Եվրոպական «ֆասադ» և ներքին պահանջներ. PR-ի ու իրականության բախումը

Այսօր Երևանում ավարտվում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, որով ըստ էության ավարտվեցին նաև բոլոր արևմտյան միջոցառումները Երևանում։

Ինչպես հայտնի է, մայիսի 4-ին Երևանում կայացավ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հիմնած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, մայիսի 5-ին՝ ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի պետական այցը ՀՀ և «Երևանյան երկխոսություն» միջազգային երկօրյա համաժողովը։ Բնականաբար, նախընտրական այս շրջանում այս միջոցառումները ծառայեցվեցին, որպես գործող իշխանությունների քաղաքական իմիջի վերականգնմանն ուղղված հերթական PR արշավը։ Միջազգային միջոցառումներն օգտագործվեցին ներքին լսարանին ժողովրդավարական ձեռքբերումների պատրանք մատուցելու և իշխող թիմի դիրքերն ամրապնդելու նպատակով։

Միջոցառումների ընթացքում հնչող բարձրագոչ հայտարարություններն ու փոխադարձ գովեստները կենտրոնացած էին բացառապես ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի «անսխալականությունն» ապացուցելու վրա՝ խնամքով ստվերում թողնելով թե տարածաշրջանային սպառնալիքները, թե առկա խնդիրները։ Փոխանակ հասցեագրելու Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում առկա ռազմավարական անվտանգային խնդիրները, եվրոպական օրակարգը փորձում էր արհեստականորեն կերտել մի կայուն ու հաջողվաած պետության, բացառիկ նարտաքին քաղաքականություն վարող պետության պատկեր։

Այս ամենը տեղի ունեցավ ներքաղաքական խոր ճգնաժամի և հասարակության շրջանում բողոքի ձայների, պահանջների լիակատար անտեսման ֆոնին։ Մինչ պաշտոնական ամբիոններից հնչում էին ժողովրդավարական ինստիտուտների կայացման մասին հավաստիացումներ, գովեստներ, դրանցից դուրս մնացին ժողովրդի իրական պահանջներն ու համակարգային անարդարության դեմ պայքարող քաղաքացիների դժգոհությունները։ Եվրոպական հյուրերի և իշխանական քարոզչամեքենայի կողմից ստեղծված տոնական աղմուկի մեջ փորձ արվեց խլեցնել հանրային իրական բողոքը՝ ի ցույց դնելով այն անդունդը, որն առկա է պաշտոնական վիճակագրության և փողոցում տիրող տրամադրությունների միջև։

Կարդացեք նաև

Թեև պետք է նաև նշել, որ այս օրերին մայրաքաղաքի տարբեր հատվածներում մի շարք բողոքի ակցիաներ տեղի ունեցան՝ լսելի դարձնելու համար նաև ՀՀ քաղաքացու ձայնը, քանի որ իշխանությունները փակել են Արցախ վերադարձի թեման, այնինչ այդ պահանջը գոյություն ունի, ՀՀ իշխանություններն իրենց հայտարարություններում գրեթե չեն անդրադառնում հայ գերիների ու Արցախում հայկական պատմակրոնական ժառանգության պահպանության թեմային՝ անտեսելով փաստը, որ այդքան թմբկահարվող խաղաղության օրերին Ադրբեջանը պատերազմ է հայտարարել Արցախում հայկական հուշարձաններին ու եկեղեցիներին։

ՀՀ իշխանությունները խոսում են միմիայն խաղաղության, հաջողված արտաքին քաղաքականության մասին, իսկ այս օրերին ՀՀ-ում գտնվող եվրոպական «ընտանիքն» ամբողջությամբ աջակցեց ՀՀ իշխանությունների այս դիրքավորմանը։

Այսօր «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ընթացքում հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ում ելույթը ՀՀ արտաքին քաղաքականության հաջողության պատմության մասին էր, որ հաջողվել է խնդիրները վերածել հնարավորության, որ Հայաստանը վերջին տարիներին կարողացել է նվազեցնել քաղաքական, տնտեսական, էներգետիկ կախվածությունը մեկ կենտրոնից և դիվերսիֆիկացնել իր բարեկամ երկրների թիվը։ Սակայն այստեղ Արարատ Միրզոյանը չի նշել, թե ինչ մարտահրավերների է բախվում ու գուցե դեռ, ըստ մի շարք վերլուծաբանների, բախվելու է Հայաստանը։

