«Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բաց է լինելու, շինաշխատանքներն էլ՝ ավարտված». Սաշուր Քալաշյան
Նախորդ տարվա օգոստոսին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտնել էր, որ մեկնարկում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինաշխատանքների 2-րդ փուլը։ Շինաշխատանքների ընթացքում պետք է վերանորոգվեն հուշարձանի 3 մույթերը։
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի խոսքով՝ 3 մույթերի վերանորոգման աշխատանքները կավարտեն մինչև ապրիլի 24-ը, այսինքն՝ ապրիլի 24-ին հուշահամալիրը բաց է լինելու այցելուների առջև։
«Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բաց է լինելու, շինաշխատանքներն էլ՝ ավարտված, տարածքն էլ՝ մաքրված։ Այցելուները կտեսնեն նախկին տեսքը, շինաշխատանքների որակը բավարար է, չեն շտապել, որևէ խնդիր չկա։ Ընդհանուր աշխատանքները մեր վերահսկողության տակ են, միայն մենք չենք հսկում, հուշարձանների պահպանության վարչությունից գալիս, իրենք էլ իրենց հերթին են հսկում, որևէ բողոք չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սաշուր Քալաշյանը։
Ճարտարապետի խոսքով՝ ապրիլի 24-ից հետո մյուս մյութերը նույնպես կվերանորոգեն։
«Մենք դեռևս 3 մույթ ենք վերանորոգել, մինչդեռ կա 12 մույթ, այսինքն՝ 9 հատ մույթ էլ պետք է վերանորոգվի, դեռևս կորոշենք՝ ամբողջությա՞մբ անենք, թե՞ մաս-մաս, կարծում եմ՝ մաս-մաս կանենք։
Բոլոր աշխատանքներում ինքս ակտիվ ներգրավված եմ, շաբաթը մեկ կամ երկու անգամ պարտադիր մենք գնում ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծանոթանում իրականացվող աշխատանքներին»,- նշեց Սաշուր Քալաշյանը։
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերանորոգմանը, ապա ճարտարապետն ասաց՝ տանիքն են վերանորոգում, ճակատային հատվածն է մաքրվում աղակալումներից։ Ապրիլի 24-ին այդ աշխատանքներն էլ կավարտվեն, քանի որ տանիքի մի հատվածն է արվում, ամբողջական կարվի հետո։
Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը բացվել է 1995 թվականին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցի ժամանակ։ Թանգարան-ինստիտուտի ճարտարապետներն են Սաշուր Քալաշյանը, Արթուր Թարխանյանը, քանդակագործն է Ֆերդինանդ Առաքելյանը։
ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների այցելությունը Հայոց ցեղասպանության թանգարան նախատեսված է պետական արարողակարգով։
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման աշխատանքներն ավարտվել են 1967 թվականին, բացումը տեղի է ունեցել նույն թվականի նոյեմբերի 29-ին՝ Խորհրդային իշխանության օրոք, երբ մերժված էր ազգային գաղափարախոսությունը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հիշատակումը։
Հուշահամալիրը նվիրված է 1915 թվականին Արևմտյան Հայաստանում Օսմանյան իշխանությունների կողմից սպանված 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին։



