Ընդդիմադիր բոլոր դաշինքները պետք է պայքարեն ոչ թե իրար, այլ մեկ թիրախի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ․ Դավիթ Անանյան
Իշխանությունն ամեն ինչ անում է, որ ապատիայի մթնոլորտն ավելի խորանա։ Հայ Առաքելական եկեղեցու դեմ այս պայքարը և արժեքների դեգրադացիան մարդկանց մեջ զզվանք են առաջացնում այս ամբողջ իրականության նկատմամբ, և անտարբերությունն ավելի է խորանում։ Փաշինյանն ասում է՝ մենք, կամ ոչ ոք, հետևաբար՝ ոչ թե եկեք ու ընտրեք, այլ՝ մի՛ եկեք տեղամասեր։ Նա մի միջավայր է ստեղծում, որ ժողովրդի մեջ նողկանք առաջանա ընտրական իրականության նկատմամբ, և իրենք թքած ունենան այս ընտրությունների վրա։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«Պետք է առավելագույնս համախմբումներ տեղի ունենան։ Պարզ է, որ մեկ բևեռի շուրջ համախմբումը բացառվում է, բայց երեք կամ չորս բևեռի շուրջ կարելի է համախմբել բոլորին։ Այն քաղաքական ուժերին, որոնք համախմբման որևէ ձգտում չունեն և հավակնում են միայնակ գնալու ընտրություններին՝ փոշիացնելու ձայները, պետք է համոզել, որ մտնեն որևէ դաշինքի մեջ։ Ձևավորումից հետո դաշինքները պետք է նստեն սեղանի շուրջ և պայմանավորվեն մի քանի օրակարգային հարցերի շուրջ, օրինակ՝ որ որևէ պարագայում չեն համագործակցելու ՔՊ-ի հետ, այսինքն՝ Հայաստանի կառավարումը պատկերացնում են առանց ՔՊ-ի ներգրավման»,- ասաց Անանյանը:
«Պետք է նաև պայմանավորվել, որ ընտրապայքարի ժամանակ ընդդիմադիր բևեռները չեն հարվածելու միմյանց։ Բոլորի թիրախը մեկը պիտի լինի։ Նաև բոլորը պետք է հայտարարեն, որ նեցուկ ու սատար են կանգնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Մրցակցության պարագայում էլ հանրությանը կարելի է ցույց տալ, որ մրցակիցներն էլ կարող են ունենալ մեկ թիրախ, մեկ նպատակ, համախմբվել ազգային արժեքների շուրջ և պայմանավորվել քաղաքագիտական տեսանկյունից ազնիվ պայքարի կանոնների պահպանման հարցում»,- նշեց նախկին պաշտոնյան:
Անանյանի պնդմամբ՝ բոլոր ուժերը պետք է գան միահամուռ որոշման, որ եթե, օրինակ, ԿԸՀ-ն չի գրանցում ինչ-որ քաղաքական ուժի, ապա պետք է միասնական հարված ստանա, դրա շուրջ միասնական պայքար և միջոցառումներ պետք է նախատեսվեն. «Ընդդիմադիր բևեռներից որևէ մեկին չգրանցելն ընդդիմությանը շատ մեծ հարված կլինի։ Պետք է խոսել նաև քվեարկության օրը ձայների պաշտպանության համընդհանուր կազմակերպման մասին։ 2000 տեղամասերը երեքական հոգով ծածկելու համար 6000 մարդ է պետք։ Այդ թիվը կոլեգիալ ապահովելը շատ ավելի հեշտ է, քան առանձնաբար, և սա կանոնակարգված պայքար է թիվ մեկ թիրախի դեմ»:

«2021-ին Փաշինյանի մնալն իշխանության ձեռնտու էր բոլոր կողմերին՝ թե՛ հավաքական Արևմուտքին, թե՛ դեռևս չծանրաբեռնված Ռուսաստանին։ Այսօր տրամագծորեն հակառակն է իրավիճակը։ Ռուսաստանը բավականին խոցելի վիճակում է, չկա նաև հավաքական Արևմուտք։ Բացի այդ, 2021-ին կար երկու ուժ, որոնք պայքարում էին իշխանության համար, և կային բազմաթիվ մանր ուժեր։ Այսօր հակաիշխանական ընդդիմադիր կեցվածք ունեցող և իշխանափոխության համար պայքարող ուժերը շատ ավելի բազմաբևեռ են, այլընտրանքները շատ ավելին են։ Այսօր ընտրողը չի գնալու և ընտրի Նիկոլ Փաշինյանին՝ ի հեճուկս Երկրորդ նախագահի»,- ասաց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում
