Ընդդիմությունը պետք է պրոակտիվ լինի և խլացնի Փաշինյանի օրակարգերը․ Կարեն Քոչարյան
Եթե ՔՊ-ն ներկուսակցական քարոզարշավ է անում, ինչո՞ւ է հարկատուներիս հաշվին աշխատող Հանրային հեռուստատեսությունն այն լուսաբանում, իսկ մնացած կուսակցություններինը՝ ոչ։ Այս դարում տեղեկատվությունն արգելափակելը շատ բարդ է, բայց ընդդիմության տարբեր թևերին պետք է հարցնել՝ ինչո՞ւ եք խաղում իր խաղը։ Եթե նա «պերաշկի» է ուտում, ինչո՞ւ եք դուք դա լուսաբանում, դնում ձեր էջերին, նույնիսկ հեգնանքով։ Իշխանության ցանկացած քայլ պետք է արհամարհել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Իշխանություններն ունեն իրենց լրատվամիջոցները, իրենք այդ ամենը ցույց կտան, կլուսաբանեն, կգովաբանեն, դա իրենց խնդիրն է։ Ընդդիմությո՛ւն, դուք ձե՛ր օրակարգն առաջ տարեք, ձե՛րը թելադրեք։ Վերջին հինգ տարում ընդդիմության խնդիրը, բացառությամբ Սրբազան շարժման մեկ-մեկուկես ամսվա, եղել է այն, որ օրակարգը թելադրվել է իշխանության կողմից։
Ընդդիմությունը եղել է ոչ թե պրոակտիվ, այլ ռեակտիվ, այսինքն՝ գնացել է իշխանության թելադրած օրակարգով։
Ընդդիմությունը պետք է պրոակտիվ լինի, և այդ դեպքում, բնականաբար, շատ բան արդեն կխլացվի»,- ասաց հանրային գործիչը:
«Օրինակ, «Ուժեղ Հայաստանը» կարողանում է թելադրել իր օրակարգերը, չի պատասխանում իշխանությանը, ինքն իրենն է թելադրում և գնում է առաջ։ Չի ասում՝ դավաճան, հողատու, իրենք իրենց տնտեսական և անվտանգային ծրագրերը, իրենց դեմքերին, մասնագետներին են ներկայացնում։ Անգամ հումորն են շատ հետաքրքիր ձևով անում։
Օրինակ, անակնկալ էր, երբ Նարեկ Կարապետյանը չամիչով բուլկի է գնում, դա լավ իմաստով զարմացնում է։ Այստեղ պարզ երևում է, որ ոչ ստանդարտ ուղով են գնում»,- նշեց քաղտեխնոլոգը:
Հանրային գործչի պնդմամբ՝ ընդդիմությունը կարող է, օրինակ, հիշեցնել, թե Փաշինյանն ի՞նչ է խոսք տվել 2018 թվականին, ի՞նչն է խաբել, ի՞նչը չի արել, ի՞նչ գործարաններ ու արտադրություններ պիտի բացեր, որոնք բոլորը, բնականաբար, 100 %-անոց փուչիկ են և գոյություն չունեն. «Ասե՛ք, որ երբ գնում ու մարդկանց վրա մուննաթ ես գալիս, թե, օրինակ, ասֆալտ ես արել, պետք է հակադարձել, որ դա հարկատուների փողերով է արել, և դա այն է, ինչի համար քեզ այդտեղ նշանակել կամ ընտրել են։ Խոսելու, աչքը մտցնելու այնքան օրակարգային խնդիրներ կան, որ ընդդիմության բոլոր թևերը պետք է ամեն օր սերիալի նման այդ ամենը մտցնեն բոլորի աչքը»:

«Լավ է, որ ընդդիմությունը մի քանի շարքերով է գնում, որովհետև ցանկացած ընդդիմություն իր ընտրազանգվածի վրա պետք է աշխատի, որպեսզի կարողանա բացատրել, որ քվեարկության օրն ընտրողը պետք է լինի ընտրատեղամասում։
Առաջին հերթին, իհարկե, սա քաղաքական ուժերի, բայց նաև բոլոր նրանց գործն է, ովքեր մտահոգ են այս պետության և իրենց երեխաների ապագայով։ Ինչ վերաբերում է սոցհարցումներին, հարցվողները շատ դեպքերում վախենում են, խուսափում են, չեն ուզում երևալ, հետևաբար՝ հաճախ այդ տվյալները վստահելի չեն։ Փոխանակ հիմա ընդդիմությունն ընկնի իրար հետևից, ավելի լավ է՝ ընկնի իր ընտրազանգվածի հետևից, աշխատի իր ընտրազանգվածի հետ։
Շփվե՛ք մարդկանց հետ, փորձեք հասկանալ՝ ի՞նչ են ուզում, ո՞ւմ են ուզում, գոնե այդ կերպարը փորձեք հասկանալ»,- ասաց Կարեն Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսայութում:



