Իշխանությունը բացահայտեց իր վախերը. Փաշինյանի համար անորոշ է՝ ինչի է ընդունակ Ռուսաստանը. Վիգեն Հակոբյան

Ընդդիմությունն իշխանության գալուց հետո նախ և առաջ պետք է դադարեցնի պատերազմը և միայն դրանից հետո փորձի հասնել արժանապատիվ խաղաղության, քանի որ Ադրբեջանը շարունակում է հիբրիդային և այլ միջոցներով, ըստ էության, պատերազմ վարել Հայաստանի դեմ։ Այսպիսի կարծիք հայտնեց 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին։

«Մենք հիմա հայ-ադրբեջանական պատերազմի հիբրիդային փուլում ենք, մենք ոչ թե խաղաղության փուլում ենք, այլ հիբրիդային պատերազմի փուլում ենք, այսինքն՝ պատերազմի «տաք փուլը» հիմա ուղղակի փոխարինվել է հիբրիդայինով, որը կարող է, ցավոք սրտի, ցանկացած պահի, ընդ որում՝ Ադրբեջանի ցանկությամբ՝ փոխարինվել նորից «տաք ֆազայով», որով հիմա մեզ բոլորիս վախեցնում է հենց Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար՝ ընդդիմության հիմնական նպատակը պետք է լինի գալ իշխանության և առաջին հերթին դադարեցնել պատերազմն Ադրբեջանի և Հայաստանի միջև, այսինքն՝ խաղաղություն հաստատել, ոչ թե այլընտրանքային, արժանապատիվ և այլ խաղաղություն բերելու մասին խոսելը։ Հիմա փաստացի պատերազմ է գնում Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մենք պետք է հասկանանք, որ չկա խաղաղություն, կա պատերազմ, պարզապես պատերազմի տարբեր ձևեր են լինում»,- կարծում է Վիգեն Հակոբյանը։

Քաղաքագետի խոսքով՝ այս պահի դրությամբ քաղաքական դաշտում ականատես ենք հիմնականում չորս ընդդիմադիր ձևաչափերի ձևավորման՝ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը», ՀՀ երկրորդ նախագահի գլխավորած «Հայաստան» դաշինքը, Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին»-ը և «Միասնության թևեր»-ի, «ՀայաՔվե»-ի ու «Շանթ» դաշինքի միավորումը։ Առայժմ հայտնի չէ, թե մասնակցելո՞ւ է արդյոք Հանրապետական կուսակցությունը։

Կարդացեք նաև

«Այս չորսի մասին խոսելիս՝ շատ կարևոր է, որ տակտիկապես լինելով առանձին միավորումներ՝ իրենք կարողանան ընկալվել հասարակության կողմից՝ որպես ռազմավարական առումով նույն նպատակին, նույն մեխին խփող ուժեր։

Այլ խոսքերով՝ գլխավոր նպատակը պետք է լինի այսօրվա իշխանությանն իշխանազրկելը։ Ընդդիմադիր ընտրողը, անկախ նրանից, թե ում է նախապատվությունը տալիս, պետք է հասկանա, որ այս ամենի արդյունքում կարող է ձևավորվել մեկ միասնական ընդդիմադիր բևեռ, որը կկարողանա համատեղ ջանքերով իշխանազրկել «Քաղաքացիական պայմանագրին»։

Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ո՞ր դեպքում ընդդիմությունը կարող է հաղթել, ես կարծում եմ, որ ընդդիմությունը բավական լավ հնարավորություններ ունի այս անգամ իր հիմնական խնդիրը լուծելու»,- մեկնաբանեց Վիգեն Հակոբյանը։

Նա հետևյալ կերպ է գնահատում ներկա իրողությունները, որ Փաշինյանի թիմի դեպքում, իրենց իսկ ընկալմամբ՝ իշխանությունը պահելը գոյաբանական խնդիր է բոլոր առումներով, և իրենք ամեն ջանք ու ռեսուրս գործադրում են իշխանությունը պահելու համար, և եթե հավաքական ընդդիմության համար էլ իշխանությունը փոխելը լինի գոյաբանական խնդիր, ապա լավ հնարավորություններ կլինեն հաղթանակի հասնելու համար։

