8 տարիների խաբեությունը և Հայաստանի տնտեսության հետընթացը
8 տարի առաջ, խաբելով ժողովրդին, երիտհեղափոխականները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության եկան՝ խոստանալով Հայաստանում իրականացնել տնտեսական ու տեխնոլոգիական հեղափոխություն, խոստանալով ապահովել ներդրումների մեծ հոսք, հաստատել արդար մրցակցային միջավայր և սոցիալական արդարություն։
Այդ ժամանակ հանրային սպասումները շատ մեծ էին, հույս ունեին, որ քաղաքական փոփոխությունը վերածվելու է տնտեսական ու սոցիալական բեկման։ Սակայն 8 տարի անց ունենք այն, որ ժողովրդի կյանքում, կորուստներից բացի, ոչ մի բեկում էլ տեղի չունեցավ։
Փոխարենը՝ բեկում տեղի ունեցավ ՔՊ-ականների կյանքում։ Մարդիկ, որոնք հեռուստացույցի ու փոշեկուլի փող չունեին, այժմ հարյուր-հազարավոր դոլարների հասնող բնակարաններ ու առանձնատներ են գնում կամ կառուցում։
Այս մարդկանց կյանքը հեղափոխական տեմպերով փոխվել է, իսկ քաղաքացիների մեծ մասը շարունակել է հազիվ գոյություն ապահովել։ Զարմանալի չէ, որ տարիներ անց էլ Հայաստանում աղքատության մակարդակը շարունակում է մնալ այսքան բարձր։
Եթե հանենք հաշվարկի մեթոդաբանության փոփոխությունները, որոնք, հայտնի է, թե շատ հաճախ ինչի՞ կամ ո՞ւմ համար են արվում, աղքատությունը Հայաստանում գրեթե մնացել է այն մակարդակին, ինչ տարիներ առաջ էր։ Ու հայտնի չէ, թե ինչ են արել այն միլիարդավոր դոլարները, որոնք պարտքերի միջոցով դրել են պետության ու ժողովրդի վզին։
Խոստացված ոչ միայն սոցիալական, այլև «տեխնոլոգիական հեղափոխությունն» էլ մնաց քաղաքական խոսքի մակարդակում։ Պարբերաբար հիշում են, որ արդյունաբերությունը պետք է անցնի տեխնոլոգիական վերազինման, արտադրողականության բարձրացման փուլ, իսկ գյուղատնտեսությունը՝ դառնա արդյունավետ և ժամանակակից։ Սակայն իրական տնտեսության մեջ այդ փոփոխություններն այդպես էլ համակարգային մակարդակում չարձանագրվեցին։
Արդյունաբերության, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ տեխնոլոգիական զարգացումներ չկան։ Գյուղատնտեսական նշանակության վարելահողերի գրեթե կեսն այսօր էլ շարունակում է մնալ անմշակ։ Արդյունքն էլ այն պիտի լիներ, որ տարիներ շարունակ գյուղատնտեսությունն աճ չունենար։
Բազմաթիվ գյուղմթերքների արտադրության ծավալներ վերջին տարիներին կրճատվել են՝ սպառողական շուկաներում հանգեցնելով դրանց գների բարձրացման։ Գյուղատնտեսական որոշ ապրանքներ այս ընթացքում հասցրել են կրկնակի, նույնիսկ եռակի թանկանալ։ Բայց դրանից գյուղացին գրեթե չի շահել, որովհետև մի կողմից՝ արտադրությունն է կրճատվել, մյուս կողմից՝ արտադրանքի ինքնարժեքն է կտրուկ բարձրացել։
Հեղափոխական զարգացումների փոխարեն, այս ընթացքում տնտեսության կառուցվածքը ոչ միայն ավելի լավ, ավելի արդյունավետ չի դարձել, այլև արտադրական ճյուղերից տեղափոխվել է ոչ արտադրական ճյուղեր։ Առևտրի և ծառայությունների հատվածն էապես մեծացրել է կշիռը, մինչդեռ իրական տնտեսությունը՝ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, հարաբերականորեն նահանջել են։
Սա մտահոգիչ ու վտանգավոր միտում է տնտեսության համար, քանի որ առևտուրն ընդամենը վերաբաշխում է արդեն ստեղծված արժեքը, այլ ոչ թե ստեղծում նոր արժեքներ։ Երբ տնտեսության աճը հիմնված է սպառման և ներմուծումների վրա, այն դառնում է խոցելի արտաքին շոկերի նկատմամբ և չի ապահովում երկարաժամկետ կայուն զարգացում։
