Բաժիններ՝

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կոշտ քննադատության է ենթարկել երկրի լիբերալ ուղղվածությամբ հայտնի լրատվամիջոցներին, իսկ CNN հեռուստաընկերությունն անվանել է «աղբ»։ Թրամփի հայտարարություններն արվել են Սպիտակ տանը՝ լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ։

«Ձեզ նման մարդիկ շատ վատ են վերաբերվել մեր քաղաքացիներին։ Կեղծ լրատվամիջոցները՝ ինչպես CNN-ը, ինչպես The New York Times-ը և մյուսները, վատ են վերաբերվել մեր ժողովրդին», – ասել է ԱՄՆ նախագահը լրագրողների հետ զրույցի ընթացքում՝ մեկնաբանելով CNN-ի լրագրող Քեյթլան Քոլինզի հարցը՝ կապված 1.8 միլիարդ դոլարի հիմնադրամի ճակատագրի հետ, որը նախատեսված էր նախկին նախագահ Ջո Բայդենի կառավարման ընթացքում ենթադրյալ քաղաքական բռնաճնշումների զոհերի փոխհատուցման համար։ Այդ ծրագիրը, սակայն, դադարեցվել է ԱՄՆ Կոնգրեսի ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ անդամների քննադատության պատճառով։

Քոլինզը փորձել է ընդհատել նախագահին՝ լրացուցիչ հարց տալու համար, սակայն Թրամփը թույլ չի տվել դա անել։

«Մի րոպե, լռեք… Դուք պետք է ամաչեք», – ասել է նա լրագրողին։

Սպիտակ տան ղեկավարի գնահատմամբ՝ CNN-ը առանձնանում է «կեղծ լուրերով»։ «Հիմա, իհարկե, նրանք նոր սեփականատեր ունեն, այնպես որ հնարավոր է իրավիճակը շտկվի։ Բայց կասկածում եմ։ Դժվար է ինչ-որ բան ուղղել, երբ գործ ունես աղբի հետ», – հավելել է նախագահը։

Նրա խոսքով՝ CNN-ը «շատ կոռումպացված կազմակերպություն է»։

«Եվ այդ կոռումպացված լրագրողը կանգնած է հենց այստեղ։ Նա երբեք չի ժպտում։ Երիտասարդ, գեղեցիկ կին է, բայց երբեք չի ժպտում։ Նրա դեմքին երբեք ժպիտ չեմ տեսնում։ Նա կանգնած է այնտեղ՝ ատելությունն աչքերում», – ասել է Թրամփը։

CNN-ի խոսնակը մեկնաբանել է միջադեպը The Hill պարբերականի հետ զրույցում՝ նշելով. «Քեյթլան Քոլինզը բացառիկ լրագրող է, որն ամեն օր իրական խորությամբ հաղորդում է Սպիտակ տնից։ Նա հմտորեն կատարում է իր աշխատանքը, և ամբողջ աշխարհում մարդիկ գիտեն, որ կարող են վստահել նրան»։

Թրամփը հաճախ է հարձակվում Քոլինզի վրա՝ նրա արտաքինի վերաբերյալ մեկնաբանություններ անելով և քննադատելով CNN-ի հրապարակումները։

ԱՄՆ նախագահը 2025 թվականի դեկտեմբերին Քոլինզին անվանել էր «հիմար և նողկալի»։

Դոնալդ Թրամփը նախկինում այլ կին լրագրողների ևս դիմել է կոշտ խոսքերով։ Օրինակ, նոյեմբերին նա Bloomberg-ի մի լրագրողի, որը հարց էր տվել Ջեֆրի Էփսթեյնի դատապարտման գործի վերաբերյալ, ասել էր՝ «Լռի՛ր, խոզուկ»։

Նույն ամսին Թրամփը նաև The New York Times-ի մի լրագրողի անվանել էր «տգեղ՝ թե՛ ներքուստ, թե՛ արտաքուստ» այդ լրագրողի հրապարակման համար, որը վերաբերում էր նախագահի առողջությանը և ֆիզիկական վիճակին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930