Ջեյ Դի Վենս՝ Կովկասի գերին. Պիետրո Շաքարյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրականացվող «Դոնրոյի դոկտրինի» բուն էությունը երևում է Թրամփի վարչակազմի մոտեցման մեջ թե՛ պատերազմին, և թե՛ խաղաղությանը։ Դրա վառ օրինակն է այս շաբաթվա սկզբին տեղի ունեցած իրադարձությունը, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնեց Կովկաս՝ Իրանի հյուսիսային սահմաններին ամերիկյան ազդեցությունն ու ճնշումն ուժեղացնելու փորձով, և դա տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածությունը երբեք այսքան բարձր չի եղել։ Այս մասին The Nation ամսագրում գրում է պատմաբան Պիետրո Շաքարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցին Հայաստան և Ադրբեջան։

«Եթե կա որևէ բառ կամ արտահայտություն, որը կարող է լավագույնս բնորոշել նախագահ Թրամփի անկանխատեսելի, անկայուն և անհետևողական «Դոնրոյի դոկտրինը», ապա դա այն սկզբունքն է, որ «ուժն է ծնում իրավունք» միջազգային հարաբերություններում։ Թրամփի վարչակազմը շատ քիչ է զգում միջազգային իրավունքի կարիքը։ Այն կամայականորեն ու բացահայտորեն անտեսված է և իսկապես մերժված։ Փոխարենը՝ Գրենլանդիայից մինչև Գազա, Վենեսուելայից մինչև Իրան գերիշխում է «ջունգլիների օրենքը»։ «Դոնրոյի դոկտրինի» բուն էությունը երևում է Թրամփի վարչակազմի մոտեցման մեջ թե՛ պատերազմին, և թե՛ խաղաղությանը։ Դրա վառ օրինակն է այս շաբաթվա սկզբին տեղի ունեցած իրադարձությունը, երբ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանեց Կովկաս՝ Իրանի հյուսիսային սահմաններին ամերիկյան ազդեցությունն ու ճնշումն ուժեղացնելու փորձով, և դա տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածությունը երբեք այսքան բարձր չի եղել»,– գրում է Պիետրո Շաքարյանը։
Մինչդեռ պատմաբանի կարծիքով՝ Միացյալ Նահանգներում ներքին խորը ճգնաժամի պայմաններում ավելի խելամիտ կլիներ խուսափել Ամերիկային նման հեռավոր արկածախնդրության մեջ ներքաշելուց՝ այն էլ աշխարհի մի այնպիսի տարածաշրջանում, որը, ըստ էության, անծանոթ է ամերիկացիների մեծամասնությանը։
«Այդուհանդերձ, անդրդվելի էր Վենսը, որը բորբոքում էր լարվածությունը տարածաշրջանային խոշոր տերության՝ Իրանի, և միջուկային գերտերության՝ Ռուսաստանի հետ՝ միաժամանակ լռելյայն արտոնելով ժողովրդավարության անկումը և էթնիկ զտումները հետխորհրդային Կովկասում»,- գնահատում է Պիետրո Շաքարյանը։
Հոդվածագիր պատմաբանը նկատում է՝ Վենսի կովկասյան ճանապարհորդությունը ներառում էր Հարավային Կովկասի երեք պետություններից երկուսը՝ Հայաստանը և Ադրբեջանը։ Մինչդեռ Վրաստանը՝ ամերիկյան նեոպահպանողականների երբեմնի ֆավորիտը, ակնհայտորեն շրջանցվեց։ Պիետրո Շաքարյանի խոսքով՝ Վենսի այցը մեծամասամբ նվիրված էր ԹՐԻՓՓ նախագծին Միացյալ Նահանգների հանձնառությունը վերահաստատելուն։
Թրամփի կողմից իրականացվող «Դոնրոյի դոկտրինը» համարվում է հանրահայտ «Մոնրոյի դոկտրինի» վերակենդանացման փորձը։ 19-րդ դարի առաջին կեսին ԱՄՆ 5-րդ նախագահ Ջեյմս Մոնրոյի (1817-1825) հռչակած «Մոնրոյի դոկտրինը» փորձում էր հակադրվել Հյուսիսային և Հարավային Ամերիկաների նկատմամբ եվրոպական գաղութարարությանը, միաժամանակ փորձում էր ԱՄՆ-ի հզորացումը պայմանավորել նոր տարածքների միացմամբ ու նոր նահանգների կազմավորմամբ։



