Իրանի հրթիռային պաշարների մոտ 22 տոկոսը դեռ պահպանվել է. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի առաջնորդները դեռևս համաձայնության չեն եկել ԱՄՆ-ի հետ՝ շարունակվող պատերազմը դադարեցնելու համար, քանի որ նրանք «ուժեղ» և «հպարտ» են` հավելելով, որ «նրանք այլընտրանք չունեն», բացի համաձայնության հասնելուց։
«Նրանք ուժեղ են, նրանք հպարտ են, կան բաներ, որոնք երբեք չէին մտածել, որ կանեն, բայց ստիպված կլինեն անել։ Նրանք այլընտրանք չունեն, և դա մի փոքր ժամանակ է պահանջում», – ասել է ԱՄՆ նախագահը NBC News-ի հետ հարցազրույցում։
Թրամփը քննադատել է նրանց, ովքեր իրեն կոչ են անում արագ համաձայնության գալ Իրանի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու համար, ասելով. «Այս բաները անելու համար տարիներ են պահանջվում»։
Դոնալդ Թրամփը հավելել է, որ հակամարտության ընթացքում ԱՄՆ-ն մինչ այժմ «գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է» Իրանի ռազմական կարողությունները, սակայն նշել է, որ Թեհրանը դեռևս որոշ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր ունի։
«Եթե տոկոսային առումով գնահատենք, ապա նրանց հրթիռային պաշարների մոտ 21-22 տոկոսը դեռ պահպանվել է։ Դա դեռևս զգալի քանակ է, բայց այն այլևս այն ծավալը չէ, որը կար, երբ մենք առաջին անգամ հարվածեցինք», – ասել է նա։

