«Մույթերի վերանորոգումը մանրակրկիտ աշխատանք է պահանջում, ամեն սանտիմետրը պետք է տասն անգամ չափել. Սաշուր Քալաշյան
Երկրորդ տարին է՝ վերանորոգվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, առաջին փուլով վերանորոգվել էր հուշահամալիրի 3 մույթերը, շուտով կմեկնարկի ևս 3 մույթերի վերանորոգումը։
Չնայած վերանորոգման այս աշխատանքները մեծ աղմուկ էին հանել, սակայն Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը վստահեցնում է՝ աշխատանքները պատշաճ կատարվում են, մանրակրկիտ, որևէ վնաս հուշահամալիրին չի հասցվում։
«Շուտով 3 մույթերի նորոգման աշխատանքները կմեկնարկեն և կշարունակվեն մինչև տարվա վերջ, այսպես եմ ասում՝ հաշվի առնելով եղանակային պայմանները, եթե անձրև, ձյուն լինի, աշխատանքներին կխանգարի, իսկ եթե եղանակային պայմանները լավը լինեն, նոյեմբերին կավարտենք։
Հուշահամալիրի նորոգման աշխատանքները կշարունակվեն նաև հաջորդ տարի, այսինքն՝ ևս 3 մույթ էլ հաջորդ տարի կանենք, դե, մույթերի նորոգման աշխատանքներին զուգահեռ՝ այլ աշխատանքներ էլ են արվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սաշուր Քալաշյանը։
Նրա բնորոշմամբ՝ մույթերի վերանորոգումն ընդհանուր առմամբ շատ ծանր աշխատանք է և հնարավոր չէ արագ անել։
«Մանրակրկիտ ու նուրբ աշխատանք է պահանջվում, մեկ ամսվա բան չէ, ամեն մեկ սանտիմետրը պետք է տասն անգամ չափել։ Մենք ոչ միայն լավ մասնագետներ ունենք, այլև բավականին մեծ փորձ, քանի որ նախորդ տարի աշխատանքները բավականին դժվար եղան սկզբնական հատվածում։ Հիմա ամեն բան անգիր ենք արել, գիտենք, թե ամեն հատվածում ինչ դժվարություններ կան։ Համոզված եղեք, անորակ ոչինչ չի արվում, ամեն ինչ պատշաճ իրականացնում ենք»,- հավելեց Սաշուր Քալաշյանը։
Ըստ ճարտարապետի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում էլ ներքին ու արտաքին վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Նախորդ տարի կատարվել է տանիքի հիմնանորոգում ՝արևմտյան հատվածում։ Այս տարի էլ հավանաբար կենտրոնական տանիքի հիմնանորոգումը տեղի կունենա կամ ճակատային հատվածի։
«Ճակատային հատվածում անձրևաջրերի սողանցք ունենք դեպի ներս, այդ հարցը պետք է լուծվի»,- ընդգծեց Սաշուր Քալաշյանը։
Նշենք, որ հուշահամալիրում 2025 թվականի շինաշխատանքների մեկնարկից օրեր անց, բազմաթիվ ճարտարապետներ, հասարակական գործիչներ հայտարարեցին, որ նման աշխատանքները վնասելու են հուշահամալիրը, հետևաբար՝ շինաշխատանքները պետք է դադարեցվեն, տեղի ունենա քննարկում, այնուհետև շարունակվի՝ հաշվի առնելով մասնագետների կարծիքը։ Սակայն այդ աշխատանքները չդադարեցին։
Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը բացվել է 1995 թվականին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցի ժամանակ։ Թանգարան-ինստիտուտի ճարտարապետներն են Սաշուր Քալաշյանը, Արթուր Թարխանյանը, քանդակագործն է Ֆերդինանդ Առաքելյանը։
ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների այցելությունը Հայոց ցեղասպանության թանգարան նախատեսված է պետական արարողակարգով։
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման աշխատանքներն ավարտվել են 1967 թվականին, բացումը տեղի է ունեցել նույն թվականի նոյեմբերի 29-ին՝ Խորհրդային իշխանության օրոք, երբ մերժված էր ազգային գաղափարախոսությունը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հիշատակումը։
Հուշահամալիրը նվիրված է 1915 թվականին Արևմտյան Հայաստանում Օսմանյան իշխանությունների կողմից սպանված 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին։

