Փաշինյանն ուզում է ժամկետից շուտ ընդդիմությանը ներքաշել փողոցային պայքարի մեջ, որպեսզի հաջողություն չունենան. քաղտեխնոլոգ
Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրություններից հետո, թե ինչ գործողություններ պետք է տեղի ունենան, հատկապես այն դեպքում, երբ բազմաթիվ փաստերով ընտրություններն անցկացվել են խախտումներով՝ պետք է պատասխանի ընդդիմությունը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ շեշտելով, որ ընդդիմադիր ուժերն են ստացել ձայների տնօրինման իրավունքը, հետևաբար՝ իրենք պետք է որոշեն, թե ինչ գործողություններ պետք է հաջորդեն ընտրություններին։
«Ինչո՞ւ է փողոցը հիմա դատարկ, պատասխանը պարզ է, առնվազն «Ուժեղ Հայաստանն» ընտրություններից հետո փորձում է անցնել իրավական բոլոր ատյաններով, քանի որ մարդկանց փողոց դուրս բերելուց առաջ նախ պետք է անցնել իրավական ատյաններով։
Իհարկե, իրավական ատյան դիմողներն, այսպես թե այնպես, գիտեն՝ ինչ որոշում են ստանալու, բայց միևնույն է՝ դիմելը ճիշտ է, որպեսզի հետո մեղադրանքներ չհնչեն, թե ինչո՞ւ Սահմանադրական դատարան չեն դիմել»,- ասաց Արմեն Բադալյանը։
Նա հիշեցրեց, որ բազմիցս ասել է՝ Հայաստանում ընտրությունները ոչ թե ներհայաստանյան, այլ արտահայաստանյան գործընթացներ են՝ ՀՀ տարածքում։ Սա Արևմուտքի և Ռուսաստանի միջև պայքարն է՝ իշխանությունը պահելու կամ վերցնելու համար։
«Այսպես ասած՝ սա բազմասերիալանոց մի ֆիլմ է, առաջին սերիայում հաղթանակն անցավ Արևմուտքին՝ հաղթելով Ռուսաստանին՝ պահեց իշխանությունը և պահեց ոչ արդար սկզբունքով։ ԲՀԿ-ի հետ կապված՝ 4 տոկոսն անցել էր, ուղղակի չեղարկեցին 3 ընտրատեղամասերի արդյունքները, փաստորեն այդ ընտրատեղամասերում քվեարկած անձանց սարքեցին ձայնազուրկ։
Փաստացի կարող ենք ասել՝ դրանով իշխող քաղաքական ուժն իր համար ապահովել է 3/5-ը, ինչն այս պահի դրությամբ նրանց համար կարևոր է»,- հավելեց քաղտեխնոլոգը։
Արմեն Բադալյանի խոսքով՝ թե ընդդիմությունն ինչ քայլերի կգա, կամ կվերցնի՞ մանդատները, թե՞ ոչ, կախված է նրանից, թե ՌԴ-ն ինչ վերաբերմունք է դրսևորում ներքաղաքական գործընթացների նկատմամբ։ Հայաստանում իշխանությունը պահելու կամ վերցնելու համար զուտ ներքաղաքական ռեսուրսները բավարար չեն, պետք է ունենալ աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցությունը, իսկ այս դեպքում ՔՊ-ն ունի այդ աջակցությունը։
«Այս աջակցությամբ ու վարչական ռեսուրսի կիրառմամբ նա պահեց իշխանությունը, և ընդդիմությունը՝ «Ուժեղ Հայաստանը», ԲՀԿ-ն և «Հայաստան» դաշինքը, ունեին աջակցություն, սակայն այն բավարար չէր։ Արևմուտքի հաղթանակը Հայաստանում՝ նշանակում է Հայաստանում Ռուսաստանի ռազմատնտեսական գործոնների վերացում՝ ռազմաբազայի դուրսբերում, երկաթգծի լիցենզիայի զրկում և այլն։
Դրա համար այս պահին սկսվել է երկրորդ սերիան, հիշում եք, որ ՌԴ-ն տնտեսական սահմանափակումներ է մտցրել, իսկ ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է 50 մլն եվրո, ինչն, իհարկե, ծիծաղելի գումար է, սա այն դեպքում, երբ ՌԴ արտահանումից մոտ 150 միլիոնի շահույթ է ստանում գյուղացիությունը։ Այսինքն՝ հիմա միլիարդի ապրանք է կորցնում ու 150 միլիոնի շահույթ չի ստանում։
Այս պահին Հայաստանին 150 միլիոնի օգնության կարիք կա, ԵՄ-ն պատրա՞ստ է այս գումարը փոխհատուցել, եթե չի փոխհատուցում, ապա բավականին վատանում է գյուղաբնակ ընտրողների սոցիալական վիճակը։ Սա էլ իր հերթին՝ հնարավորություն է տալու ներքաղաքական գործընթացներում այդ մարդկանց դժգոհությունները գեներացնել, և կսկսվի փողոցային պայքար»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ այս պահին գուցե Նիկոլ Փաշինյանն ուզում է ժամկետից շուտ ընդդիմությանը ներքաշել փողոցային պայքարի մեջ, որպեսզի ընդդիմությունը հաջողություն չունենա, քանի որ պայքարի մեջ ժամկետից շուտ է ներքաշվել։ Եթե ժամանակին ընդդիմությունը ներքաշվի փողոցային պայքարի մեջ, կարող է հաղթանակ գրանցել։
«Քաղաքական գործընթացները շարունակվում են, և մենք այս կոնտեքստում պետք է նայենք իրականությանը, պայքարն ընթանում է, և մենք դա տեսնում ենք։ Շատերը սպասում են, որ 5 րոպեում հարցերը կլուծվեն, բայց այս պայքարը կարող է ամիսներ տևել»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։

