«Ուսուցողական» մեսիջ Փաշինյանին՝ Բաքվից
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ում հետընտրական իրադարձությունների ֆոնին Դիլիջանում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումն իր հանձնարարականով է տեղի ունեցել, որի ժամանակ, ըստ ԱԽ պաշտոնական տեղեկատվության, քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։
«Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որ Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի, թե կա՞ արդյոք հետաքրքրություն, այսինքն՝ նման անհրաժեշտություն կա՞, թե՞ չէ»,- ասել է նա:
Իսկ երեկ էլ ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը Հաջիև-Գրիգորյան հանդիպմանն անդրադառնալով` նշել է, որ դրա կազմակերպմամբ փորձ է արվել կառավարել կոնկրետ սպառնալիք:
«Արտաքին աշխարհում և ոչ միայն Ադրբեջանում կարող է հարց ծագել՝ ՀՀ-ում 500.000 քաղաքացի կա՞, որ մտածում է՝ պետք է ծովից ծով Հայաստանը գնալ վերցնել, կամ՝ Ղարաբաղը հետ բերել, կամ՝ գնալ Ղարաբաղ, վերանայել խաղաղության համաձայնագիրը, և այն, ինչ գրված է համաձայնագրում, ոչինչ, մենք դա չենք անի՞, 500.000 հազար քաղաքացի կա՞:
Եթե ընկալումը լինի այնպես, որ էդքան մարդ կա… Մեզ պետք է սահմանադրական մեծամասնություն, որ մենք բացառենք պատերազմը, եթե մենք հիմա չկառավարենք էս իրավիճակը, և ընկալում ստեղծվի, որ ՀՀ-ում 500.000 մարդ կա, որ ասում է՝ պիտի Ղարաբաղի շարժումը շարունակենք, այսինքն, պատերազմի եռագլուխ կուսակցության օգտին արձանագրած ձայների գումարն եմ ասում, դա լրջորեն կսրի ռազմաքաղաքական վիճակը ՀՀ-ում, մանավանդ այն պայմաններում, երբ այսօր ունենք նոր բանակ: Այսինքն, կարա հարց առաջանա՝ կարող է էդ բանակը հայտնվի էն մարդկանց ձեռքում…»,- շարունակել է նա:
Այսինքն, Փաշինյանը փորձել է Հաջիևի միջոցով Ալիևին վստահեցնել մի քանի բան՝ ՀՀ-ում չկա այնքան մարդ, որ ցանկանա Արցախը հետ բերել և պատերազմ սկսել, ինչում մանիպուլյացիա կա, քանի որ ՀՀ-ում անգամ ընդդիմադիր ուժերը չեն խոսել պատերազմի կամ ուժով Արցախը հետ բերելու մասին: Բայց սա չի խանգարել, որ Փաշինյանը ռազմաքաղաքական իրավիճակի սրման պատասխանատու ճանաչի իր քաղաքական հակառակորդներին, կարճ ասած՝ ընդունի, որ ՀՀ-ում կան «ռևանշիստական ուժեր»:
Երկրորդ, Փաշինյանը, լինելով երկրի ղեկավար, Ալիևի օգնականին փաստացի հաշվետու է լինում, թե իրենց ստեղծած նոր բանակը չի կարող սպառնալիք դիտվել, կամ՝ պատերազմական պլանների մասնակից լինել:
Մի մարդու, ով, ինչպես մեր՝ «Հիքմեթ Հաջիևի ՆԱՏՕ-ական ձախողումների մասին, ինչո՞ւ է նա ուզում պատժված տեսնել Դավիթ Տոնոյանին, ինչո՞ւ է ատում հայկական բանակը» վերտառությամբ հոդվածում ենք գրել, ՀՀ իշխանություններից պահանջել է պատասխանատվություն կրել «Գյանջայի դեպքերի» համար, և սահմանափակումներ մտցնել ՀՀ զինված ուժերի նկատմամբ, այդ թվում՝ սպառազինությունների մատակարարման հարցում: Բայց սա հետ չի պահում Բաքվին թիրախում պահել ՀՀ զինված ուժերին առնչվող ցանկացած իրադարձություն:
Մասնավորապես, հունիսի 17-25-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվելու է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը, որին այս տարի մասնակցելու են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի (250 մասնակից), Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի (58 մասնակից), Ֆրանսիայի (24 մասնակից), Հունաստանի (11 մասնակից) զինված ուժերի զինծառայողները:
Այսինքն, դե ֆակտո զուտ հայ-ամերիկյան զորավարժություն չի դառնում, թեև բովանդակությունն անփոփոխ է՝ խաղաղապահ գործողությունների շրջանակում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակի բարձրացում, կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակման իրականացում, ՀՀ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդում:
Եվ միայն վերը նշված փաստն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մերձակա caliber.az-ին տարբեր ենթադրությունների տեղի է տվել, ընդ որում, քարոզչական այս լրատվամիջոցը չի թաքցրել, որ փորձ է անում միջամտել ՀՀ ներքին գործերին: Խոսքը, մասնավորապես, caliber.az-ով հեռարձակվող Սամիտ Ալիևի՝ «Անհարմար ճշմարտություն» հաղորդման մասին է:

«Կանզասի ազգային գվարդիան ԱՄՆ Զինված ուժերի ռեզերվի մի մասն է: Գվարդիականները ենթարկվում են ինչպես Կանզասի նահանգապետին՝ նահանգի ներսում արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար, այնպես էլ դաշնային կառավարությանը՝ համաշխարհային ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Դե, այստեղ նույնիսկ որևէ բան մեկնաբանելը դժվար է։ Ընդ որում, ուշադրություն դարձրեք, զորավարժությունների 4 մասնակիցներից 2-ն այն երկրներն են, որոնք իրենց ժամանակին ամեն կերպ աջակցում էին հայկական «սեպարատիզմին»՝ ինչպես Օսմանյան կայսրությունում, այնպես էլ՝ Ադրբեջանում»,- նկատում է Սամիտ Ալիևը, ով մի կողմից մեջբերում է ՀՀ պաշտպանության պաշտոնական հաղորդագրությունը զորավարժության նպատակների մասին, մյուս կողմից՝ ակնարկում, թե այս կամ այն երկրի հետ զորավարժությունների անցկացումը բացառապես ՀՀ-ի որոշելիքն ու ներքին հարցն է, որի հետ ադրբեջանցի վերլուծաբանը համաձայն չէ:
«Մենք իրար չափից լավ գիտենք, և կամա թե ակամա ՀՀ ինչ-ինչ ներքին գործեր դառնում են նաև Ադրբեջանի գործը»,- շեշտում է Ալիևը՝ ակնարկելով, որ երկու երկրների միջև ցանկացած կոնֆլիկտ դա պատուհան է արտաքին ուժերի մանիպուլյացիաների և նրանց իսկ կողմից սեփական ազդեցության ամրապնդման համար:
«Միշտ ավելի լավ է գերագնահատել, սա ցանկացած իրեն հարգող երկրի հետախուզության առաջնային կանոններից է: Իրեն հարգող պետությունը երբեք չի ապավինում կասկածելի թեզիսներին կամ հաշվարկներ անում դրանց հիման վրա՝ դե հո նորից նրանք չեն… Ոչ, իրեն հարգող պետությունը միշտ գործում է՝ ելնելով այն փաստից, որ դրանք անպայման կլինեն…»,- ակնարկում է «Անհարմար ճշմարտություն» հաղորդման հեղինակ Սամիտ Ալիևը:
Այսինքն, նա անուղղակի ՀՀ գործող իշխանություններին հասկացնում է, որ չի կարելի երբեք բացառել պատերազմը, չի կարելի շարժվել և ռազմական և քաղաքական պլաններ գծել՝ ելնելով երևացող կամ ցուցադրվող խաղաղությունից, համենայնդեպս իրենք այս պարզ ճշմարտությունը չեն մոռանում:
