Արմեն Սարգսյանը պետք է գործն ավարտեր, բայց 25,000 ստեռլինգ տվեց… հետո դարձավ նախագահ․ Արթուր Միտինյան
Խմբի երաժշտությունը գրավել էր քննադատների ուշադրությունը՝ ծանր ռոքի և հայկական հոգևոր երաժշտության հետաքրքիր միաձուլմամբ։ Ինչպե՞ս հիմնվեց լեգենդար «Այաս» ռոք խումբը, ի՞նչ պատճառով համերգն ընդհատվեց ու իջեցվեցին վարագույրները։ Այս մասին զրուցել ենք կոմպոզիտոր, խմբի հիմնադիր, մեներգիչ Արթուր Միտինյանի հետ։

– «Այաս»-ը հիմնադրել եք 1986թ., ինչպիսի՞ մթնոլորտ էր այդ ժամանակ, և ինչպե՞ս հանդգնեցիք ռոք խումբ ստեղծել։
– Ռոք երաժշտությամբ սկսել եմ զբաղվել 1980-ականներից և իմ առաջին խումբը կոչվում էր «Էլիպս», հետո աշխատում էի «Ասպարեզ»-ում՝ 1983-1986թթ., ապա ստեղծեցի «Այաս»-ը։ Մարդիկ զգում էին ազատություն և այն ժամանան շատ մեծ շարժում էր մեզ մոտ։
Ինձ շատ են հարցնում՝ ինչո՞ւ ես օգտագործում հայկական երաժշտությունը, պատասխանում եմ, որ երաժիշտն առաջին հերթին պետք է օգտագործի իրեն հարազատ երաժշտությունը։ Ճանաչված խմբերի դեպքում միանգամից զգում ես՝ անգլիակա՞ն է, ֆրանսիակա՞ն, թե՞ հունական։ Եթե հայկական խումբը նվագի հոյակապ, բայց ամերիկյան ոճով, արդեն հետաքրքիր խումբ չէ։ Հայկական երաժշտությունը շատ հարուստ է։ Ունենք մեր լադերը, որը կոչվում է տետրախորդ։ Հայկական երաժշտությունը կիսվում է երեք մասի. գուսանական, ժողովրդական և եկեղեցական։ Կեսը գուսանական վերցնես, կեսը՝ ժողովրդական երաժշտություն, արդեն հետաքրքիր է։ Մինչև հիմա այդ ոճով ենք աշխատում։ 1988թ. գերմանական մամուլը ԽՍՀՄ լավագույն 10 խմբերից մեկը մերն էր ճանաչել։
– Այդ թվականներին ռոքն ընդունված չի եղել։
– Հա, մեզ մոտ ընդունված չէր։ Հիշում եմ, երբ Կոնսերվատորիայում էի սովորում և պարտիտուր (բազմաձայն երաժշտական ստեղծագործության՝ գործիքային, խմբերգային կամ վոկալ-գործիքային բոլոր ձայների համատեղ նոտագրումը) էի գրել, քննության ժամանակ հանվեց ու 3 ստացա։ Դեռ լավ է, որ 3 դրեցին։ Կոմպոզիտորները նստած էին, երբ երգեհոնի տխուր ձայնն էր, բոլորը լսում էին, հետո, երբ կիթառը հնչեց՝ կոմպոզիտորներից մեկն ասաց․ «Վայ ամա՜ն, այս ի՞նչ է կատարվում»։ Այն ժամանակ չէին ընդունում, բայց հիմա ասում են՝ բա ոնց, 40 տարի ռոք ենք լսել։
– Ձեր խմբին շատ են քննադատել, պատճառը երաժշտությո՞ւնն էր, թե՞ անձինք։
– Կարելի է ասել՝ երկուսն էլ։ Մեզ մոտ սկզբից մինչև վերջ արևելյան երաժշտություն է, միայն տետրախորդներ են։
– Խմբի անունն ինչպե՞ս եք որոշել։
– Խմբի անվան գաղափարը երիտասարդական «Դեբյուտ» թատրոնի ռեժիսոր Լև Հովհաննիսյանինն է: «Այաս»-ը Կիլիկիայի խոշոր նավահանգիստներից մեկն է եղել։
– Քննադատել են Ձեր երգերի գաղափարախոսությունը, արգելել բեմադրություններ, անգամ համերգներից մեկի ընթացքում իջեցվել է վարագույրը: Ո՞ր երգի ժամանակ է եղել։
– 1985թ. դեռ «Ասպարեզ»-ի հետ էի աշխատում, գործերից մեկը կոչվում էր «Ծերունին ու նավը», որը գրվել էր IX դարի հայ անհայտ հեղինակի ստեղծագործության հիման վրա, և հիշատակվում էր Արարիչը, մի կոմունիստ եկավ, թե՝ միայն այդ բառի համար այս գործը պետք է հանեք։ Հրաժարվեցինք։ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում երբ հնչեց այդ գործը՝ վարագույրը միանգամից փակվեց։ Բառի, ծանր երաժշտության դեպքում խոսակցություն էր լինում այն ժամանակ։ Մեկ բառի համար այդպես արեցին։
