ԵԿՄ դրամաշնորհի չափն ավելացվել է․ այս անգամ ՊՆ-ն կառույցին կհատկացնի 271 միլիոն 890.000 դրամ
Երկրապահ կամավորական միությունը 2022 թվականից արդեն ավանդույթ դարձած հերթական դրամաշնորհն է ստացել Պաշտպանության նախարարությունից։
271 միլիոն 890.000 դրամ դրամաշնորհի պայմանագրի մասին էլեկտրոնային գնումների համակարգում հանրայնացում կա, սակայն բուն պայմանագիրը, «բլանկ» անվանումով, դատարկ է։
Ամեն դեպքում, հիշեցնենք, որ նախորդ տարիներին այդ հատկացումը հիմնավորվում էր «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ գործունեության ողջ ծավալով ապահովումով։
«2020թ. պատերազմի ընթացքում «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն ունեցել է նշանակալի մասնակցություն` ունենալով կազմակերպության անդամների մեծ թվով (74 զոհ) մարդկային կորուստներ և 114 վիրավոր: Հետպատերազմյան շրջանում ավելի քան 4000 ԵԿՄ կամավորականներ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում մարտական հերթապահություն են իրականացրել տարբեր մարտական դիրքերում:
Հաշվի առնելով, որ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ, օժանդակում է նրա առջև դրված խնդիրների կատարմանը, ՀՀ զինված ուժերի համար դաստիարակում և պատրաստում է ապագա զինվորներ, նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովել ՀԿ-ի 2025 թվականի գործունեության իրականացումը ողջ ծավալով»,- նշվել էր կառավարության նախորդ տարվա որոշման հիմնավորման մեջ։
Հավելենք, որ մինչև նախորդ՝ 2025 թվականը, ՊՆ-ից ստացած դրամաշնորհի չափը կայուն 234 միլիոն 638.000 դրամ էր, այս տարի է հավելում եղել։
Այս տարին, իհարկե, տարբերվում է նաև այն հանգամանքով, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը որոշակի պաուզաներից հետո նորից ակտիվություն է դրսևորում, ավելին՝ արդեն «ուրախ ավտոբուսի» շրջանակում մասնակցում է չհայտարարված քարոզարշավին։



