Պուտինի հայկական հաշվարկը. Նախընտրական աջակցություն ՔՊ-ի՞ն, թե՞ հետընտրական պատժամիջոցներ՝ ՀՀ-ին
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում պետությունների ղեկավարները քննարկելու են Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի կարգավիճակի հարցը։
«Այնտեղ քննարկում կլինի Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակի թեմայով։ Հարցը շատ բարդ է։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Մենք ուզում ենք, որ Հայաստանը շարունակի բարգավաճել, բայց մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք կառաջանան ԵՄ-ին անդամակցելու կամ մերձենալու դեպքում: Իրականում դրանք արդեն իսկ ի հայտ են գալիս»,- ասել է նա:
Նույն միտքը, ավելի ընդհանրական ձևակերպումներով, մայիսի 9-ին արտահայտել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Թեև Հայաստանի «եվրոպական նկրտումների» առնչությամբ Ռուսաստանից «մտահոգություններ» են հնչում արդեն մի քանի տարի, սակայն նման կտրուկ կերպով՝ «կքննարկվի ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը» ձևակերպում առաջին անգամ է ներկայացվում:
Ի՞նչ են մտածել իրականում Ռուսաստանում, դժվար է ասել: Հայաստանում հնչող գնահատականները, թե «ռուսների համբերության բաժակը լցվել է», իհարկե, պետք չէ միագծորեն ընդունել: Հատկապես, որ այս հարցով ամենաակտիվը հանդես է գալիս Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների մի մասը համակարգող Օվերչուկը, որի և որի ղեկավարության համար այս պահին Ադրբեջանի շահերը կարծես ավելի կարևոր են, իսկ դրանցից է բխում Հայաստանում փաշինյանական իշխանության վերարտադրությունը:
Բացառված չէ, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը բարձրացնելով՝ ընտրությունների անմիջապես նախօրեին Ռուսաստանը ցանկանում է վերջին ու գուցե ամենաշոշափելի նախընտրական աջակցությունը ցուցաբերել Փաշինյանին. դժվար չէ պատկերացնել, որ ընտրություններից մեկ շաբաթ առաջ Հայաստանին, օրինակ՝ ԵԱՏՄ-ից հեռացնելը հայ հանրության ստվար զանգվածի շրջանում կընկալվի՝ որպես Ռուսաստանի հերթական ստոր հարվածը մեջքից՝ կոնսոլիդացնելով «ինքնիշխանության համար պայքարող հզոր վարչապետի շուրջ»:
Եթե Ռուսաստանը խաղարկում է այս՝ բլեֆի տարբերակը, ապա արդեն հունիս ամսին Հայաստանին որևէ այլ ձևակերպմամբ կվերադարձնեն ԵԱՏՄ, հատկապես, որ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական խոսակցություններից մեկում ակնարկել է, թե հունիսի վերջին նախատեսված է իր հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ: Բայց կա, իհարկե, նաև հավանականություն, որ Ռուսաստանը ոչ թե տեխնոլոգիական, այլ աշխարհաքաղաքական գործիքակազմ է կիրառում, և Հայաստանը կարող է իսկապես դուրս հրավիրվել ԵԱՏՄ-ից՝ դրանից բխող բոլոր ոչ ուրախալի հետևանքներով:
Այդ դեպքում հայկական բիզնեսը ոչ միայն հաշված օրերի ընթացքում կկորցնի հսկայական շուկա, այլ նաև «հարակից գործիքներով» Ռուսաստանը կարճ ժամանակում կարող է Հայաստանում ուղղակի ճգնաժամ առաջացնել՝ սկսած գազի գների բարձրացումից՝ մինչև այլ տնտեսական պատժամիջոցներ:
ՔՊ-ն, այդ պարագայում, կարող է հաղթել ընտրություններում՝ «արտաքին կայսրության դեմ պայքարի» համատեքստում, բայց միևնույն ժամանակ՝ սեպտեմբերին տեղի կունենա ոչ թե պատերազմ, ինչպես սպառնում է Փաշինյանն իր չընտրվելու դեպքում, այլ սոցիալական պայթյուն, ընդհուպ՝ սով:
Թե այս տարբերակներից ո՞րն է ընկած ռուսական հաշվարկի հիմքում՝ իրապես այս պահին դժվար է միարժեքորեն տարբերել: Ինչպես ռուս դասականն է ասում՝ Умом Россию не понять:
Բայց Հայաստանի քաղաքացիներն ու քաղաքական էլիտա հորջորջվողները պետք է առնվազն մտածեն՝ ինչո՞ւ են թույլ տվել, որպեսզի պետությունը հասնի մի հանգրվանի, երբ որևէ ընտրության ելքը կարող է լինել կամ պատերազմը, կամ սովը:
Հարություն Ավետիսյան



