Վերաքննիչ դատարանը բեկանել է Արմեն Ավինյանի դեմ կայացված վճիռը. «Օպելի» վարորդները խումբ չեն համարվում. «Հետք»
«Հետքը» գրում է. «Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2026թ. մարտի 20-ին բեկանել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի դեմ կայացված վճիռը և «Օպելի» վարորդ Գրիգոր Իսկանդարյանի հայցը մերժել է։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2025թ. հուլիսի 4-ին, մասնակի բավարարել էր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր Գրիգոր Իսկանդարյանի հայցն ընդդեմ Արմեն Ավինյանի։ Դատարանը վճռել էր, որ «համբալ» վիրավորական արտահայտության համար Ա. Ավինյանը պետք է վճարեր 250 հազ. դրամ որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում։
2024թ. դեկտեմբերի 26-ին «Օրագիր NEWS» լրատվական կայքի յութուբյան կայքում հրապարակվել է «Կարմիր գծերը պետք է 500 հազար սարքեն. հարցում» վերտառությամբ տեսանյութ: Լրագրողը հարման շրջանակում դիմել է նաև քաղաքապետի հորը։ Արմեն Ավինյանը, լրագրողի հարցին ի պատասխան, որ հակառակ դատարանի վճռի կարմիր գծերի արժեքը մնալու է 160.000 դրամ, պատասխանել է. «Պտի 500.000 դրամ սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստե՝ ամեն իրա գեղի օպելով, և ավտոմեքենաները կոնստիտուցիոն իրավունքով չեն օժտված, գնացեք Իտալիա տեսեք, ավտոյի գին պտի մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն, ավտոյի գին տարին պիտի մուծեն՝ ավտոյից թանկ, որ կարենան մտնեն քաղաքի կենտրոն»:
Ըստ Գրիգոր Իսկանդարյանի՝ արատավորվել է իր պատիվը և արժանապատվությունը, քանի որ ունի «Օպել» մակնիշի մեքենա, որ բազմիցս երթևեկել է Երևան քաղաքի կենտրոնում, և Արմեն Ավինյանի կատարած արտահայտությամբ՝ յուրաքանչյուր ոք «համբալ» է, եթե ունի «Օպել» մակնիշի մեքենա, երթևեկում է Երևան քաղաքի կենտրոնում:
Դատարանն արձանագրել էր, որ Արմեն Ավինյանի կողմից հրապարակային արտահայտված միտքը թեև իր բնույթով անհասցե է, սակայն ողջամտորեն երրորդ անձի մոտ կարող է ստեղծել օբյեկտիվ ընկալում, որ դրանում օգտագործված «համբալ» արտահայտությունը վերագրելի է հենց նշված մակնիշի ավտոմեքենան տիրապետող անձանց։
Անդրադառնալով արտահայտության վիրավորական բնույթին՝ դատարանը վիրավորական էր գնահատել «համբալ» արտահայտությունը ոչ թե առավելապես հիմք ընդունելով դրա բառարանային կամ պարզ բառիմաստային բովանդակությունը, այլ նման արտահայտության կատարման պահին դրա՝ հասարակության մեջ որպես վիրավորական ընկալման իրողությունը:
Արմեն Ավինյանը բողոքարկել էր այս վճիռը։ Վերաքննիչ դատարանը, քննելով քաղաքապետի հոր դիմումը, նրա օգտին որոշում էր կայացրել։
Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենա վարողները կամ սեփականատերերն ինքնին խումբ չեն կազմում, քանի որ չեն բավարարում խմբի իրավական ընկալման համար անհրաժեշտ հատկանիշներին։ Միայն այն հանգամանքը, որ տարբեր անձինք ունեն կամ վարում են նույն մակնիշի ավտոմեքենա, նրանց չի վերածում այնպիսի հանրույթի, որի նկատմամբ հանրային արտահայտությունը կարող է գնահատվել որպես խմբին ուղղված ոտնձգություն։
Վերաքննիչ դատարանը չի բացառում, որ որոշ իրավիճակներում նույն հատկանիշ կրող անձինք կարող են վերածվել իրավական իմաստով խմբի։ Օրինակ՝ եթե նույն մակնիշի ավտոմեքենաների սեփականատերերը կամ վարորդները համախմբվեն որոշակի նպատակի շուրջ, հանդես գան որպես կազմակերպված միավոր, ունենան ընդհանուր ներկայացվածություն կամ հանրային ընկալման մակարդակում ներկայանան որպես ճանաչելի հանրույթ, ապա նման պայմաններում հնարավոր կլիներ քննարկել նրանց՝ որպես խումբ դիտարկելու հնարավորությունը։
«Այսինքն՝ տեսականորեն միայն ավտոմեքենայի մակնիշը չի բացառում խմբի գոյությունը, բայց դրա համար անհրաժեշտ են հավելյալ հանգամանքներ, որոնք տվյալ անձանց կտան հարաբերական նույնականություն ու սոցիալական տարբերակելիություն։ Սակայն սույն գործով նման որևէ հանգամանքի առկայություն գործով ներկայացված և ապացուցված չէ»,- նշված է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ։
Ըստ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վիճարկվող արտահայտությունը՝ «որ ամեն համբալ չգա կանգնի ստե՝ ամեն իրա գեղի օպելով», իր բառացի և համատեքստային վերլուծությամբ չի պարունակում որևէ նշում, որը թույլ կտար եզրակացնել, թե խոսքն ուղղված է որոշակիորեն ձևավորված, տարբերակելի և իրավական պաշտպանության ենթակա խմբի։
Ավելին, ըստ Վերաքննիչ դատարանի, արտահայտության կառուցվածքից և բովանդակությունից հետևում է, որ այն առավելապես կրում է իրավիճակային, ոչ թե խմբային բնույթ, և արտահայտում է բացասական վերաբերմունք որոշակի վարքագծի կամ իրավիճակի նկատմամբ, այլ ոչ թե որոշակիորեն ձևավորված խմբի հիմնական ինքնության, արժանապատվության կամ հասարակական դիրքի նկատմամբ։
Վերաքննիչ դատարանը եկել է այն հետևությանը, որ թեև առաջին ատյանի դատարանը ճիշտ է գնահատել ընդհանուր մոտեցումը, որ որևէ խմբի պատկանելու հանգամանքը հիմնավորվելու դեպքում անձը կարող է ունենալ դատական պաշտպանության դիմելու իրավական շահագրգռվածություն, սակայն այս դեպքում «Օպելի» վարորդները կամ սեփականատերերը չեն դիտարկվում, որպես խումբ, ինչից ելնելով էլ հայցը ենթակա է մերժման։
Նշենք, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը ուժի մեջ է մտնում մեկ ամիս հետո և նույն ժամկետում էլ կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան։



