Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ Նարեկ Կարապետյանը պատռեց «Արևմտյան Ադրբեջան»-ի կոնցեպտը
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ 4 օրից մեր պատմության համար վճռորոշ օր է, 4 օրից ԱԺ ընտրություններ են, որը երկու բանի մասին է՝ շարունակու՞մ ենք թույլ մնալ, շարունակու՞մ ենք թույլ տալ հարևաններին օգտագործել մեզ, թե՞ կանգնում ենք և մեր մեջքն ամրացնում, սկսում զարգանալ:
«Հանրաքվե է նաև նրա մասին՝ փոքրիկ խմբակի պարտված ղեկավարին թու՞յլ ենք տալու, որ թողնի Հայաստան մտնեն ադրբեջանցիներ, թե՞ պահելու ենք մեր հայրենիքի վերջին մնացած հողը հայկական: Հանրաքվե է նրա մասին, թե թու՞յլ ենք տալու, որ մեր եղբայրները Հայաստանը լքեն աշխատանքի, ավելի լավ կյանքի համար, թե՞ վերակառուցելու ենք մեր քանդած երկիրը»,-նշեց Կարապետյանը՝ խոստանալով, որ ուժեղացնելու են տնտեսությունը, որ հայերն այլևս չգնան, և որ ով ցանկանում է ապրել ադրբեջանցիների հետ, կարող է հունիսի 7-ին քվեարկել ՔՊ-ի օգտին:
Այս համատեքստում Նարեկ Կարապետյանը հարկ համարեց հիշեցնել, որ Ալիևը 15 օր հետո Մեղրիից 10 կմ հեռավորության վրա միջոցառում է կազմակերպում՝ «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ:
Նշենք, որ հունիսի 18-19-ին էլ Նախիջևանի Օրդուբադ քաղաքում է տեղի ունենալու «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողով-փառատոնը, որի կազմակերպիչներն են Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչը, Կրթության և գիտության նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը և «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը:
«Եվ սա լինելու է ԱԺ ընտրություններից 11 օր հետո: Ադրբեջանի ղեկավարը 3 ամիս առաջ հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան այստեղ ոչ թե տանկերով, այլ՝ ավտոմեքենաներով՝ իբր իրենց պատմական հողեր: Ադրբեջանի հոգևոր առաջնորդն էլ հայտարարել է, որ ՀՀ-ում 400 մզկիթ կա, որոնք պիտի վերակառուցվեն: ՀՀ ԱԺ նախագահն էլ իր հերթին հայտարարել է, որ ադրբեջանցիներն ու հայերը պետք է սովորեն իրար հետ ապրելը, և նա չի բացառում, որ ինչ-որ ադրբեջանցիներ կգան Հայաստան ապրելու»-նշեց Նարեկ Կարապետյանը՝ վստահեցնելով, որ ՀՀ-ում լինելու է առաջնորդ, որը դա թույլ չի տալու:
«Նիկոլ Փաշինյանի և Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու»,-ընդգծեց նա:
Հավելենք, որ այսօր Բաքվում անցկացվել է «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես ազգային գաղափարի նոր փուլ» թեմայով միջազգային գիտական կոնֆերանս:
Բաքվի՝ «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական ծրագրի վերաբերյալ 168.am-ը մանրամասն վերլուծություն է ներկայացրել:
Մանրամասները՝ տեսանյութում



