Իրանը մերժում է ժամանակավոր հրադադարը և ձգտում է դադարեցնել պատերազմը տարածաշրջանում. ԱԳ փոխնախարար
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը մերժում է ցանկացած ժամանակավոր հրադադար և ձգտում է տարածաշրջանում պատերազմի համապարփակ դադարեցման։ Ինչպես տեղեկանում ենք Al Jazeera-ից, այս մասին Խաթիբզադեն նշել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ ցանկացած հրադադար պետք է ներառի հակամարտության բոլոր գոտիները՝ «Լիբանանից մինչև Կարմիր ծով»։ Պաշտոնյան սա որակել է որպես «կարմիր գիծ» Իրանի համար։
«Մենք չենք ընդունում որևէ ժամանակավոր հրադադար»,- ասել է նա՝ հավելելով, որ հակամարտության ցիկլն «այստեղ պետք է մեկընդմիշտ ավարտվի»։
Հորմուզի նեղուցի վերաբերյալ փոխնախարարը նշել է, որ ջրային ճանապարհը պատմականորեն մնացել է բաց՝ հավելելով, որ չնայած այն գտնվում է Իրանի տարածքային ջրերում, սակայն վաղուց հասանելի է եղել։
Նա մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին տարածաշրջանում անկայունություն հրահրելու համար՝ նշելով, որ նրանց գործողությունները բացասաբար են ազդել համաշխարհային առևտրի ու տնտեսության վրա։



