Ես հոգնած եմ, պարզապես ուզում եմ վայելել պահը․ Մեսսի
Աշխարհի 2026 թվականի առաջնությունում Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին շարունակում է փայլել և վերաշարադրել ֆուտբոլային պատմությունը։ Խմբային փուլի մեկնարկային երկու խաղերում արգենտինացին դարձել է 5 գոլի հեղինակ՝ նպաստելով իր թիմի վստահ ելույթներին։
Մրցաշարի առաջին խաղում Ալժիրի դարպասը հեթ-տրիկ ուղարկելուց հետո (3:0), Մեսսին դուբլի հեղինակ դարձավ նաև Ավստրիայի ընտրանու հետ դիմակայությունում (2:0): Այս գոլերի շնորհիվ Լեոն Աշխարհի առաջնություններում իր խփած գնդակների քանակը հասցրեց 18-ի՝ շրջանցելով Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեի պատմական ռեկորդը (16 գոլ) և դառնալով մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն։
Չնայած պատմական նվաճմանը՝ Ավստրիայի դեմ խաղը հեշտ չտրվեց աշխարհի գործող չեմպիոններին։ Մեսսին խոստովանել է, որ հանդիպման ընթացքում ունեցել է դժվար պահեր, մասնավորապես՝ վրիպել է 11-մետրանոցից․
«Եղան պահեր, որոնք ինձ հիասթափեցրին, ինչպես օրինակ՝ չիրացրած 11-մետրանոցը, բայց ես կարողացա արագ ուշքի գալ»,- նշել է հարձակվողը Արգենտինայի հավաքականի X-ի պաշտոնական էջի հետ զրույցում։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք խաղից առաջ մտածում էր Կլոզեի ռեկորդը գերազանցելու մասին, արգենտինացին ընդգծել է, որ գլխավորը թիմային հաջողությունն է.
«Մենք մտածում էինք միայն հաղթելու մասին։ Գիտեինք, որ յուրաքանչյուր հանդիպում բարդ է լինելու, և ոչ մի մրցակից մեզ ոչինչ չի նվիրի: Խաղն Ավստրիայի դեմ ինտենսիվ էր, ոչ մի րոպե չէր կարելի թուլանալ: Ես երջանիկ եմ, քանի որ այս հաղթանակը մեզ հեշտ չտրվեց: Գոհ եմ արդյունքից և 1/16 եզրափակիչ դուրս գալու փաստից։ Մեզ համար կարևոր էր վաստակել 6 միավոր՝ հաջորդ շաբաթը հանգիստ դիմավորելու համար»:
Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե արդյոք Մեսսին ունի իր սիրելի գոլը ԱԱ-ներում խփած 18 գնդակներից։
«Անկեղծ ասած, նույնիսկ չգիտեմ։ Չեմ կարող հիշել։ Ես հոգնած եմ, հիմա ինձ համար դժվար է մտածել։ Պարզապես ցանկանում եմ վայելել պահն ու տոնել հաղթանակը թիմակիցներիս հետ»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Աշխարհի 2026 թվականի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։
ArmSport

