Կուբան նավահանգստային բիզնեսը դուրս է բերում պատժամիջոցների տակ գտնվող «GAESA» ռազմական կոնգլոմերատի կազմից
ԱՄՆ պատժամիջոցների ներքո գտնվող և կղզու տնտեսության զգալի մասը վերահսկող Կուբայի պետական ռազմական «GAESA» կոնգլոմերատն իր նավահանգստային բիզնեսն առանձնացրել է որպես առանձին կառույց, հաղորդում է AFP-ն։
Ոլորտային աղբյուրների տվյալներով՝ այս քայլն արվել է մատակարարումներն ապաշրջափակելու փորձերի ֆոնին, որոնք վերջին ամիսներին բարդացել են պատժամիջոցների ճնշման պատճառով։
«GAESA»-ն դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մայիսի 1-ին սահմանված լայնածավալ սահմանափակումների հիմնական թիրախը։ Պատժամիջոցներն առնչվել են էներգետիկ, պաշտպանական, լեռնահանքային, ֆինանսական և այլ ոլորտներին, որոնք մեծապես վերահսկվում են այս խմբի կողմից։ Սահմանափակումները տարածվում են նաև «GAESA»-ի հետ համագործակցող օտարերկրյա ընկերությունների և նավագնացային գծերի վրա, ինչը հանգեցրել է մի շարք ներդրողների հեռացմանը և բարդացրել է կղզու վառելիքի մատակարարումը։
AFP-ի փոխանցմամբ՝ «Terminal de Contenedores Mariel SA» ընկերությունը, որը կառավարում է Մարիելում Կուբայի խոշորագույն առևտրային նավահանգիստը և մտնում է «GAESA»-ի լոգիստիկ ստորաբաժանման մեջ, իր ակտիվները վաճառել է տրանսպորտի նախարարությանը ենթակա «Coral Maritima SA» ընկերությանը։ Հունիսի 16-ի հայտարարության մեջ, որին ծանոթացել է գործակալությունը, նշվում է, որ ակտիվները փոխանցվել են նոր կառույցին։
«Coral Maritima»-ն մտնում է պետական նավահանգստային խմբի մեջ և զբաղվում է նավագնացության ոլորտում ներդրումներով, սակայն ձևականորեն (ֆորմալ առումով) կապված չէ «GAESA»-ի հետ։
Այս փոփոխություններից հետո համաշխարհային մի շարք խոշորագույն լոգիստիկ օպերատորներ, այդ թվում՝ ֆրանսիական «CMA CGM»-ը և գերմանական «Hapag-Lloyd»-ը, մայիսի կեսերին կասեցրել էին դեպի Կուբա իրականացվող մատակարարումները՝ վախենալով կոնգլոմերատի հետ կապերի պատճառով առաջացող պատժամիջոցային ռիսկերից։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք այս վերակազմավորումը կհանգեցնի փոխադրումների վերսկսմանը։
Դրան զուգահեռ՝ «GAESA»-ն դուրս է եկել Հավանայում գտնվող «Miramar Trade Center» բիզնես կենտրոնը կառավարող համատեղ ձեռնարկությունից։ Նախագծին մասնակցող բրիտանական «CEIBA Investments» հիմնադրամը հայտարարել է, որ այժմ ինքն է ամբողջությամբ վերահսկում օբյեկտը։
Ըստ գնահատականների՝ այս փոփոխությունները կարող են լինել երկրի տնտեսության մեջ «GAESA»-ի դերի ավելի լայն վերափոխման մի մասը։ Կոնգլոմերատը ստեղծվել է 1990-ական թվականներին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, որպես արտարժույթ ներգրավելու մեխանիզմ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ «GAESA»-ն անվանել է «պետություն պետության մեջ»՝ պնդելով, որ այս կառույցը կուտակում է շահույթը ի շահ նեղ էլիտայի։
ԱՄՆ Պետդեպարտամենտի գնահատմամբ՝ «GAESA»-ն վերահսկում է Կուբայի տնտեսության 40-ից մինչև 70%-ը։