Նույնիսկ այն տարիներին, երբ Հայաստանում արձանագրվել է բարձր տնտեսական աճ, դրա կառուցվածքը չի ապահովել որակական առաջընթաց։
Վերջին տարիների աճերը մեծապես հիմնված են եղել ծառայությունների և արտաքին ֆինանսական ներհոսքերի վրա, մինչդեռ արդյունաբերական և գյուղատնտեսական հիմքը չի ամրապնդվել։ Տնտեսությունը չի դարձել ավելի դիմակայուն և չի ստացել այն կառուցվածքը, որը կարող էր ապահովել երկարաժամկետ զարգացում։ Արտահանման դիվերսիֆիկացիան մնացել է դատարկ խոսակցությունների մակարդակում, իսկ ներմուծումների կախվածությունն ավելի է մեծացել։
Տնտեսական հեղափոխության փոխարեն, հեղափոխական տեմպերով միայն պարտքերն են ավելացել։ Ժամանակին իշխանություններին քննադատում էին պարտքեր վերցնելու համար, խոստանում էին նվազեցնել պարտքի բեռը, սակայն 8 տարվա ընթացքում պետական պարտքն ավելի քան կրկնապատկել են։ Պարտքը դարձել է տնտեսական քաղաքականության հիմնական գործիքներից մեկը, ինչը երկարաժամկետ ռիսկեր է ստեղծել՝ սահմանափակելով բյուջեի ֆիսկալ ճկունությունն ու մեծացնելով կախվածությունն արտաքին ֆինանսավորումից։ Հայտնի բան է, երբ տնտեսական աճը սնվում է պարտքերով, այլ ոչ թե արտադրողականության բարձրացմամբ, այդ աճը չի կարող կայուն ու երկարաժամկետ լինել։
Պնդում էին, որ քաղաքական փոփոխությունից հետո ներդրումները «կթափվեն Հայաստան»։ Սակայն ներդրումային հոսքերը մնացին անկայուն և հաճախ կախված միանվագ գործարքներից։
Վերջերս էկոնոմիկայի նախարարը մի գրառում էր արել ներդրումների վերաբերյալ՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե ներդրումներն արդեն ողողում են Հայաստանը։ Սակայն «պատահաբար» չէր նշել, թե ինչքան ներդրումներ են եղել իրական տնտեսության մեջ։ «Մոռացել» էր ասել, որ անցած ամբողջ տարվա ընթացքում իրական տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքեր կազմել են ընդամենը 34 մլրդ դրամ, իսկ ուղղակի ներդրումներինը՝ 93 մլրդ դրամ։ Եթե վերածենք տարադրամի՝ կստացվի մի դեպքում՝ 89 մլն դոլար, մյուս դեպքում՝ 244 մլն դոլար։
Սրանք չնչին գումարներ են իրական տնտեսության համար։ Դրա համար էլ իրական տնտեսությունը Հայաստանում այսպիսի խղճուկ վիճակում է։ Չնայած ի՞նչ պետք է սպասել մի երկրում, որտեղ իշխանությունը պատրաստ է պատեհ պահի մտնել բիզնեսի գրպանը։
Ցանկացած ներդրողի համար առանցքային է սեփականության իրավունքի պաշտպանությունը։ Ու երբ իշխանությունը սկսում է ներգրավվել որպես համասեփականատեր մասնավոր բիզնեսում, կամ ձևավորվում են իրավիճակներ, որտեղ քաղաքական նպատակներով սեփականության վերաբաշխում է տեղի ունենում, դա ամենամեծ սպառնալիքն է ներդրողի համար։ Ու այս պարագայում ներդրումների մասին օրենքի ոչ մի փոփոխություն, որը հիմա անում են իշխանությունները, չի կարող վերականգնել ներդրողների վստահությունը։
Ներդրողների վստահության մասին պետք էր մտածել այն ժամանակ, երբ իշխանությունն ուղղակի մտնում էր բիզնեսի գրպանը, իրեն հարմարեցնելով օրենքները՝ քաղաքական նպատակներով հաշվեհարդար էր տեսնում սեփականատիրոջ նկատմամբ, խլում նրան պատկանող բիզնեսը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



