Աննա Վարդապետյանը Չինաստանում կմասնակցի Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու Շանհայում կայանալիք՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 61-րդ նիստից բացի, Շանհայ քաղաքում նախատեսվում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանդիպումը ՉԺՀ Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգի, ինչպես նաև Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնայի հետ:
2025 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սինգապուրի Հանրապետությունում կայացած՝ ԴՄԱ Գլխավոր ժողովում ընտրվել է ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ:
Գործադիր կոմիտեն ԴՄԱ-ի ղեկավար և վարչական մարմինն է: Այն կազմված է Նախագահից, փոխնախագահներից և 20 անդամներից:
ՀՀ գլխավոր դատախազությունը ԴՄԱ-ին անդամակցում է 1999 թվականի հունվարի 1-ից, իսկ որպես Գործադիր կոմիտեի անդամ՝ 2025 թվականին առաջադրվել էր առաջին անգամ:
Ասոցիացիան հիմնադրվել է 1995 թվականին և նպատակ ունի աջակցել բոլոր դատախազներին՝ խթանելու իրավունքի գերակայությունը և ապահովելու մասնագիտական վարքագծի վերաբերյալ ԴՄԱ չափանիշների լիարժեք կիրառումը։



