Կցանկանայի Նաիրին և Էդուարդին հաջող խաղ մաղթել. Բերեզովսկին հաստատել է շրջանառվող լուրերը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է իտալական «Կոմոյի» և ֆրանսիական «Լանսի» հետաքրքրությունը Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի, ինչպես նաև ազգային թիմի կիսապաշտպան ու ավագ Էդուարդ Սպերցյանի նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
«Թիկնիզյանն ու Սպերցյանը կարող են հաջողությամբ հանդես գալ ինչպես «Կոմոյում», այնպես էլ «Լանսում»։ Կցանկանայի Նաիրին և Էդուարդին հաջող խաղ մաղթել, որպեսզի սկաուտները համոզվեն նրանց բարձր կարգի մեջ»,- նախկին ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում «РБ Спорт»-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ հունիսի 6-ին, ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի ընտրանու հետ։
Հավելենք նաև, որ Սպերցյանը ներկայումս հանդես է գալիս ռուսական «Կրասնոդարում», իսկ Թիկնիզյանը պաշտպանում է Սերբիայի առաջնությունը ներկայացնող Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» գույները։

