«Տոնուսը» սնանկ է ճանաչվել
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Բաբայանի, հունիսի 14-ին սնանկ է ճանաչել «Տոնուս» ՍՊԸ-ին: Շինարարական ընկերության՝ կամավոր սնանկության պահանջի մասին գործով (ԵԱՆԴ/0040/04/13) դատարանին ներկայացված դիմումում նշված պարտավորության չափը կազմում է 6 մլրդ 460 մլն 474 հազ. 792 դրամ (մոտ 15 մլն 757 հազ. դոլար):
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Տոնուսի» կողմից ինքնասնանկացման համար ներկայացված դիմումը հետ էր ուղարկվել` փաստաթղթերի թերի լինելու պատճառով:
Դատարանը պահանջագիր է ուղարկել «Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպությանը, որպեսզի «Տոնուսի» սնանկության գործով կառավարիչ նշանակվի: Մինչ այդ ժամանակավոր կառավարիչ է նշանակվել կազմակերպության դիտորդ խորհրդի նախագահ Հրանտ Ղամբարյանը:
168.am-ի հետ զրույցում Հ. Ղամբարյանը հայտնեց, որ հիմնական կառավարչի ընտրությունը տեղի կունենա այսօր՝ հունիսի 19-ին, վիճակահանությամբ, որի արդյունքները հաստատելու է դատարանը:
Սնանկ ճանաչված ընկերության համար կա երկու ճանապարհ՝ կամ առողջացման ծրագիր է մշակվում, կամ լուծարում է տեղի ունենում: Դա էլ որոշվում է օրենքով. երբ կառավարիչը մամուլում հայտարարություն կտարածի պարտատերերի առաջին ժողով հրավիրելու մասին, դրանից 1 ամսվա ընթացքում բոլոր պարտատերերը, ովքեր պահանջ ունեն այդ ընկերության նկատմամբ, պարտավոր են գրանցվել դատարանում: Այդ 1 ամսից հետո նշանակվում է առաջին ժողովը: Եթե մինչ դա որևէ մեկի կողմից ներկայացվում է ընկերության առողջացման ծրագիր, դատարանը քննում է այն, և պարտատերերը քննարկում են. հնարավոր է՝ ընդունեն, հնարավոր է՝ ոչ: Եթե ծրագիրն ընդունվի, ընկերությունը կգնա առողջացման ճանապարհով, իսկ եթե չընդունվի, ապա կկատարվի լուծարում՝ եղած ակտիվները կառավարիչը կդնի օտարման, կհավաքագրի գումարները և կբաժանի պարտատերերի միջև: Թե ում ինչքան կհասնի, և ինչ կլինի, սա արդեն տեխնիկական հարց է և կախված է օգուտի չափերից:
«Տոնուսի» գործունեությունից մինչ օրս բողոքել են ընկերության կողմից կառուցվող Փափազյան 118/1 և Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասում 44/4 բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարան ձեռք բերած քաղաքացիները: Ընկերությունը նաև վարկային պարտավորություն ունի «Արցախբանկի» հանդեպ, որտեղ գրավադրված են բնակարաները: Սնանկության գործով կառավարիչը պետք է ուսումնասիրի այդ բնակարանների կարգավիճակը: Շատ հնարավոր է, որ լինեն մարդիկ, ովքեր բնակարանները ձեռք են բերել, ունեն իրենց անունով ձևակերպված սեփականության վկայական, սակայն իրենք էլ դա որպես գրավի առարկա թողած լինեն բանկում: Տեսականորեն շենքի կեսը կարող է գրավադրված լինել, կեսը՝ ոչ: Չի բացառվում նաև, որ այդ գործողություններում քրեորեն պատժելի արարքներ լինեն, ինչը պարզ կդառնա փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում: