«Քարոզարշավն այնպես պետք է անցկացվի, որ չվերածվի «կլոունադայի», դա ձեռնտու է միայն իշխող քաղաքական ուժին». Արմեն Բադալյան
Հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը մայիսի 8-ին պաշտոնապես սկսեցին նախընտրական քարոզարշավը։ Քաղաքական ուժերից շատերը քարոզարշավը սկսեցին մարզերից, որոշները՝ Երևանից։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ քաղաքական ուժերը ոչ պաշտոնապես արդեն ամիսներ առաջ սկսել էին իրենց քարոզարշավը, հետևաբար՝ այնպես չէ, որ քարոզարշավի մեկնարկն էականորեն տարբերվեց ոչ պաշտոնական քարոզարշավի օրերից։
«Բոլոր ուժերը փաստացի ձեռագրային տեսակետից այն նույն մեթոդաբանությամբ են սկսել քարոզարշավը, ինչ ամիսներ առաջ, զուտ տեխնոլոգիապես նոր զարգացում կամ ինչ-որ շռնդալից մեկնարկ չի եղել։ Կրկին հանրահավաքներ, երթեր, հանդիպումներ, այսինքն՝ զանգվածային կազմակերպչական միջոցառումներ, ինչը, հավանաբար, չէր կարող այլ կերպ լիներ, քանի որ, երբ նույն մեթոդաբանությամբ են սկսում, ընթացքում չեն կարող ինչ-որ ինտրիգային ընթացք տալ։ Իհարկե, կարող են անել, բայց չեն կարող, այդքան հեշտ չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը։
Նա դժվարացավ ասել՝ քարոզարշավի ընթացքը հանգիստ կլինի՞, թե՞ կլինեն միջադեպեր, թեպետ հնարավոր է՝ լարվածություն լինի ընթացքում, քանի որ ընտրություններում «խաղադրույքը» բավականին բարձր է։
«Իշխող քաղաքական ուժի մոտ նախընտրական քարոզարշավը սկսվել է 2025 թվականի օգոստոսի 8-ից, երբ Վաշինգտոնում նախաստորագրվեց, այսպես կոչված, «խաղաղության» փաստաթուղթը։ Իսկ մյուս քաղաքական ուժերի մոտ էլ նախընտրական քարոզարշավը մեկնարկեց նախորդ տարվա աշնան վերջից և այս տարվա սկզբին։ Երբ այս ընթացքում քարոզարշավը դիտարկում ենք, տեսնում ենք, որ քաղաքական ուժերն իրենց շանսերը 100 տոկոսով չեն օգտագործում, շատ դեպքերում սխալները բազմաթիվ են, շատ դեպքերում մեթոդաբանությունը կրկնում է 1995 թվականների մեթոդաբանությունը։
Այստեղ ՔՊ-ն օգտագործում է «խաղաղության» մեթոդաբանությունը, ասում է՝ «եկանք իշխանության, խաղաղ է լինելու», դրանից հետո ԵՄ-ի ֆակտորն է օգտագործում։ Զուգահեռ ասում է՝ «մոռացեք Արցախի մասին, տեղավորվենք եղած սահմանների մեջ»։ Կան մարդիկ, որոնց համար սա ընկալելի ու բնական է, այս լոզունգներին հետևելով՝ ընտրելու է իշխանությանը։ Կա քաղաքական ուժ, որ խոստանում է Հայաստանի համար դաշնակից դարձնել Միացյալ Նահանգներին։ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժերն էլ տարբեր կետեր են առաջարկում՝ աշխատատեղերի ստեղծում, դեղերի գների նվազում և այլն»,- հավելեց քաղտեխնոլոգը։
Ըստ մեր զրուցակցի, քաղաքական ուժերից որևէ մեկն այս պահին հստակ ցույց չի տվել այն տեսլականը, թե իրենց ուժի հաղթանակի դեպքում Հայաստանն ինչ է ունենալու։ Ցույց չեն տալիս այն երկրի պատկերը, որն իրենց հաղթանակի դեպքում կառուցելու են, որպեսզի մարդիկ իմանան՝ ինչ երկրի համար են քվեարկելու։
«Քարոզարշավն այնպես պետք է անցկացվի, որպեսզի չվերածվի «կլոունադայի», դա ձեռնտու է միայն իշխող քաղաքական ուժին։ Իշխող քաղաքական ուժին ձեռնտու է, որպեսզի որքան կարողանա՝ էժանացնի ընտրական գործընթացը, այսինքն՝ որքան կարողանա՝ անլրջացնի, մինչդեռ այս ընտրությունները ճակատագրական նշանակություն ունեն՝ սա Հայաստանի, կարելի է ասել, մոտակա 100 տարվա ընթացքն է ցույց տալու»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։



