ՓՈՔՐ ՌԵԱԿՏՈՐԻ ՄԵԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Երեկ Փարիզում հնչած Հայաստանի վարչապետի հայտարարությունը, ըստ որի՝ «Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի (ՓՄՌ) տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ», նշանակալի քաղաքական ազդակ է։ Եվ հարցը չի վերաբերում միայն բովանդակությանը։
Վերջերս էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նշել, որ ատոմակայանի կոնկրետ մոդելի վերջնական ընտրությունը դեռ չի կատարվել, իսկ մոդուլային ռեակտորները դեռևս լայն տարածում չեն ստացել և պահանջում են լրացուցիչ ուսումնասիրություն։ Միաժամանակ հրապարակային դաշտում միջուկային էներգետիկայի հարցերում մասնագիտացած ամերիկացի դիվանագետ Թոմաս Արմբրուստերը հորդորել էր Հայաստանի կառավարությանն իրականացնել հանրային իրազեկում, քանի որ ՓՄՌ-ների տեխնոլոգիան հասարակության համար շարունակում է մնալ քիչ հասկանալի և չի կարող ունենալ ինքնաբերական հանրային հավանություն։ Այս ֆոնին անընդունելի է հարցի հանրային քննարկումից իշխանության հրաժարումը։
Նոր ատոմակայանի կառուցումը «սովորական» ենթակառուցվածքային նախագծի իրականացում չէ։ Խոսքը երկրի էներգետիկ անվտանգության ապահովմանն ուղղված երկարաժամկետ մոդելի, խոշոր ֆինանսական պարտավորությունների, միջազգային տեխնոլոգիական գործընկերների ընտրության, կարգավորիչ նոր նորմերի, թափոնների կառավարման և, որ հատկապես կարևոր է, երկրի էներգետիկ անվտանգության ապահովման ուղեգծի հանրային լեգիտիմության մասին է։
Հետևաբար՝ սկզբունքային նշանակություն ունի ոչ միայն այն, թե ինչ որոշում է կայացնում կառավարությունը, այլև այն, թե ինչպես է այն կայացվում։ Երբ վարչապետը հասարակությանը նման որոշումը հրամցնում է երկրի սահմաններից դուրս արված հայտարարությամբ, սա վկայում է, որ Հայաստանի «հպարտ» քաղաքացին նորից հանդես է գալիս ոչ թե՝ որպես ռազմավարական ընտրության մասնակից, այլ սոսկ՝ որպես որոշմանը ենթարկվող։
Հայաստանի հետաքրքրվածությունը միջուկային էներգետիկայի զարգացմամբ ինքնին միանգամայն օրինաչափ է՝ գործող ատոմակայանի շահագործման ժամկետը սպառվում է տասը տարուց։ Սակայն սրանից դեռ չի հետևում, թե փոքր մոդուլային ռեակտորն ամենաօպտիմալ լուծումն է։ Դրանց շուրջ ծավալվող միջազգային փորձագիտական քննարկումները ցույց են տալիս, որ ՓՄՌ-ների առավելությունները դեռևս թեական են և անստույգ։
Փոքր մոդուլային ռեակտորների տեխնիկատնտեսական գնահատման առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ դրանց մրցունակությունը կառուցվում է այլ տնտեսական տրամաբանությամբ, քան ավանդական խոշոր ատոմային էներգաբլոկներինը։ Վերջիններիս մրցունակությունը հիմնված է մասշտաբի էֆեկտով (economies of scale). էներգաբլոկի հզորության աճը հանգեցնում է արտադրվող էլեկտրաէներգիայի միավոր արժեքի նվազմանը։
Իսկ ՓՄՌ-ների դեպքում ակնկալվող տնտեսական արդյունավետությունը, ընդհակառակը, պայմանավորված է ստանդարտացված մոդուլների բազմակի վերարտադրության էֆեկտով (economies of multiples), այսինքն՝ զգալի թվով նույնատիպ կայանների սերիական արտադրությամբ և շահագործմամբ։ Այլ կերպ ասած՝ ծախսերի ենթադրվող նվազեցումը հնարավոր է դառնում միայն զանգվածային արտադրության և շահագործման պայմաններում։