Ի դեպ, այդ մարտահրավերներից խոսում են նաև եվրոպացի այն գործիչները, ում հետ իշխանությունները համագործակցում ու, ինչո՞ւ ոչ, նաև խորհրդակցում են։ Վերջին շրջանում Ռուսաստանում գործող հայկական բիզնեսն արդեն զգում է, այսպես կոչված, տնտեսական դիվերսիֆիկացիայի «հզոր ազդեցությունը», երբ Ռուսաստանը պարզապես սանկցիաներ է կիրառում որոշ բիզնեսների նկատմամբ՝ փաստի առջև կանգնեցնելով գործարարներին։

«Հիմա, կարծես, մենք ինչ-որ կերպ կարողացել ենք մեկ կենտրոնից մեր քաղաքական, տնտեսական, էներգետիկ կախվածությունը նվազեցնել և դիվերսիֆիկացնել մեր բարեկամների թիվը»,- ասաց Միրզոյանը։ Նա հիշեցրեց, որ Հայաստանը ռազմավարական գործընկերություն է հաստատել ԱՄՆ-ի, Եվրամիության, Չինաստանի, Ղազախստանի հետ, սերտ հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ, ինչպես նաև պահում է ամուր կապերը Ռուսաստանի հետ։ «Մեր նպատակն այս կապերը դիվերսիֆիկացնելն է»,- նշել է Միրզոյանը։ Այս ամենն իսկապես գեղեցիկ է հնչում, եթե չլինեին այն խնդիրները, որոնք իշխանությունը հմտորեն շրջանցում է։

Օրինակ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, թեև ստորագրված չէ, սակայն երկու երկրների միջև խաղաղությունն արդեն իսկ հաստատված է։ Սակայն, չգիտես ինչու, հաստատված խաղաղության պայմաններում շարունակում են հայ գերիներ մնալ Բաքվի բանտում, Ադրբեջանը նոր պատերազմ է հայտարարել հայկական ժառանգությանն Արցախում, իսկ Ադրբեջանի ղեկավարն առիթը բաց չի թողնում, այսպես կոչված, սեպարատիզմից ու սեպարատիզմը ջախջախելուց խոսելու համար։

«Մենք արդեն իսկ ունենք իրական խաղաղություն։ Ադրբեջանի հետ սահմանին դժբախտ դեպքեր չունենք, մեկ տարուց ավելի է, ինչ սահմանին կրակոցների հետևանքով զոհեր չունենք։

Ավելին՝ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան ապրանքների տեղափոխման սահմանափակումները։ Սա արդեն իսկ խաղաղության ուղղությամբ մեծ քայլ է։

Մենք Ադրբեջանի հետ նաև երկկողմ առևտուր ենք սկսել, նավթամթերք ենք գնում Ադրբեջանից, նաև որոշ ապրանքներ կվաճառենք ադրբեջանական ընկերություններին։ Սա իսկապես խաղաղության ապացույց է։ Չեմ կարող ասել, որ բոլոր հարցերը լուծված են։ Մենք ունեցել ենք շատ արյունալի հակամարտություն, վերքերը շատ թարմ են, և երկու ժողովուրդներն էլ դեռ իրական հաշտեցման կարիք ունեն։

Կան չլուծված հարցեր, մասնավորապես, հումանիտար կարգի. պահվող անձինք ունենք։ Բայց ուղին շատ լավատեսական է»,- նշել է Արարատ Միրզոյանը՝ պահվող անձանց թեմային անդրադառնալով թռուցիկ, որպես երկրորդական հարց։ Նա նաև պնդել է՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում չկա։ Սակայն մյուս պահին խոսել է այն մասին, որ հայ ժողովուրդը հանրաքվեով կորոշի, ու, որ դա ՀՀ ներքին հարցն է։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչու է հիմա, հենց այս փուլում ընդհանրապես Հայաստանը քննարկում հարց, որը ՀՀ-ի առջև դրված պայման չէ։

Քաղաքականության մեջ անկեղծությունը շռայլություն չէ, այլ պետականության կայունության հիմնասյուն։ Անկեղծությունը ենթադրում է սեփական սխալների և երկրի առջև ծառացած իրական վտանգների խոստովանում։ Առանց դրա քաղաքական գործընթացները, ինչպես այս դեպքում, եվրոպական միջոցառումները, վերածվում են բեմադրությունների՝ էլ ավելի քայքայելով հանրային մթնոլորտը։ Քաղաքական անկեղծության բացակայությունը ծնում է «զուգահեռ իրականություններ», որտեղ պաշտոնական քարոզչությունն ու ժողովրդի կենսազգացողությունը երբեք չեն հատվում։ Սա այն է, ինչ տեղի է ունենում Հայաստանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031