«Ինչպես իշխանության համար է, այնպես էլ ընդդիմության համար այս ընտրությունները պետք է լինեն գոյաբանական բնույթի, այսինքն՝ որևէ մեկի մոտ պատրանքներ պետք է չլինեն, որ եթե զուտ մանդատային պայքար լինի, շարունակվելու է այն, ինչ տեղի է ունեցել վերջին 5 տարիներին»,- կարծում է Վիգեն Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ հետընտրական զարգացումների հնարավոր «Գյումրի 2» սցենարը, որն այդ անվանումը ստացել է օրվա իշխանության թեթև ձեռքով, բացահայտում է իրենց մտահոգությունները կամ ուղղակի վախերը։

«Շատերը, որոնք նույնիսկ չէին դիտարկում այդ հնարավորությունը, չէին հավատում, սկսեցին հավատալ, որովհետև տեսան, որ իշխանությունը բավականին մտահոգված է նման հեռանկարով, ավելին՝ բացահայտեց իր վախերը։ Իրենք, իհարկե, այլ խնդիր էին ուզում լուծել՝ փորձելով բոլորին կապել իրար հետ «նախկինների» մասին հայտնի նարատիվներով»,- նշում է քաղտեխնոլոգը։

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ նոր «սեպտեմբերյան պատերազմով» մարդկանց վախեցնելը հոգեբանական հնարք է Փաշինյանի կողմից, քանի որ սեպտեմբերին, ինչպես հիշում ենք, պատերազմ եղել է՝ 44-օրյա պատերազմն է սկսվել 2020 թ. սեպտեմբերի 27-ին։

«Քաղաքական տեխնոլոգիաների տեսակետից Նիկոլ Փաշինյանը որևէ անսպասելի բան չի անում, քանի որ ի սկզբանե էլ պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի գլխավոր թեզերից մեկը լինելու է «խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»-ը, այսինքն՝ փորձելու է համոզել, թե «եթե ես եմ իշխանության՝ լինելու է խաղաղություն՝ ինչպես վերջին մեկուկես տարվա ընթացքում չեն կրակում»:

Այսինքն՝ փորձելու է վաճառել խաղաղության պատրանքը և դրան ի հակադրություն՝ ասելու է, որ մնացած բոլորը «պատերազմի կուսակցություններ» են, և հիմնականում իր թիրախը լինելու են հայ մայրերը, ընտանիքները։ Դա պատերազմի հերթական շանտաժն է, որը Նիկոլ Փաշինյանը 2020 թվականից ի վեր օգտագործում է իր բոլոր քարոզչական նարատիվներում։ 2021-ի քարոզարշավի մի զգալի հատվածն էլ այդ տրամադրության տակ էր անցկացվում։ Այժմ արդեն նախընտրական քարոզարշավի թեժ փուլն է սկսվում, և ուղղակի ավելի շեշտակիորեն է դա շահարկում և փորձում է այս թեզն անցկացնելու համար նույնիսկ օգտագործել ընդդիմության չարած հայտարարությունները։

Ընդհանուր առմամբ, «սեպտեմբերյան պատերազմը» հոգեբանական հնարք է, որովհետև սեպտեմբերին պատերազմ եղել է, այսինքն՝ երբ ասում է՝ «սեպտեմբերյան պատերազմ», անմիջապես ասոցիացիաներ են առաջանում, և շատերի մոտ այս միտքն է գալիս՝ եթե ասում է՝ սեպտեմբերին պատերազմ է լինելու, ուրեմն հաստատ ինչ-որ բան գիտի։ Նա կարող էր նույնիսկ օրն էլ ասել որպես քաղտեխնոլոգիական հնարք՝ ավելի համոզիչ թվալու համար։ Դա պարզապես արհեստական հայտարարություն է։ Նույն հաջողությամբ կարող էր ասել հոկտեմբերին, պարզապես սեպտեմբերն ասոցացվում է պատերազմի հետ՝ ինչպես մայիս ամիսը տասնամյակներ շարունակ ասոցացվում էր հաղթանակների հետ»,- պարզաբանեց մասնագետը։

Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի նյարդային պահվածքը պայմանավորված է նաև նրանով, որ ինքը ծանրութեթև է անում, թե արտաքին ինչ ռեսուրսներ կան, որոնք աջակցում են իրեն, և իր բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ ինքը կարող է հույս դնել միայն Ադրբեջանի և Թուրքիայի վրա։ Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Փաշինյանին ամենաշատը նյարդայնացնում է այն, որ իր համար «շա՜տ անորոշ է, թե ինչի է ընդունակ և ինչ մարտավարություն կընտրի Ռուսաստանն այս ընտրությունների նկատմամբ»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031