Ուստի ՓՄՌ-ի տնտեսական արդյունավետության և դրանց արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վերաբերյալ փաստարկները բավական վիճահարույց են։ Գործնականում նման նախագծերի իրականացումը ցույց է տալիս ոչ միայն դրանց բարձր ծախսատարությունը, այլև ֆինանսական պլանավորման հետ կապված խնդիրներ, որոնց հետևանքով անցումը նախագծային փուլից դեպի իրականացում կապված է լուրջ ֆինանսական ռիսկերի հետ։
Այսպես, նախագծային արժեքի չնախատեսված զգալի աճով էր պայմանավորված ԱՄՆ-ի Յուտա նահանգում ՓՄՌ-ի կառուցման դադարեցումը։ Հայաստանի համար նման ռիսկերն առավել վտանգավոր են, քանի որ ծախսատար տեխնոլոգիայի ընտրության սխալը երկարաժամկետ ծանր բեռ կդառնա՝ ինչպես հանրային ֆինանսների, այնպես էլ՝ ազգային էներգահամակարգի համար։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Միջուկային էներգիայի գործակալության փորձագետներն ընդգծում են նաև ՓՄՌ-ների անվտանգության հարցերը։ ՓՄՌ-ների կողմնակիցները հաճախ դրանց ենթադրյալ առավելությունները պայմանավորում են պասիվ անվտանգության համակարգերի կիրառմամբ, ինչպես նաև ռեակտորների ավելի փոքր չափերով և տեղակայման ճկունությամբ։
Սակայն, ըստ փորձագետների, դրանից չի հետևում, որ ՓՄՌ-ների անվտանգության մակարդակը բարձր է հզոր ռեակտորների համեմատ։ Ուստի, իրենց կարծիքով, ներկայում ավելի ճիշտ է խոսել ոչ թե անվտանգության առումով ՓՄՌ-ների գերազանցության, այլ որոշակի նախագծային սպասումների մասին, որոնք դեռևս կարիք ունեն էմպիրիկ հաստատման։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Միջուկային էներգիայի գործակալությունն առանձնացնում է նաև միջուկային վառելիքի խնդիրը։ ՓՄՌ-ների շահագործումը ենթադրում է ավելի բարձր հարստացվածության աստիճան ունեցող միջուկային վառելիքի օգտագործում։ Մինչդեռ համապատասխան արտադրական և լոգիստիկ շղթաները դեռևս բավարար չափով մշակված չեն, և, որպես հետևանք, մատակարարումների սահմանափակությունը դիտարկվում է որպես գործոն, որը կխոչընդոտի այդ ռեակտորների տարածմանը։
Ուշադրության արժանի է նաև օգտագործված միջուկային վառելիքի հետագա ճակատագրի հարցը։ Ի հեճուկս այն ինտուիտիվ ենթադրության, թե ռեակտորի փոքր չափը ենթադրում է նաև վառելիքի հետշահագործումային ցիկլի ավելի քիչ բարդություն, ուսումնասիրությունները չեն բացառում մեկ միավոր արտադրած էներգիայի հաշվով ավելի մեծ ծավալի և կառավարման տեսանկյունից ավելի բարդ թափոնների առաջացման հնարավորությունը։
Նման քննարկումների փաստն ինքնին վկայում է, որ այս կապակցությամբ դեռևս չկան միանշանակ հաստատված լուծումներ։
Միջուկային էներգետիկայի ապագա կառուցվածքի վերաբերյալ որոշում ընդունող երկրի համար թափոնների կառավարման խնդիրը նույնքան կարևոր է, որքան արժեքի, իրականացման ժամկետների և անվտանգության հետ կապված հարցերը։
Նշված հանգամանքները, առավել ևս՝ հանրային քննարկման բացակայության պայմաններում, հիմք են տալիս կասկածի տակ դնելու այն չափանիշների հիմնավորվածությունը, որոնցով առաջնորդվել է Հայաստանի կառավարությունը՝ փոքր մոդուլային ռեակտորի կառուցման վերաբերյալ որոշում ընդունելիս։
Քանի դեռ շոշափված հարցերը պատշաճ կերպով չեն մշակվել և ներկայացվել հանրային հարթությունում, վարչապետի փարիզյան հայտարարությունն ավելի շատ հիշեցնում է առաջիկա ընտրությունների նախաշեմին ստանձնած քաղաքական պարտավորություն, քան համապարփակ տեխնիկատնտեսական վերլուծության արդյունք։
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1990-95թթ.)
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (1995-99թթ.)
ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան



