Իրան-ԱՄՆ բանակցային փակուղին խորանում է. ի՞նչ է առաջարկել Իրանն ԱՄՆ-ին

Իրան-ԱՄՆ բանակցային փակուղին շարունակվում է: Թեև ոչ ԱՄՆ-ը, ոչ Իրանը կողմ չեն ռազմական գործողությունների վերսկսմանը, որի շնորհիվ շարունակվում է պայմանական հրադադարը, բանակցային գործընթացը չի հաջողվում: Չնայած դրան, կուլիսային միջնորդավորված բանակցությունները և առաջարկները միմյանց շարունակվում են:

Axios առցանց պարբերականը, հղում անելով երկու անանուն տեղեկացված աղբյուրների, գրում է, որ Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է ապաշրջափակել Հորմուզի նեղուցը և վերջ տալ պատերազմին՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները տեղափոխելով ավելի ուշ փուլ։ Հրապարակման համաձայն՝ դիվանագիտությունը հայտնվել է փակուղում, իսկ Իրանի ղեկավարության ներսում չկա միասնական կարծիք միջուկային ծրագրի հարցում զիջումների գնալու հնարավորության վերաբերյալ։ «Իրանի առաջարկը թույլ կտար շրջանցել այդ խնդիրը՝ գործարքի ավելի արագ կնքման ճանապարհին»,- նշում են լրագրողները։ «Սակայն շրջափակման հանումը և պատերազմի ավարտն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կզրկեին ճնշման լծակներից հետագա բանակցություններում, որոնց նպատակն է հասնել նրան, որ Իրանն իր հարստացված ուրանի պաշարները տեղափոխի արտերկիր՝ դադարեցնելով դրա հարստացումը»։ Ըստ Axios-ի աղբյուրների՝ Թրամփը մտադիր է ապրիլի 27-ին ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության թիմի հետ խորհրդակցություն անցկացնել Իրանի հարցով։ Հանդիպման ընթացքում քննարկվելու են փակուղի մտած բանակցությունները և հնարավոր հետագա քայլերը։

Համաարաբական Al Mayadeen հեռուստաալիքի տվյալներով՝ Թեհրանի առաջարկած ծրագիրն ունի հետևյալ տեսքը.

  • Առաջին փուլ՝ համաձայնություն պատերազմի դադարեցման և Իրանի ու Լիբանանի համար անվտանգության երաշխիքների տրամադրման շուրջ։
  • Երկրորդ փուլ՝ Հորմուզի նեղուցի կառավարմանն առնչվող հարցեր։
  • Երրորդ փուլ՝ Իրանի միջուկային ծրագիրը։

Ըստ հրապարակման, Թեհրանը հրաժարվում է քննարկել վերջին կետը, քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել նախորդ երկուսի շուրջ։

Կարդացեք նաև

Ապրիլի 26-ին Fox News-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ մտադիր է շարունակել Հորմուզի նեղուցի շրջափակումը, ինչի պատճառով Իրանի նավթի արտահանումը կանգ է առել։ Նա հույս ունի, որ դա կստիպի Թեհրանին զիջումների գնալ մոտակա շաբաթների ընթացքում։ Թրամփը նաև հայտարարել է, որ ամերիկացի բանագնացներն այլևս չեն մեկնի Պակիստան՝ Իրանի հարցով բանակցությունների։

«Եթե նրանք ցանկանան, մենք կարող ենք խոսել, բայց մենք մարդկանց 18 ժամով ճանապարհ չենք գցի հանդիպման համար»,- ամփոփել է ԱՄՆ նախագահը։ Մեկ օր առաջ նա չեղարկել էր իր բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցն Իսլամաբադ։ Նույն օրը Պակիստանը լքել է նաև Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ Սակայն այսօր ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին այցով Մոսկվայում է:

