«Սիգարոնը» վերածնվելու ուղի է փնտրում. Ընկերությամբ հետաքրքրված է «Սովռանո՞ն»
Երբեմնի հայկական կայացած բրենդերից մեկը համարվող և միջազգային ճանաչում ձեռք բերած «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը շուտով նոր «կյանք» կստանա: 168.am-ի տեղեկություններով՝ ընկերության սեփականատերերը պատրաստվում են վաճառել բաժնեմասերի որոշակի քանակ, և հավանական գնորդը «Սովռանո» ընկերությունն է: Ըստ մեր աղբյուրի՝ ներկայումս գործարքի վերաբերյալ բանակցություններ են ընթանում:
«ՍՊՍ Սիգարոնը» հավասար բաժնեմասերով՝ 50:50, պատկանում է Սեմյոն (Սիմոն) և Սեյրան Պողոսյաններին: Ընկերության հիմնադիրը մոսկվաբնակ գործարար Սեմյոն Պողոսյանն է, ով սիգարետի և ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների մասնագետ է, տասնյակ գյուտերի հեղինակ: 1990-ական թվականների վերջին «ՍՊՍ Սիգարոնի» ստեղծման համար ծախսելով շուրջ 6 մլն դոլար և արտադրությունը կայուն հիմքի վրա դնելով, մի քանի տարի անց նա ընկերության 50% բաժնեմասը հանձնում է ավագ եղբորը՝ Սեյրան Պողոսյանին, ով նաև ստանձնում է ընկերության տնօրինությունը: Սեմյոն Պողոսյանը վերադառնում է Մոսկվա՝ այնտեղ իր բիզնեսները ղեկավարելու համար: Դրանից շատ ժամանակ չանցած սկսվում են «ՍՊՍ Սիգարոնի» «ձախորդությունները». Սեյրան Պողոսյանը սկսում է էժան ու անորակ ծխախոտ արտադրել, իբրև թե՝ տեղական շուկան գրավելու համար: Նրա իրականացրած ներդրումներն արդյունավետ չեն լինում, գործարանը սկսում է պարտքեր կուտակել: Ընկերությունը նախ 2009-ին «Ամերիաբանկից» է վարկ վերցնում, իսկ 2010-ի դեկտեմբերին՝ «Անելիք Բանկից»: Ընկերության շրջանառու միջոցների համալրման նպատակով «Անելիք բանկը» տրամադրում է ավելի քան 5.5 մլն դոլար, ապա՝ 143 հզ. եվրո և 280 հզ. եվրո վարկ, որի դիմաց գրավադրվում են «ՍՊՍ Սիգարոնի» ողջ անշարժ գույքն ու հոսքագծերը, գրանցված մտավոր սեփականության օբյեկտ հանդիսացող թվով 57 արդյունաբերական սեփականություն հանդիսացող իրավունքները: Նախորդ տարվա հուլիսին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Նաիրա Մարգարյանի նախագահությամբ, բավարարեց բանկի պահանջն ու «ՍՊՍ Սիգարոնը» փաստացի դարձավ «Անելիք Բանկի» սեփականությունը: Դատական համակարգի վերին ատյաններ «ՍՊՍ Սիգարոնի» ներկայացրած բողոքարկումներն անարդյունք են մնում:
Այդ ժամանակաընթացքում ընկերության ղեկավարումից մեկուսացված Սեմյոն Պողոսյանը 2010 թվականին դիմում է դատական մարմիններին, սակայն հայցն անավարտ է մնում. եղբայրը խոստանում է արտադատարանական կարգով հարցը լուծել, բայց ոչ մի քայլ չի անում Սեմյոն Պողոսյանին գործերի իրական վիճակին տեղեկացնելու ուղղությամբ: Սակայն անցած տարի, «Անելիք բանկի» հաղթանակից հետո Սեմյոն Պողոսյանն ինքն է դիմում դատարան՝ ընդդեմ «Անելիք բանկի» և Սեյրան Պողոսյանի՝ պահանջելով անվավեր ճանաչել բանկի և «ՍՊՍ Սիգարոնի» միջև կնքված վարկային պայմանագիրը, քանի որ այն «կեղծիքներով է իրականացվել»: Սեմյոն Պողոսյանը համաձայնություն չէր տվել վարկային պայմանագրի կնքման համար:
Ներկայումս Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սամվել Թադևոսյանի նախագահությամբ, ընթանում է այս գործի դատաքննությունը: Հերթական նիստը տեղի է ունենալու հունիսի 14-ին:
Մեր տեղեկություններով՝ դատարանում պարտությունից հետո Սեյրան Պողոսյանը մեկուսացել է «ՍՊՍ Սիգարոնից» և պայքարի հարթակը թողել է եղբորը: Այժմ նա շատ ժամանակ բացակայում է Հայաստանից և Դուբայում է բիզնես սկսել: Հավանաբար, հենց Սեյրան Պողոսյանի բաժնեմասի վաճառքի հարցն է օրակարգում:
Սեմյոն Պողոսյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը 168.am-ին հայտնեց, որ իր վստահորդը աներկբա է՝ ընկերությունը պետք է ոտքի կանգնեցնել: Բանկի հետ վեճը լուծելուց հետո նա ծրագրում է ներդրումներ անել ընկերությունում, նոր արտադրատեսակների հոսքագիծ բացել և վերականգնել կորսված հեղինակությունը: