պոտենցիալ հակառակորդի տարածքի զգալի խորության վրա` առանց ավիացիայի ներգրավման:
Հեռանկարում հրթիռների հեռահարության ավելացումը մինչև 1000-2000 կմ թույլ կտա թուրքական ղեկավարությանը վտանգի տակ պահել գրեթե ողջ Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրական ծովում, Հյուսիսային Աֆրիկայում և եվրոպական տարածաշրջանի զգալի մասում գտնվող օբյեկտները:
Թուրքական պաշտպանական արդյունաբերության փյունիկի վերածննդի վառ օրինակ է դարձել մայիսին Ստամբուլում անցկացված SAHA սպառազինությունների ցուցահանդեսը, որի քանակական արդյունքները խոսում են իրենց մասին: Շուրջ 1700 ընկերություններ՝ 120-ից ավելի երկրներից, 182 ստորագրված համաձայնագրեր` 8 միլիարդ ընդհանուր արժեքով (որոնցից 6 միլիարդը բաժին է ընկնում թուրքական արտահանմանը): Երկիրը ցուցադրել է ժամանակակից ռազմական տեխնոլոգիաների ամբողջական սպեկտրը` հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից մինչև ծովային համակարգեր և խելացի նշանառության սարքեր: Թուրքիան ցուցադրել է նաև հեռահար առաջին բալիստիկ հրթիռը` Yıldırımhan-ը, ծովային և ցամաքային անօդաչու սարքերի նոր նմուշներ, ՀՕՊ միջոցների ընդլայնված շարք:
Փաստացի, ըստ ռազմական մեկնաբանների, ցուցահանդեսի հինգ օրերի ընթացքում երկիրը կարողացավ հրապարակայնորեն հայտարարել իր մասին՝ որպես միջին և բարձր գնային սեգմենտի սպառազինությունների արտադրող և վաճառող՝ մի դեր, որին նա ձգտում էր 1980-ական թվականների վերջից։
Ընդ որում, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան գնալով ավելի վստահ է հանդես գալիս զենքի համաշխարհային շուկայում որպես ինքնուրույն խաղացող, նրա պաշտպանական արդյունաբերությունը բախվում է մի շարք խնդիրների, որոնք ուշադրություն են պահանջում առնվազն միջնաժամկետ հեռանկարում: Առաջին հերթին պետք է ընդգծել բաղադրիչների ներմուծումից շարունակվող ուժեղ կախվածությունը, ինչը թույլ չի տալիս ապավինել միայն սեփական ուժերին: Բացի այդ, պրակտիկան վկայում է, որ նախկինի պես սուր է մասնագետների պակասի հարցը։ Չնայած արդյունաբերությունն ակտիվորեն զարգանում է, նկատվում է բարձր որակավորում ունեցող կադրերի դեֆիցիտ, որոնք անհրաժեշտ են խոշոր նախագծերի իրականացման համար։ Հրապարակայնորեն թվերը չեն բացահայտվում, իսկ կառավարամետ լրատվամիջոցները նախընտրում են այս փաստն ընդհանրապես «լռության մատնել», սակայն ընդդիմադիր շրջանակներն արձանագրում են հեռանկարային տաղանդների արտահոսքը դեպի այլ երկրներ (առաջին հերթին՝ Հարավային Կորեա և ԱՄԷ, որտեղ աշխատավարձերի կատեգորիաները զգալիորեն բարձր են)։ Կարևոր է նաև այն, որ մրցունակությունը պահպանելու համար անհրաժեշտ է արտադրանքի տեսականու անընդհատ թարմացում և հարմարվողականություն գլոբալ անվտանգության քաղաքականության փոփոխություններին: Դեռ նոր ձևավորվող թուրքական ինժեներական դպրոցի հզորությունը միշտ չէ, որ թույլ է տալիս դա իրականացնել:
Ռուսական շահերի համատեքստում թուրքական պաշտպանական արդյունաբերության աճը երկակի եզրակացությունների տեղիք է տալիս։
Մի կողմից՝ արևմտյան գործընկերների կողմից Ռուսաստանի սևծովյան հարևանին անհրաժեշտ ռեսուրսներով (առաջին հերթին՝ ֆինանսական և նյութական) «սնուցելը» չի կարող չանհանգստացնել, քանի որ ինքնուրույն անկախ արդյունաբերություն կառուցելու կարգախոսների ներքո գործնականում տեղի է ունենում արագացված միլիտարիզացիա (ռազմականացում) երկրի հարավային սահմանների մոտ։ Բացի այդ, հետագայում թուրքական արտահանման ակտիվության աճը կարող է հանգեցնել ուղղակի մրցակցության. Անկարայի գործընկերային ցանցն ընդլայնվում է, այդ թվում` ի հաշիվ շուկաների, որոնք դեռ վերջերս համարվում էին ռուսական բացառիկ շահերի ուղեծրում: Վերջին տարիներին Թուրքիան ռազմատեխնիկական համագործակցության շուրջ 90 միջկառավարական համաձայնագիր է ստորագրել, ինչը համադրելի է Չմիավորման շարժման երկրների հետ 1960-1970-ական թվականներին ԽՍՀՄ-ի մշակած բազայի հետ: Ռուսական սպառազինության բազմամյա ցուցափեղկ և շուկա հանդիսացող Ալժիրը 2025 թվականին առաջին անգամ ներառել է թուրքական անօդաչու թռչող սարքեր։
Մյուս կողմից՝ Անկարան օգտագործում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև միջանկյալ դիրքը՝ որպես ռեսուրս, որը թույլ է տալիս նրան դուրս բերել իր արտադրանքը նոր շուկաներ և շարժվել դեպի սեփական պրագմատիկ նպատակների իրագործումը, ընդ որում` չփակվելով բացառապես քաղաքական-ռազմավարական համերաշխության վրա և հետևելով գործարար հարաբերությունների առաջնահերթության կանոնին:
Գագաթնաժողովի նախօրեին քննարկումների առաջին պլան է դուրս եկել նաև թուրքական հողում ՆԱՏՕ-ի ներկայության ասպեկտը: Գարնանն Ինջիրլիքի ռազմակայանում տեղակայվել են Patriot զենիթահրթիռային հրթիռների լրացուցիչ մարտկոցներ, հունիսին Թուրքիայի հարավ-արևելք է ժամանել գերմանական զորակազմը՝ Patriot մարտկոց և 150 զինծառայող, իսկ Կոնիա նահանգում տեղակայվել է իտալական SAMP-T զենիթահրթիռային համալիրը` «ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ուժեղացման նպատակով»: Ադանա քաղաքում նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի նոր բազմազգ կորպուսի շտաբի տեղակայումը, որը ձևավորվում է Թուրքիայի ցամաքային զորքերի 6-րդ կորպուսի հրամանատարության բազայի վրա:
Ամենից շատ հարցեր է առաջացնում ՆԱՏՕ-ի նոր ծովային հրամանատարության շտաբը Ստամբուլում: Թուրքիան արդեն սկսել է նախագծի իրականացումը: Նախարարության տվյալներով` անցյալ տարվա օգոստոսին ձևավորվել է հիմնական կազմը, որն ամբողջությամբ բաղկացած է թուրք զինծառայողներից, որոնք կդառնան հրամանատարության կորիզը: Հետագայում 14 երկրներ հայտարարեցին կառույցի ձևավորման գործում իրենց ներդրումն ունենալու մտադրության մասին՝ չնայած ծովային գործողություններին կմասնակցեն միայն Սև ծովի ափամերձ պետությունները, ներառյալ՝ Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան: Շտաբի գործարկումից հետո ակնկալվում է, որ այն ինտեգրվելու է ՆԱՏՕ-ի հրամանատարության և պլանավորման ավելի լայն համակարգին` հաշվի առնելով, որ հիմնական հովանավորներն ու մասնակից երկրները հիմնականում Ալյանսի դաշնակիցներն են:
Կրակի վրա յուղ է լցրել նաև Nordic Monitor ինտերնետ-պարբերականի վերջին հրապարակումը, որում ասվում է, որ խմբագրության տրամադրության տակ է հայտնվել պաշտպանության նախարար Գյուլերի ստորագրությամբ փաստաթուղթ, որից հետևում է, որ Թուրքիան առաջատար դեր է խաղում բազմազգ կառույցում, որը հայտնի է՝ որպես «Ուկրաինային օգնել ցանկացողների կոալիցիա», և այդ նախաձեռնության շրջանակներում Անկարան ռազմածովային հրամանատարության շտաբ է ստեղծում Ստամբուլի Բեյքոզ շրջանում` Բոսֆորի նեղուցին նայող տեսարանով: Այսպիսով, ինտերնետ-պորտալի վերլուծաբանները եզրակացնում են, որ Թուրքիան առաջին պլան է մղվում ՆԱՏՕ-ի աջակցությամբ անվտանգության ապահովման գործում, որն ուղղված է հավասարապես և Ուկրաինային աջակցելուն, և Սևծովյան տարածաշրջանում Արևմուտքի ազդեցության ուժեղացմանը:
Թեև թուրքական իշխանությունները պնդում են, որ նոր նախաձեռնությունը կմնա ազգային հրամանատարության ներքո և կգործի Մոնտրյոյի կոնվենցիային լիովին համապատասխան՝ Գյուլերի ստորագրությամբ հրապարակված փաստաթղթի մանրամասները մատնանշում են ՆԱՏՕ-ի պլանների հետ շատ ավելի սերտ ինտեգրում, քան այն, ինչին Անկարան նախկինում համաձայնում էր Սևծովյան տարածաշրջանում։ Մտահոգության լրացուցիչ առիթ են հանդիսանում այն նշանները, որ առանցքային օպերատիվ պայմանավորվածություններն արդեն քննարկվել և հստակեցվել են Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակցությամբ:
Եթե հրապարակվածը համապատասխանում է իրականությանը, ապա հազիվ թե կարող է հավակնել սենսացիայի, քանի որ հերթական անգամ միայն հաստատում է Թուրքիայի եվրաատլանտյան համերաշխության հայտնի կուրսը, որի մասին թուրք քաղաքական գործիչները բազմիցս հրապարակավ հայտարարել են:
Ավելին, նման դասավորությունը՝ իրագործման դեպքում, կմարմնավորի փորձագիտական շրջանակներում շրջանառվող այն ենթադրությունը, թե ԱՄՆ-ը «պատվիրակում է» տարածաշրջանում իր առաջնորդական լիազորությունները Թուրքիային՝ Մերձավոր Արևելքի գործերին Վաշինգտոնի ուղղակի ներգրավվածության աստիճանական հեռացման և նվազեցման խորապատկերին։ Իսկ եթե այդ հրապարակումը կանխամտածված «լցոնում» է, ապա այդ դեպքում դա վկայում է այն մասին, որ շարունակվում է Թուրքիայի կանխամտածված առճակատումը Ռուսաստանի հետ, ինչի արդյունքում Անկարայի համար ավելի դժվար կլինի հավասարակշռել Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև:
Ամեն դեպքում, գալիք գագաթնաժողովը, ընթացիկ արդիական թեմաներից բացի, խոստանում է դառնալ յուրօրինակ «լակմուսի թուղթ», որը ցույց կտա ոչ միայն եվրաատլանտյան հանրության առաջնահերթությունների, այլև Արևմտյան անվտանգության տարածաշրջանային և գլոբալ ճարտարապետության մեջ Թուրքիայի փոխակերպվող դերի գլխավոր ուղղությունները:
Մարիա Կոլեսնիկովա
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

