ԿԸՀ-ում հանցագործություն է կատարվել. մանդատներից հրաժարվելը թույլի պահվածք է. չպետք է մտնել ՔՊ-ի թելադրած օրակարգի մեջ. Տիգրան Թորոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- ՔՊ-ն այս խայտառակ ընտրություններով գերազանցեց ինքն իրեն նաև այն առումով, որ մինչ այս հետխորհրդային հատվածում նման «կեղտոտ» ընտրություններ երբեք չեն եղել. իշխանությունն անցավ բոլոր թույլատրելի և անթույլատրելի սահմանները: Բազմաթիվ են խախտումները, իրավապահ մարմինների խայտառակ կիրառումը, օրենքի ու Սահմանադրության ոտնահարումը, գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդին՝ Սամվել Կարապետյանին, տևական ժամանակ անազատության մեջ պահելը, արտաքին միջամտությունը բոլոր ուղղություններով, և այլն… Ցավոք, Փաշինյանը ձեռք է տալիս արտաքին աշխարհում բոլորին, որովհետև նա կատարում է ամեն ինչ, ինչ նրանից պահանջում են:
- Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ամփոփեց ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ արդյունքները չեղարկված 3 ընտրատեղամասերում վերաքվեարկություն չի լինելու: Ու այսօր Վահագն Հովակիմյանի անունից մի լավաշ տեքստ է տարածվում, որն իբր հիմնավորում է դա… Սա երեսպաշտություն է և հանցագործություն, որովհետև «Ընտրական օրենսգրքում» սևով սպիտակի վրա գրված է, որ եթե չեղարկումն ազդել է արդյունքների վրա, պետք է լինի վերաքվեարկություն:

Ներկայացնենք ՀՀ «Ընտրական օրենսգրքի» համապատասխան հոդվածը.
Հոդված 101. Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն նշանակելը, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը
1. Եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա Ազգային ժողովի ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն:
2. Եթե Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկության ընթացքում կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն:
3. Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո` 7-րդ օրը: Այս դեպքում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվարկվում են վերաքվեարկության օրվանից:
4. Ազգային ժողովի ընտրությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 15, և ոչ ուշ, քան 30 օր հետո սույն օրենսգրքով սահմանված կարգով և կուսակցությունների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն:
5. Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 70 օր հետո անցկացվում է նոր հերթական ընտրություն: Նոր հերթական ընտրության դեպքում Հանրապետության նախագահը քվեարկության օրը նշանակելու մասին հրամանագիրն ընդունում է Ազգային ժողովի ընտրությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո` 7-րդ օրը:
6. Նոր հերթական ընտրությունն անցկացվում է նոր առաջադրմամբ և արտահերթ ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում:
- 3 ընտրատեղամասերում քվեարկել է մոտ 3600 մարդ. ակնհայտ չէ՞, որ եթե անգամ այդ տեղամասերում նույն ձևով կրկնվեին քվեարկության արդյունքները, ԲՀԿ-ն անցնում էր Խորհրդարան. ընդդիմադիր այդ կուսակցությունն ունենում էր մինիմալ անհրաժեշտ 159 քվեն:
- Մանդատների բաշխման մեջ տեղի է ունեցել խախտում: Իրականում եթե քվեարկությունը չեղյալ ես հայտարարում, այդպիսով դու ընդունում ես, որ զինվորականների քվեարկության ժամանակ տեղի է ունեցել միջամտություն՝ հօգուտ իշխող կուսակցության: Բայց փաստ է, որ չեղարկումից հետո միայն «Բարգավաճ Հայաստանն» է, որ տուժում է. այսինքն՝ մյուս կուսակցությունների մանդատները ոչ ավելանում էին, ոչ պակասում, և միայն ԲՀԿ-ն էր, որ դուրս էր թողնվում Խորհրդարանից: Այսինքն՝ մանդատների բաշխումը տեղի է ունեցել ապօրինի, իսկ դա ընտրության արդյունք է: Հետևաբար՝ գուշակության, ենթադրության ոչ մի բան չկա: Սահմանադրական օրենքի պահանջը միանշանակ է:

- Իշխանությունների կողմից կատարվել է հանցագործություն:
- Էդ 3600 ընտրողներն ընտրո՞ղ չեն, որ նրանց ձայներն էդպես ոչնչացվում են… Բա այլ ուժերին ձայն տվողների իրավունքները չե՞ն ոտնահարվել: ԲՀԿ ընտրողների իրավունքները չե՞ն ոտնահարվել: Վստահ եմ՝ մի օր գալու է այդ օրը, և նրանք, ովքեր ակնհայտորեն խախտում են երկրի գլխավոր օրենքներից մեկը, ովքեր այսօր քրեական հանցագործություն են կատարում՝ խախտելով երկրի գլխավոր քաղաքական մարմնում ուժերի դասավորվածությունը, քրեական պատասխանատվության են ենթարկվելու:
- Երբ ընտրություններն ավարտվում են, հաջորդ օրվանից սկսվում է հաջորդ ընտրություններին պատրաստվելու գործընթացը: Ցավոք, Հայաստանում, հաջորդ ընտրություններին պատրաստվում են 3-4 ամիս առաջ:
- Այս Խորհրդարանի ընդդիմադիր հատվածը ստացել է նոր հնարավորություն. Դա իր ձայների քանակն է, և այդ հնարավորությունը պետք է օգտագործվի: Չպետք է մտնել ՔՊ-ի թելադրած օրակարգի մեջ, պետք է ցույց տալ հասուն քաղաքական ուժի վարք: Չպետք է հրաժարվել մանդատներից. Հրաժարվելը թույլի պահվածք է: Ի վերջո, իրենց ձայն տված մարդիկ նրանց ձայն են տվել աշխատելու համար:
- Ընդդիմության այդ մանդատները ոչ մի ուժինը չեն, իշխանություն լինի թե որևէ այլ մեկը, իրավունք չունի վերցնել ու այդ մանդատները տալ ուրիշի: Այդ մանդատները ժողովրդինն են, բայց մենք արդեն տեսել ենք, որ այս իշխանությունն ունակ է ամեն ինչի, ինչ ասես՝ կարող են անել… Ուրեմն պետք է վերցնել մանդատներն ու լուրջ աշխատանք տանել Խորհրդարանում: Եթե Խորհրդարանում ընդդիմադիր ուժերից մանդատագողություն լինի, դրա պատասխանատուն ոչ միայն տվյալ ընդդիմադիր քաղաքական ուժերն են լինելու, այլև նրանց ընտրող մարդիկ: Պատգամավոր դառնալը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն:
- ԿԸՀ-ում կային ընտրությունների արդյունքներն առհասարակ չեղարկելու դիմումներ, սակայն չկար կոնկրետ երեք տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին դիմում: Իհարկե, «Ընտրական օրենսգրքում» արդեն իսկ ասվում է, որ պետք է վերաքվեարկություն արվեր, բայց կարծում եմ՝ նաև պետք է լիներ դիմում, և դա հնարավորություն կտար այդ խնդիրն օրակարգի հարց դարձնել: Չեմ ասում՝ դա 100%-ով կազդեր ԿԸՀ որոշման վրա, բայց նախ հասարակությունը կիմանար՝ ինչու պետք է դա արվեր, բացի դրանից, Սահմանադրական դատարանում էլ դա կարող էր լինել կարևոր փաստարկ:
- Երեկ ԿԸՀ-ում հանցագործություն է կատարվել ոչ միայն ԲՀԿ-ի, այլև քաղաքացիների ու պետության նկատմամբ:
- Միշտ ասել եմ՝ եթե ուզում ենք, որ երկրում լիարժեք աշխատող իշխանություններ ձևավորվեն, պիտի առողջացնենք կուսակցությունները:
- Ընդդիմության կողմից Սահմանադրական դատարան դիմելն անհրաժեշտ է. ի վերջո, պայքարը բոլոր ուղղություններով պետք է տարվի:
- Եթե մանդատները չվերցնեն, ու այդ տեղերը թափուր մնան, իշխանության համար ոչ մի խնդիր չկա ևս մի ապօրինություն անելու ու այդ տեղերը յուրայիններով լրացնելու ու իրենց նպատակներին հասնելու համար: Իսկ իշխանությունների նպատակներից մեկն առնվազն ակնհայտ է՝ Սահմանադրության փոփոխություն՝ Ալիևի պահանջը, ինչը ՔՊ-ն չի կարող անել ուժերի այս դասավորվածության պարագայում:

- Ինչպես նախորդ՝ 2021-2026թթ. Խորհրդարանը 5 տարիների ընթացքում, այնպես էլ հիմա Փաշինյանը լեգիտիմ իշխանություն չունի:
- Ընտրության չգնացողներն ընդդիմության աջակիցներն են: Նախորդ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի ձայները ոչ մի կերպ ավելանալու միտում չունեին, սակայն թեկուզ փոքր, 4%-ով, բայց ավելացել են: Ակնհայտ է, որ դա արվել է ապօրինի մեխանիզմով:
- Ազդեցիկ պետությունները ՔՊ-ին ո՛չ աջակցում են, ո՛չ գնահատում. նրանց համար այսօրվա իշխանությունը ցանկալի է, որովհետև, հակառակ սեփական ազգային և պետական շահի, նա անում է այդ պետությունների համար շահեկան քայլեր: Եթե մենք քայլ չենք անում, այլ պետություններից ակնկալելու բան չպետք է ունենանք:
- Միջպետական հարաբերություններում շատ հաճախ սեղանին առկա փաստաթղթերն են, որ խոսակցության սկիզբ են դառնում, անգամ, երբ նոր իշխանություն է եկել, ու այդ թղթերի բովանդակությունը նրան հաճելի չէ: Հետևաբար՝ ընտրություններից առաջ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան գալը և հապշտապ երկկողմ փաստաթղթեր նախաստորագրելն անհարգալից վերաբերմունք էր Հայաստանի ընտրողների, քաղաքացիների նկատմամբ: Կարող էին սպասել, ընտրություններից հետո ստորագրել, բայց երևի թե նրանք էլ մտավախություն ունեին այս իշխանության վերընտրության մասով: ԱՄՆ-ի և Հայաստանի միջև նախաստորագրված այդ փաստաթղթերում Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի հարգվում, որևէ խոսք չկա դրա մասին: Այդ փաստաթղթերը Հայաստանի համար մեծ վտանգներ են պարունակում:
- Ըստ այդ փաստաղթերի՝ Հայաստանի տարածքի երկրաբանական տվյալները պետք է տրամադրվեն ԱՄՆ-ին. դա նշանակում է, որ ինչ Ամերիկային դուր գա այստեղից, կարող է վերցնել (ինչպես եղավ Ուկրաինայում): Բացի դրանից, ԱՄՆ-ը Հայաստանում քարտեզագրում անցկացնելու իրավունք է ունենում: Այդ փաստաթղթերում ոչ մի տեղ չեք գտնի Հայաստանի որևէ խնդրի վերաբերյալ որևէ լուծում:
- ԹՐԻՓՓ-ի փաստաթղթերից մեկում ասվում է, որ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա պետք է արվի Հայաստանի սահմանագծումը: Սա խուլիգանություն է, որովհետև Հայաստանի սահմանները ոչ մի կապ չունեն Ալմա Աթայի հռչակագրի հետ, առավել ևս՝ այդ հռչակագիրը կապ չունի այս փաստաթղթի հետ: Սա ակնհայտորեն արվել է Ադրբեջանին հաճոյանալու համար: Հայաստանը ոչ միայն ոչինչ չի ստանում, այլև երկու կողմից ոտնատակ են տալու Հայաստանը:
- Այդ փաստաթղթերով խախտվում է նաև տարածաշրջանային հավասարակշռությունը: Մենք տեսանք՝ ինչ կատարվեց Իրանում, ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ ԱՄՆ և Իսրայելի հեռ առճակատումը չի կրկնվելու նույնիսկ այն բանից հետո, երբ այսօր հայտարարվում է համաձայնագիր ստորագրելու մասին, իսկ Ռուսաստանին այս տարածաշրջանից հանելը կարող է հղի լինել լուրջ վտանգներով:

- TRIPP նախագծի իրականացման համար ԱՄՆ-ին են տրամադրվում ոչ միայն Հայաստանից կոնկրետ հատվածները, այլ դրանց հարակից հողային տարածքները: Փաստորեն, 49 տարով (ևս 50 տարով վերակնքելու պարտավորությամբ) ամեն ինչ տրամադրվում է ԱՄՆ-ին: Հայաստանի համար ոչ մի որոշիչ գործոն չի մնում: Կարող էին փոխարենը գոնե ստանալ արցախցիների անվտանգ ու երաշխավորված վերադարձի իրավունքի իրացումը, բայց ոչ:
«Կողմերը նախատեսում են, որ Բաժնետերերը նախնական 49-ամյա ժամկետի ավարտից հետո հնարավորություն ունենան փոխադարձ համաձայնությամբ երկարաձգելու 6-րդ հոդվածի 2-րդ կետում նշված իրավունքները ևս 50 տարով: Այդ դեպքում Հայաստանի մասնակցությունը ԹԶԸ-ում պետք է ավելանա մինչև 49%, և ժամկետի երկարաձգումը պետք է հանդիսանա Հայաստանի կողմից ԹԶԸ-ում իր մասնակցության նման ավելացման դիմաց միակ հատուցումը։ Հայաստանի համար սեփականության բաժնեմասի ավելացումը պետք է լինի ԹԶԸ ԱՄՆ-ի կողմից ժամկետի երկարաձգման դիմաց միակ հատուցումը»,- նշված է փաստաթղթում։
- Ամենամեծ կորուստները պետությունների համար տեղի են ունենում խաղաղ ժամանակներում նման վասալային պայմանագրերով: Պետությունները վերանում են ոչ թե պատերազմների ժամանակ, այլ, այսպես կոչված՝ «խաղաղ» ժամանակներում, երբ կորցնում են զգոնությունը, մոռանում են իրենց շահերի մասին ու տանուլ են տալիս ամեն ինչ: Բայց նաև վստահ եմ, որ մեր դեպքում ճիշտ աշխատելու ժամանակ կարելի է արագորեն ամեն ինչ փոխել:
- Ռուսաստանը կայսրություն է և առաջնորդվում է կայսերական մղումներով: Հայաստանը եղել է ռուսական կայսրության, ԽՍՀՄ կայսրության մաս: Կան կապեր, հարաբերություններ, և այս ամենը չի կարելի մի օրում շուռ տալ, առավել ևս՝ բացարձակ սուտ խոսել Եվրամիություն մտնելու մասին հայտարարություններով: Օրենք ընդունելով չէ, ոչ էլ երազանքների գիրկն ընկնելով. դու պարզապես կապ չունես Եվրամիության հետ: Եվրամիությունը երբեք չի խոսել Հայաստանի անդամակցության մասին:
- Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը ոչ մի լավ տեղ չի տանելու:
- Գյուղացիների վիճակը սարսափելի է:
Մանրամասները՝ տեսանյութում:

