Ինչո՞ւ ԽՍՀՄ-ում մի քանի տարով արգելվեց Առնո Բաբաջանյանի «Чертово колесо» սուպերհիթը, և ո՞ւմ երաժշտությունն էր հնչում Ստալինի հուղարկավորության ժամանակ

Հունվարի 21-ին րացավ մեծանուն խորհրդային կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակը: Այդ առիթոց ռուսական kp.ru-ն ծավալուն հրապարակում է պատրաստել մեծանուն կոմպոզիտորի մասին, որը ներկայացնում ենք թարգմանաբար:

Թերևս Առնո Բաբաջանյանի բախտը կյանքում շատ է բերել: Երաժշտական լուրջ տաղանդը նրա մեջ արթնացել էր դեռ մանկության տարիներին.

● 11 տարեկանում 1000 օրինակ տպաքանակով հրատարակվել էր նրա «Պիոներական քայլերթը»:

● Դեռահաս տարիքում նա ստացել է առաջին մրցանակը Երևանի կոնսերվատորիայի դաշնակահարների մրցույթում։

Կարդացեք նաև

● Իսկ դրանից անմիջապես հետո քննություններ է հանձնել մեկ այլ՝ Մոսկվայի կոնսերվատորիա։ Հայաստանի իշխանությունները փորձում էին խոչընդոտել նրան՝ նրանց դուր չէր գալիս, որ Առնոն մայրաքաղաք էր մեկնել առանց իրենց օրհնության։ Արդյունքում 17-ամյա Բաբաջանյանը հայտնվեց Գնեսինների անվան ուսումնարանում. հիմնադիրներից մեկը՝ հռչակավոր Ելենա Գնեսինան, կարողացավ զսպել երիտասարդի բարկացած հայրենակիցներին և նրան միանգամից ընդունեց չորրորդ կուրս։

● 30 տարեկանում Առնո Բաբաջանյանը ստացավ Ստալինյան մրցանակ:

32 տարեկանում նրա «Դաշնամուրային տրիոն» հնչում էր Ստալինի հուղարկավորության ժամանակ:

● Իսկ 37 տարեկանում՝ անսպասելի ու որոտընդոստ համաժողովրդական փառք «Առաջին սիրո երգը» ֆիլմից հետո, որն այսօրվա ճաշակով գուցե չափազանց քաղցր ու պարզունակ է թվում (հատկապես ուշ շրջանի գլուխգործոցների համեմատ), բայց Ռաշիդ Բեյբութովի կատարմամբ դարձավ հսկայական հիթ։

Կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանը, պատմում էր, թե ինչպես են հորը մի գիշեր թալանել խուլիգանները՝ խլելով ժամացույցն ու փողը, բայց ուշադիր նայելով՝ ճանաչել են «Առաջին սիրո երգը» ֆիլմի կոմպոզիտորին (դեմքով!) և ամեն ինչ վերադարձրել են։

Իր հրաշալի մեղեդիները նա հորինում էր շատ հեշտությամբ։ Արմեն Ջիգարխանյանը մի անգամ հյուրընկալվելիս հարցրել է, թե ինչպես է նա երաժշտություն գրում, պատասխանը եղել է մեկ բառ՝ «Լսում եմ»։

Սակայն նրա երջանիկ կյանքը կարճ տևեց. նա մահացավ 62 տարեկանում՝ լեյկեմիայի դեմ պայքարից հետո։ Բայց ախտորոշումը նրան տվել էին դեռ երեսուն տարի առաջ, և նա կարողացավ շատ երկար ապրել մի հիվանդությամբ, որը 50-ականների ԽՍՀՄ-ում համարվում էր միանշանակ մահացու։ Ճիշտ է, ստիպված էր անընդհատ բուժվել, կանոնավոր մեկնել Փարիզ՝ ֆրանսիացի խոշորագույն արյունաբաններից մեկի մոտ։ Մահվան մասին Առնո Հարությունովիչը մտածում էր անընդհատ։ Որդու կարծիքով՝ հենց դրա պատճառով էր նա ավելի շատ խորանում երգային ժանրի մեջ և ավելի քիչ ձեռնարկում մեծածավալ ստեղծագործություններ. թվում էր, թե կսկսի դրանք ու չի հասցնի ավարտել։

