Ինչո՞ւ խորհրդարանի բոյկոտը նվեր կլինի Փաշինյանին, ինչո՞ւ պետք է ընդդիմությունը վերցնի մանդատները

Հունիսի 7-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններին է անդրադարձել Իսրայելի Կնեսետի (խորհրդարանի) նախկին պատգամավոր և Իսրայել-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերը (Aleksandr Zinker): Հիշեցնենք, նա Իսրայելում Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենն է, ակտիվորեն ներգրավված է եղել ընտրությունների դիտորդական առաքելություններում (օրինակ՝ ICES-ի կազմում) տարբեր երկրներում։

Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, սակայն դրանց արդյունքների շուրջ քաղաքական պայքարը դեռ նոր է սկսվում։

Պետք է խոստովանել՝ այս քարոզարշավը վերջին տարիների ամենակոշտերից մեկն էր։ Դրա ընթացքում հնչեցին լուրջ փոխադարձ մեղադրանքներ, արձանագրվեցին բազմաթիվ խախտումներ, և այս գործընթացի վերջնական քաղաքական ու իրավական գնահատականը դեռ պետք է տրվի։

Պետք է ընդունել նաև մեկ այլ ակնհայտ հանգամանք. Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը հաղթեց ընտրություններում, դարձավ նոր խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը և կառավարությունն ինքնուրույն ձևավորելու իրավունք ստացավ։ Բայց այս հաղթանակն ունի իր գինը. վերջին տարիների ընթացքում առաջին անգամ «Քաղաքացիական պայմանագիրը» զրկվեց սահմանադրական մեծամասնությունից, ինչը նշանակում է, որ այլևս չի կարողանա միայնակ ընդունել կարևորագույն քաղաքական որոշումները։

Կարդացեք նաև

Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ընդդիմադիր ուժերի որոշ ներկայացուցիչներ հայտարարեցին ստացած մանդատներից հրաժարվելու և նոր խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու հնարավորության մասին։ Չի բացառվում, որ մոտ ժամանակներս այս հարցի շուրջ մշակվի ընդդիմության միասնական դիրքորոշումը։

Այս հայտարարությունները կարևոր քաղաքական հարց են առաջադրում. արդյո՞ք բոյկոտը կդառնա իշխանության դեմ պայքարի արդյունավետ գործիք, թե՞, ընդհակառակը, քաղաքական նվեր կլինի Փաշինյանի համար։

Բոյկոտի կողմնակիցների տրամաբանությունը

Բոյկոտի կողմնակիցների տրամաբանությունը կարելի է հասկանալ։ Եթե ընդդիմությունը համարում է, որ ընտրությունների արդյունքները խեղաթյուրվել են, խորհրդարանի աշխատանքներին մասնակցելը նրա կողմնակիցների կողմից կարող է ընկալվել որպես այդ արդյունքների ճանաչում։ Մանդատներից հրաժարվելը նման դեպքում պետք է դառնա անհաշտ դիրքորոշման դրսևորում, նոր խորհրդարանի լեգիտիմությունը կասկածի տակ դնելու փորձ և պայքարը դեպի դատարաններ, փողոցներ ու միջազգային կառույցներ տեղափոխելու քայլ։

Այդուհանդերձ, նման ռազմավարությունն ունի մի լուրջ խնդիր։ Այն կարող է հաջողությամբ պսակվել միայն այն դեպքում, եթե բոյկոտին հաջորդի հզոր հանրային մոբիլիզացիա, որն ունակ կլինի փոխել երկրում քաղաքական իրավիճակը։ Հակառակ դեպքում՝ ընդդիմությունը կամավոր կերպով կհրաժարվի միակ պաշտոնական քաղաքական հարթակից, որտեղ կարող է ամենօրյա ռեժիմով հակադրվել իշխանությանը։

Ինչո՞ւ է անհրաժեշտ վերցնել մանդատները. 4 հիմնական փաստարկ

Իմ կարծիքով՝ մանդատները պետք է վերցնել։

  • Առաջին ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկել են հարյուր հազարավոր քաղաքացիներ, և խորհրդարանական աշխատանքից հրաժարվելը փաստացիորեն նրանց կզրկի երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում ներկայացվածությունից։
  • Երկրորդ մանդատները վերցնելը ամենևին չի նշանակում ընտրությունները արդար ճանաչել։ Ընդդիմությունը կկարողանա միաժամանակ օգտագործել բոլոր իրավական մեխանիզմները արդյունքները բողոքարկելու համար և կոշտ պայքար մղել իշխանության դեմ արդեն իսկ խորհրդարանի պատերի ներսում։
  • Երրորդ ուժերի նոր դասավորությունը ընդդիմությանը տալիս է ազդեցության իրական գործիքներ։ Իշխանության մոտ սահմանադրական մեծամասնության բացակայությունը նշանակում է, որ կարևորագույն քաղաքական որոշումներն այլևս հնարավոր չի լինի ընդունել բացառապես «Քաղաքացիական պայմանագրի» ուժերով։
  • Չորրորդ խորհրդարանը միայն օրենքների օգտին քվեարկելը չէ։ Դա հնարավորություն է ստեղծել հանձնաժողովներ, պահանջել քննություններ, ուղարկել պաշտոնական հարցումներ, օգտագործել խորհրդարանական ամբիոնը, մասնակցել միջազգային խորհրդարանական կառույցներին և հասցնել սեփական դիրքորոշումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Դուռը շրխկացնելը միշտ էլ էֆեկտիվ քաղաքական ժեստ է։ Շատ ավելի դժվար է մտնել նիստերի դահլիճ և խորհրդարանի աշխատանքային ամեն օրը վերածել իշխանության դեմ ծանր ու հետևողական պայքարի։

Բայց հենց այս ուղին, իմ կարծիքով, այսօր հայկական ընդդիմության համար կլինի շատ ավելի արդյունավետ։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930