Ավելին, ադրբեջանական քարոզչամեքենան հօդս է ցնդեցնում Փաշինյանի պնդումներն իր ղեկավարած երկրի ինքնիշխանության մասին, պնդելով, որ Բաքուն իրավունք ունի միջամտելու ՀՀ-ի ներքին գործերին, եթե դրանք հատկապես անվտանգային հարցեր են: Բայց սրան կամ «Արծիվ գործընկեր» խաղաղապահական զորավարժություններին զուգահեռ՝ Թբիլիսիին մերձակա Մուխրովանիի ռազմաբազայում անցկացվում են «Կովկասյան արծիվ-2026» (Caucasian Eagle-2026) մարտավարական հատուկ զորավարժությունները, որին մասնակցում են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը, և Հայաստանը բացարձակ չի մտահոգվում, առնվազն՝ հրապարակային: Կասեն՝ սրանք տարածաշրջանային երկրներ են, բայց Ադրբեջանը միայն տարածաշրջանային երկրների հետ չէ, որ զորավարժություններ է անցկացնում, ընդ որում, ոչ խաղաղապահների:
Կամ՝ Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում է, որ չպետք է հիշել ղարաբաղյան կոնֆլիկտը, Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, պետք է հայտարարություններով, սիմվոլիկայով դուրս գալ այդ շրջափուլից, բայց Ալիևն ամեն անգամ հիշեցնում է հայկական կողմի «գործողությունները» և պնդում՝ չեն մոռանալու:
Վերջին թարմ օրինակը, որ չեն մոռանալու երբեք, թե ինչպես են հայ «օկուպանտներն իրենց մզկիթներում խոզեր և կենդանիներ պահել»: Բայց Ալիևը հերթական անգամ չեզոքացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող Փաշինյանի պնդումները: Իսլամական բանկի տարեկան հավաքի բացման արարողությանը նա հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, որոնք ունեին խաղաղության հասնելու և «իրենց տարածքներն օկուպացիայից» ազատելու մանդատ, չէին կարողանում ստիպել Հայաստանին հեռանալ «Ադրբեջանի տարածքից»։
«Բանակցային գործընթացի սկզբում մենք մեծ հույսեր ունեինք։ Մենք ձգտում էինք հարցի լուծմանը հասնել խաղաղ ճանապարհով, փորձում էինք խոշոր տերություններին հասցնել, որ ճշմարտությունը մեր կողմն է։ Մեր տարածքներն օկուպացված էին։ Նայե՛ք քարտեզին՝ հայկական զորքերը մեր տարածքում են։ Բայց ի պատասխան՝ մենք լսում էինք՝ գնացեք և պայմանավորվեք։ Դա ուղերձներից մեկն էր։ Երկրորդը, որ լուծման այլ ճանապարհ չկա։ Երրորդը՝ դուք չեք կարող պատերազմ սկսել։ Չորրորդը՝ եթե պատերազմ սկսեք, ձեր դեմ պատժամիջոցներ կկիրառվեն»,- մանրամասնել է Ալիևը:
Այսինքն, ԵԱՀԿ ՄԽ-ն առնվազն կարողացել է զսպել լայնամասշտաբ պատերազմը, եթե անգամ եղել է ընկալում, որ իրավիճակը մի օր կպայթի, բայց Արցախի հարցի շուրջ բանակցային գործընթացի համատեքստում ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը տարակարծիք չեն եղել, թե ինչ եղավ հետո՝ տեսանք բոլորս, ինչ է կատարվում այսօր՝ տեսնում ենք, ինչ է լինելու վաղը՝ ենթադրելի է, քանի որ Հայաստանը գործոն չէ, մեծ հաշվով, այն ազդեցիկ ձայնի իրավունք չունի:
Իսկ Բաքվի վախերը բացարձակ Փաշինյանի իշխանության հետ չեն ասոցացվում, այլ հայ ազգի, հայկական բանակի, որը, թեև այսօր Փաշինյանը չի դիտարկում որպես անվտանգային լուրջ գործոն, բայց Ադրբեջանը չի բացառում դրա հզորացումը, ուստի իր պլանները կառուցում է ոչ թե՝ ըստ երևացողի, այլ՝ ըստ չերևացողի և հնարավորի:
Իսկ Փաշինյանի իշխանությունն ապրում է ներկայով և չի փորձում տեսնել անգամ երևացողը, օրինակ, որ Բաքուն փորձում է միջազգային հանրության համար ընկալելի դարձնել «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի իրավունքը, և այս հարցում ՀՀ պարտավորությունը…