Ըստ ԶԼՄ-ների, Մոսկվայում նա կքննարկի տարածաշրջանային խնդիրները, ներառյալ՝ իրանա-ամերիկյան հակամարտությունը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Արաղչին հանդիպում կունենա նաև Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու բանակցությունների ընթացքը և հրադադարի հեռանկարները։ Իրանի ԱԳ նախարար Արաղչին այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները փակուղի են մտել չափազանցված պահանջների և սխալ մոտեցումների պատճառով:

«ԱՄՆ-ի կողմից դրսևորվող սխալ մոտեցումները և չափազանցված պահանջները հանգեցրել են նրան, որ բանակցությունների նախորդ փուլը, չնայած գրանցված առաջընթացին, չկարողացավ իրականացնել սահմանված նպատակները»,- նշել է Արաղչին:

Ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բարդ դիմակայությունը շարունակվում է, կողմերից որևէ մեկը չի ցանկանում կատարել մեծ զիջում:

Նրա խոսքով, բանակցությունների գլխավոր խնդիրը ներկայումս հարստացված ուրանի հետագա ճակատագիրն է, որի վերաբերյալ նախկինում տարբեր առաջարկներ են եղել, իսկ ներկայումս էլ ԱՄՆ-ն է որոշ առաջարկներ արել՝ առաջարկելով տեղափոխել այն մեկ այլ երկիր:

«Թեհրանը, ամենայն հավանականությամբ, մինչ միջուկային հարցում հնարավոր համաձայնությունները ցանկանում է որոշակի երաշխիքներ ստանալ, դա է պատճառը, որ ներկայացվել է առաջարկ՝ բաղկացած երեք փուլից:

Չի բացառվում, որ այս ամենի հետ ուղիղ կապ ունի Իրանի ԱԳ նախարարի այցը Մոսկվա: Ցանկանում եմ հիշեցնել, որ երբեմն քննարկումների օրակարգում եղել է հարստացված ուրանը ՌԴ տեղափոխելու հարցը, ՌԴ-ն պատրաստ է եղել ընդունել այն: Կարծում եմ՝ ամենևին պատահական չէ, որ այս քննարկումների ընթացքում Իրանի գլխավոր բանակցողներից մեկն այցելում է Ռուսաստան: Մյուս կարևոր հարցը՝ ԱՄՆ-ը ցանկանում է, որ Իրանը 20 տարով դադարեցնի ուրանի հարստացումը, Իրանը նաև սրան պատրաստ չէ: Կողմերի միջև խնդրահարույց բանակցային հարցերից է իրանական ակտիվների ապաարգելափակումը: Ակնհայտ է, որ կողմերը սեփական քաղաքական կարմիր գծերը և «դեմքը» պահպանելու խնդիր են դրել, սակայն չկա նաև պատերազմը շարունակելու ցանկություն»,- ասաց Վլադիմիր Եվսեևը:

Նա, այնուամենայնիվ, գտնում է, որ հաջողության չհանգելու դեպքում ԱՄՆ-ը գուցե ճնշումների այլ մեխանիզմներ փորձի օգտագործել:

«Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ ԱՄՆ-ում առաջիկա ամիսներին ներքաղաքական զարգացումներ են սպասվում, ինչը սահմանափակում է ԱՄՆ նախագահի՝ երկարաժամկետ ծրագրավորման հնարավորությունը: Իրանում սա հասկանալով՝ փորձում են կառուցել իրենց մարտավարությունը»,- նշեց նա:

Խոսելով Հարավային Կովկասից, վերլուծաբանն ասաց, որ քանի դեռ ներկայիս իրավիճակը շարունակվում է, Հարավային Կովկասը կշարունակի գտնվել կանխատեսելի աշխարհաքաղաքական միջավայրում:

«Այնուամենայնիվ Իրանի ավելի կոշտ դիրքավորումը զգուշավորություն է հաղորդում բոլոր հարևաններին, այդ թվում՝ հարավկովկասյան ուղղությամբ Բաքվին և Երևանին: Իրանի դիրքորոշումները դեռ բարդ է անտեսել»,- ասաց Վլադիմիր Եվսեևը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930