Ի դեպ, Հայաստանում պայմաններն ավելի հանգիստ էին, օրինակ, Ռուսաստանում մի ընկեր ունեմ՝ Աստվածաշնչից 2-3 էջ էր տպել՝ 3 տարով բանտարկեցին։

Հիշում եմ, մեկ անգամ մեզ կանչել էին՝ հարցնելու, թե ինչի՞ մասին ենք երգում, ասացինք, որ Սևակի, Չարենցի, Շիրազի բանաստեղծություններն են, ասացին՝ կարող եք գնալ։ Բայց ստել էինք, նման բան չկար։
– Աշխարհում առաջին «Բիթլզը ընդմիշտ» ռոք-բալետի հեղինակն եք։
– 2005թ. ինձ հրավիրել էին Սամարա, որովհետև նրանց մոտ շատ վատ վիճակ էր, կոմպոզիտորներից մեկը չէր կարողացել գրել ռոք-սիմֆոնիան, պետք է նախարարությանը պատասխան տային, ու ես պետք է փրկեի այդ իրավիճակը։ 5 ամսում գրեցի ռոք-բալետ և ներկայացումը տեղի ունեցավ 2006թ. մայիսի 31-ին։
– Դրանից հետո Ձեզ համար դռներ չբացվեցի՞ն։
– Իհարկե բացվեցին։ Այնպես ստացվեց, որ հրավիրեցին գրելու ռոք-օպերա, որովհետև արդեն ռոք-բալետ գրել էի, ու նշանակում էր, որ ինչ-որ բան հասկանում եմ, և 2013թ. Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքի հիման վրա գրվեց ռոք-օպերան։ Պրեմիերան տեղի ուենցավ 2014թ. Աբովյանի թատրոնում։ 8 ամիս աշխատեցինք, ստացանք 20.000 դրամ։
– Հիմա կարողանո՞ւմ եք գումար աշխատել։
– Դրա մասին չեմ մտածում։ Իմ խմբի անդամներն առանց կոպեկի են աշխատում, ռոք նվագելով գումար չեն աշխատում, ապրելու համար այլ աշխատանքներ են կատարում, բայց գալիս են նվագելու, որովհետև չեն կարող առանց երաժշտության։
– Իսկ դուք փող չեք աշխատո՞ւմ, որ ապրեք։
– Օնլայն դասեր եմ տալիս, աշխատում եմ իմ սիրած մասնագիտությամբ՝ երաժշտությամբ։
– Ե՛վ ՀՀ, և՛ ՌԴ կոմպոզիտորների միության անդամ եք: Ձեր ներուժը երկու երկրներում ամբողջությամբ օգտագործո՞ւմ են։
– Առաջ նորմալ էր, հիմա Մոսկվայում լրիվ խառնվել է իրար, նոր պայմաններ են առաջ քաշել։ Անընդհատ նոր օրենքներ են ընդունում։
– Խումբը մինչև օրս գործում է, իսկ ելույթներ ունենո՞ւմ եք։
– Վերջին անգամ ելույթ ունեցել ենք անցած տարի։ Քիչ ենք ելույթ ունենում, որովհետև մեր գործերը մի քիչ դժվար են, ուզում ենք, որ որակով լինեն։
– Ռոք երաժշտությունը կարո՞ղ ենք համարել պատանիների և երիտասարդների սիրելի ժանր։
– Չենք կարող։ Հիշում եմ, 2008թ. իմ հեղինակային երեկոյից հետո ընկերս զանգեց, թե՝ 86-ամյա մայրս քո ամենամեծ երկրպագուն է, լսում է ձեր երաժշտությունը։ Իրոք, կան շատ մարդիկ, ովքեր 70-80 տարեկան են և մեզ լսում են։
Մեր հարևանների մասին էլ չասեմ։ 40 տարի է՝ ռոք երգեր են լսում ու չեն բողոքում։
– 1980-ականներին ի՞նչ փոխեցիք մարդկանց մտածողության մեջ ու հիմա ի՞նչը կուզեիք երաժշտության միջոցով փոխել։
– Սիրում եմ Հենդելի խոսքը, որ ասել էր․ «Դժգոհ կլինեի, որ իմ երաժշտությունը միայն դուր գար մարդուն, ուզում եմ, որ նրանք իմ երաժշտությունից հետո ստանան ուժ, դառնան լավը»։ 1980-ականներին երբ հնչեց ռոքը՝ մարդիկ ազատություն զգացին, որովհետև դրանից առաջ ամեն ինչ փակ էր։
Ես ուզում էի աշխարհին ցույց տալ, որ հայերը ռոքի մեջ էլ են ուժեղ։ Կուզեի, որ իմ երաժշտությունից հետո մարդիկ ավելի հզորանային, հավատային Հայաստանի պայծառ ապագային։
– Կա՞ն խնդիրներ, որոնց կուզեիք երաժշտությամբ անդրադառնալ։
– Առաջ ունեի, հիմա՝ չէ։ Որոշ ժամանակ Մոսկվայում ապրեցի, երբ 2007թ. վերադարձա Հայաստան՝ տեսա, որ կյանքն ավելի հետաքրքիր էր դարձել, այնինչ ասում էին՝ վիճակը վատ է։
– Տարիներ առաջ երբ զրուցում էինք՝ ասացիք, որ «Տիգրան Մեծ» օպերան եք հեղինակել, բայց կային ֆինանսական խնդիրներ։ Ո՞ւր հասաք։
– Մինչև հիմա կա խնդիրը։ Պետք է գումար, որ մարդկանց վճարեն։ Շատ կատարողների գիտեմ, որ վազելով կգան-կմասնակցեն, բայց պետք է ինչ-որ աշխատավարձ ստանան։ Նվագախումբ է լինելու, շատ մարդ է մասնակցելու, մեծ գումար է պետք։ Ես պատրաստ եմ, ուղղակի անպայման պետք է հովանավոր լինի։ Ամեն անգամ մարդիկ հո 20.000 դրամ չե՞ն ստանա։
– Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ կապ կա՞, գիտե՞ն, որ նման ռոք-օպերա գոյություն ունի։
– Կապ եղել է, մի քանի անգամ ցույց եմ տվել, բայց էլի ֆինանսական խնդիր կար։ Ասացին ՝մեծ հաճույքով կներկայացնեն, բայց ֆինանս չկա։ Կոնստանտին Օրբելյանն էր այն ժամանակ։ Ուղղակի սա յուրահատուկ ժանր է, ռոք խումբը պետք է մասնակցի, տեխնիկա պետք է լինի։ Ես տանն ամեն ինչ ունեմ, բայց դա քիչ է, թատրոնը սեփականը պետք է ունենա։ Հետո օպերայի հետ մի քիչ բալետ էլ կա, դրա համար դժվար է։
Նույնիսկ 2-3 տարի առաջ ԿԳՄՍ նախարարություն ենք գնացել, քանի որ մեզ Շվեդիա էին հրավիրել, ասացին՝ մեծ հաճույքով կօգնեն, բայց հիմա հնարավորություն չկա։ Նշեմ, որ շվեդական շատ հայտնի ընկերություն է մեզ հրավիրում Շվեդիա՝ երկու նախագծի համար։ Ինձ ասացին՝ եթե հրավիրում է, ուրեմն փող պետք է ուղարկի։
Բայց այդպես չի լինի, մեզ համար նրանք լավ պայմաններ են ստեղծել, այո, մեր հաշվին գնանք, ապրենք, բայց օգնություն է պետք, մեծ գումար է անհրաժեշտ։ Խմբին հրավիրում են՝ ձայնասկավառակ թողարկելու համար, ինչը մեծ քայլ կլինի մեզ համար։
Իսկ օպերայի համար հիմա չեմ խոսում, որովհետև եղել է, որ, օրինակ, Լիվերպուլում ուզում էին իմ ռոք-բալետը դնեին, ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը պետք է լրիվ գործն աներ, 25.000 ստեռլինգ տվեց, չէր հերիքում, բայց առաջին քայլի համար նորմալ էր։ Սակայն ամեն ինչ թողեց՝ եկավ Հայաստան, դարձավ նախագահ, ու Լիվերպուլի պատմությունն այդպես փակվեց։

– Դարձավ նախագահ՝ Ձեզ մոռացավ։
– Դե, ուրիշ գործերով էր զբաղված։ Հեղափոխությունն էլ եղավ՝ լրիվ խառնվեց իրար։
– Էլի կարող եք հիշեցնել՝ գնացել է։
– Ներքին ձայնս ասում է, որ չի ստացվի։ Ուրիշ ճանապարհ պետք է գտնենք։
– Նոր նախագծեր ունե՞ք։
– Շատ եմ աշխատում։ Եկեղեցական երաժշտություն եմ գրում, լարային քառյակի համար էլ եմ գրում։ Միանգամից մի քանի ժանրում եմ աշխատում։
– Եթե Ձեր երաժշտական ճանապարհը նորից սկսեիք՝ նույն կետի՞ց կլիներ։
– Իհարկե։ Ու նորից ռոք։ Այս ոճն իմն է։ Ռոքն ու դասական երաժշտությունը շատ կապված են։ Առանց դասականի չէր լինի ռոքը։ Անգամ ռոքի մասին հանրագիտարանը երբ հրատարակվեց, հայտնի խմբերի կողքին Բախի անունը կար։
Մի ժամանակ ասում էին՝ «Բիթլզը» կանգնեցրեց երրորդ համաշխարհային պատմությունը։ Ճիշտ են ասել, որովհետև մարդիկ չգիտեին՝ ինչ լսել։
– Հիմա էլ երևի ամբողջ աշխարհին ռոքը փրկի։
– Անպայման։ Մարդիկ պետք է հասկանան՝ ի՞նչ է կատարվում, ուղեղը ճիշտ ուղղությամբ աշխատի։



