Գնացե՛ք ընտրության, սա ճակատագրական հարց է, մեր երկրի կենսատարածքն է ձեռքներիցս գնում․ Գուրգեն Խանջյան

Այս պարտված իշխանությունները պետք է հեռացվեին դեռևս 2021-ին, և ապշելու բան էր, որ այն ժամանակ նրանք կարողացան վերընտրվել։ Մեր ժողովուրդը ցանկալին հնարավորից ու իրականից միշտ առաջ գցած է ապրում, և ինչ ասում են՝ միամտաբար հավատում է։ Վարչական ռեսուրսի հարցն էլ կա, բացի այդ՝ ժողովուրդը պոպուլիզմը, սուտը հեշտ է ընկալում։ Ժամանակին մեծ ու սուտ խոստումներ էր տալիս։ Ութ տարի է՝ անդադար սուտ է։ Այդ ստի մեջ անընդհատ ապրելով՝ հայ մարդը փչանում է։ Բացի այն բոլոր պատուհասներից, որոնք գալիս են մեր գլխին, հայ մարդու էությունը փչանում է, և ստի ու կեղծիքի մեջ եփվելով՝ ինչ-որ բան նրա ներսում էլ է փոխվում դեպի վատը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց գրող Գուրգեն Խանջյանը:

«Սա ճակատագրական, գոյաբանական վիճակ է։ Եթե հիմա չարթնացանք, ուրեմն վերջ։ Պարզ տրամաբանության հաշվարկ է սա։ Բայց սրանք ուրիշ գործիքակազմ ունեն՝ սպառնում են, թե պատերազմ կլինի, եթե իրենք չլինեն։ Բայց եթե մնան, երկիրը թուլանալու է, ադրբեջանցին գալու է այստեղ ապրի։ Թող 300 հազար չլինեն, նույնիսկ 3000 կամ 300 լինեն, բայց համայնք կստեղծեն այստեղ։ Այս մարդը խոսում է խաղաղությունից, Ադրբեջանը՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալուց, բռունցք է թափ տալիս։ Այստեղից ոչ ոք չի հակադրվում, գոնե մի բան ասեն, որ՝ այդպես չէ։ Այդքան վախեցած ու ստորացած են»,- ասաց արձակագիրը:

«Սրանք վախկոտ մարդիկ են։ Միշտ այդպես է՝ վախկոտը ներսում պաշտպանված է ոստիկանությամբ և հեշտորեն հոխորտում է, որ դրսում իբր ինչ-որ բան ցույց տա։ Երբ սա առաջին անգամ Ալիևի հետ հանդիպեց, այնքան վախեցած ու կծկված էր, որ արդեն պարզ էր, թե ում հետ գործ ունենք։ Ինչպե՞ս կարող է պարտության սիմվոլ, կապիտուլյանտ իշխանությունը հաղթանակ բերել, կամ առհասարակ՝ որևէ լավ բան անել։ Դրա համար կապիտուլյացիան անընդհատ շարունակվեց փոքր ու մեծ քայլերով, և եթե սրանք մնան, շարունակվելու և ուժգնանալու է, որովհետև սրանք իրենց պաշտպանելու խնդիր ունեն»,- նշեց Խանջյանը:

Կարդացեք նաև

Մտավորականի պնդմամբ՝ սրանց մոտ արդեն պաշտպանվելու բարդույթ կա, իրենք հոգու խորքում գիտեն՝ ինչ են արել. «Նրանց մեղքը պատմական է, քանի որ իրենք միայն այս շրջանը չեն դավաճանել, դրանից առաջ Արցախում կռված հերոսներին էլ են դավաճանել։ Այսպես գնա, կհասնի մինչև Հայկ Նահապետ։ Բոլոր ձեռքբերումները ջրել են, այս փոքր հողն է մնացել։ Արդեն փողոցում էլ են սրանց հետևից գոռում իրենց բնորոշ անուններով։ Թվում է՝ իրենք թքած ունեն դրա վրա։ Սա մի ուրիշ տեսակ է, սրանք հայատյաց են, միգուցե նաև մարդատյաց են, իրենց մեջ այդ գլոբալիստական հովերն են։ Հիմա հանցագործություն է ընտրության չգնալը, որովհետև սրանց մնալու դեպքում հաջորդ հինգ տարիները լրիվ կործանելու են այս երկիրը»:

«Ինչով էլ խաբեն՝ Եվրոպա և այլն, ամբողջը սուտ է, ոչ մի իրական բան չկա։ Այս ընտրապայքարում ներկապնակը բազմազան է, և յուրաքանչյուրը հնարավորություն ունի ընտրելու իր ուզածը։ Վե՛ր կացեք, գնացե՛ք, տանը նստելով՝ ի՞նչ պիտի ստացվի։ Ի՞նչ է նշանակում՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Քո ապրելու կենսատարածքն է ձեռքիցդ գնում, ի՞նչ քաղաքականության մասին է խոսքը»,- ասաց Գուրգեն Խանջյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930