Ալերգիա՞, թե՞ մրսածություն․ ինչպե՞ս տարբերակել
Գարնանը շատերը սկսում են նկատել քթահոսություն, փռշտոց, աչքերի քոր կամ արցունքահոսություն։ Առաջին հայացքից այս նշանները կարող են հիշեցնել սովորական մրսածություն, սակայն երբեմն պատճառը ոչ թե վիրուսն է, այլ ալերգիկ ռինիտը:
Այս խնդիրը առաջանում է, երբ անվնաս նյութը՝ ալերգենը, օրգանիզմը սխալմամբ ընկալում է որպես վտանգավոր և արձագանքում է դրան։
Ալերգիկ ռինիտի դեպքում գանգատները կարող են լինել ինչպես սեզոնային, այնպես էլ ամբողջ տարվա ընթացքում։ doctors.am-ի փոխանցմամբ՝ տարվա տարբեր եղանակներին դրանք կարող են ուժեղանալ տարբեր ալերգենների պատճառով, ամենից հաճախ ծառերի և խոտերի ծաղկափոշու հետևանքով։ Ամբողջ տարվա ընթացքում գանգատներ կարող են առաջացնել նաև փոշու տզերը, կենդանիների մաշկի մանր թեփուկները, բորբոսների և սնկերի սպորները և այլն։
Ինչպե՞ս կարող է արտահայտվել ալերգիկ ռինիտը
Ալերգիկ ռինիտի ամենատարածված նշաններից են քթահոսությունը և քթի փակվածությունը, փռշտոցը, հազը, աչքերի կարմրությունը, քորը կամ արցունքահոսությունը։ Կարող է դիտվել նաև քթի, կոկորդի կամ քիմքի քոր, իսկ րոշ մարդկանց մոտ աչքերի տակ կարող է նկատվել այտուցված, կապտուկի նման մաշկ։ Ալերգիկ ռինիտը կարող է նաև խանգարել քնին՝ առաջացնելով արտահայտված հոգնածություն և ընդհանուր թուլության զգացում։
Ալերգիա՞, թե՞ մրսածություն
Ալերգիկ ռինիտն ու մրսածությունը կարող են շատ նման լինել, բայց դրանց միջև կան կարևոր տարբերություններ։ Ալերգիկ ռինիտի ժամանակ քթահոսությունը սովորաբար ջրիկ է, ջերմություն չի լինում, իսկ ախտանշանները սկսվում են ալերգենի հետ շփումից անմիջապես հետո և կարող են շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ մարդը շփվում է ալերգենի հետ։ Մրսածության դեպքում գանգատները սովորաբար սկսվում են վիրուսի հետ շփումից 1-3 օր անց, կարող են ուղեկցվել մարմնի ցավերով, ցածր ջերմությամբ և տևել մոտ 3-7 օր։
Ինչո՞ւ է առաջանում ալերգիկ ռինիտը
Ալերգիկ ռինիտի հիմքում իմունային համակարգի արձագանքն է։ Երբ օրգանիզմը օդում առկա անվնաս նյութը ընկալում է որպես վտանգավոր, այն արտադրում է իմունոգլոբուլին E՝ IgE հակամարմիններ։ Ալերգենի հետ կրկին շփման ժամանակ այս հակամարմինները ազդանշան են տալիս իմունային համակարգին, ինչի արդյունքում արյան մեջ արտազատվում են որոշ քիմիական նյութեր, օրինակ՝ հիստամին։ Հենց այս արձագանքն էլ հանգեցնում է ալերգիկ ռինիտի ախտանշանների առաջացմանը։
Ովքե՞ր են ավելի հակված ալերգիկ ռինիտի
Ալերգիկ ռինիտի առաջացման ռիսկը կարող է բարձր լինել այն մարդկանց մոտ, ովքեր ունեն այլ ալերգիաներ կամ ասթմա, ատոպիկ դերմատիտ կամ էկզեմա, ինչպես նաև եթե ընտանիքում կան ալերգիա կամ ասթմա ունեցողներ։ Ռիսկը կարող է մեծանալ նաև այն դեպքում, երբ մարդը մշտապես գտնվում է ալերգեններով հարուստ միջավայրում, օրինակ՝ կենդանիների թեփուկների կամ փոշու տզերի ազդեցության տակ։ Քթի լորձաթաղանթը գրգռող գործոնները, օրինակ ծուխը կամ ուժեղ հոտերը, նույնպես կարող են նշանակություն ունենալ։
Ինչո՞ւ չարժե անտեսել ալերգիկ ռինիտը
Թեպետ ալերգիկ ռինիտը հաճախ ընկալվում է որպես «սովորական ալերգիա», այն կարող է ազդել կյանքի որակի վրա։ Գանգատները կարող են խանգարել առօրյա ակտիվությանը, աշխատանքին կամ ուսմանը, վատացնել քունը և առաջացնել հոգնածություն։ Ալերգիկ ռինիտը կարող է նաև վատացնել ասթմայի ախտանշանները, իսկ երկարատև քթի փակվածությունը կարող է բարձրացնել սինուսիտի ռիսկը։ Երեխաների դեպքում այն կարող է կապված լինել միջին ականջի բորբոքման հետ։
Ե՞րբ դիմել բժշկի
Բժշկի դիմելն անհրաժեշտ է, եթե ալերգիկ ռինիտի ախտանշանները չեն մեղմանում, ալերգիայի դեմ դեղամիջոցները չեն օգնում կամ առաջացնում են կողմնակի ազդեցություններ։ Մասնագետի խորհրդատվությունը կարևոր է նաև այն դեպքում, եթե ունեք այլ վիճակներ, որոնք կարող են խորացնել գանգատները, օրինակ՝ ասթմա, քթի պոլիպներ կամ հաճախակի սինուսային վարակներ։
Ինչպես նվազեցնել գանգատները
Ալերգիկ ռինիտը լիովին կանխելու հստակ միջոց չկա, սակայն հնարավոր է նվազեցնել այն ալերգենների ազդեցությունը, որոնք առաջացնում են ախտանշանները։ Եթե ունեք ալերգիկ ռինիտ, կարևոր է հնարավորինս սահմանափակել շփումը գրգռող ալերգենների հետ և բժշկի ցուցումով ընդունել ալերգիայի դեմ դեղամիջոցները՝ նախքան ալերգենների ազդեցությանը ենթարկվելը։
Ալերգիկ ռինիտը պարզապես սեզոնային անհարմարություն չէ․ ճիշտ մոտեցման դեպքում հնարավոր է նվազեցնել ախտանշանները, բարելավել քունը, առօրյա ակտիվությունն ու կյանքի որակը։