Առնո Բաբաջանյանի երգերի կատարմամբ մեծ հռչակ ձեռք բերեց ադրբեջանցի երգիչ Մուսլիմ Մագոմաևը: Բաբաջանյանի երգերի բառերը գրում էր ռուս հայտնի բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկին։ Հենց Մագոմաևն է երգել ցնցող «Վերադարձրու ինձ երաժշտությունը» (Верни мне музыку), «Հարսանիքը» (Свадьба), «Երկրի լավագույն քաղաքը» (Лучший город Земли), «Մի շտապիր» (Не спеши), «Նոկտյուրնը»։ Իսկ Ռոժդեստվենսկին տեքստեր է գրել նրա գրեթե 30 երգերի համար։ Իհարկե, Բաբաջանյանն աշխատել է նաև Վոզնեսենսկու, Եվտուշենկոյի, Լեոնիդ Դերբենյովի հետ, բայց հենց Ռոժդեստվենսկու հետ էր մտերիմ ընկերություն անում։
Մի անգամ նրա հետ գնացել էր ծննդատուն՝ դստերը՝ Քսենյային վերցնելու, և բուժքույրերը սխալմամբ երեխային հանձնել էին Բաբաջանյանին, ընդ որում՝ կովկասցի տղամարդուց «փրկագին» էին ուզել։

Բայց նրա ստեղծագործական ուղին հարթ չի ընացել: Նրա երգերի եթեր տալու հետ կապված խնդիրներ էին լինում: Օրինակ՝ խնդիրներ առաջացան «Գեղեցկության թագուհու» (Королева красоты) հետ։ Բաբաջանյանի որդին պատմում էր, որ «Սովետական մշակույթի» ընթերցողները այդ երգը ճանաչել էին տարվա լավագույն երգ։ Բայց Կոմպոզիտորների միությունում դա սկանդալ առաջացրեց։

«Ժողով կազմակերպեցին, որտեղ միության վարչության անդամները սկսեցին մեկը մյուսին հերթ չտալով դժգոհել. «Ինչպե՞ս մենք թույլ տվեցինք նման բան։ Երիտասարդության հետ աշխատանքը շատ վատ է տարվում։ Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ լավագույն երգ է ճանաչվել ինչ-որ թվիստ»։

Իսկ երբ խոսք վերցրեց Նիկիտա Բոգոսլովսկին, ասաց մոտավորապես հետևյալը. «Ես գիտեմ երկու Բաբաջանյանի։ Մեկին, ով գրում է լուրջ կամերային-սիմֆոնիկ երաժշտություն, հարգում եմ։ Իսկ մյուսը՝ էժանագին թվիստների ու շեյքերի հեղինակը, ինձ բոլորովին հոգեհարազատ չէ»։ Հայրս, որ մինչ այդ լռում էր, չդիմացավ. «Իսկ ես գիտեմ այնպիսի կոմպոզիտորների, որոնք ավելի լավ խոսում են, քան երաժշտություն հորինում»։

«Դուք պատժում եք Եվտուշենկոյին, բայց ինչո՞վ է մեղավոր երգը»

Եվգենի Եվտուշենկոն Բաբաջանյանի համար գրեց «Մի՛ շտապիր» երգի տեքստը (ի դեպ, գրել է Մերձմոսկովյան Ստեղծագործական տանը մեկ երեկոյի ընթացքում՝ գրազ գալով մի շիշ կոնյակի վրա, որ դա իրենից մի քանի ժամից ավել չի խլի։ Հանուն դրա նա բաց թողեց մեծ խնջույքը, փակվեց իր համարում և երեկոյի վերջում դուրս եկավ հյուրերի մոտ պատրաստի բանաստեղծությամբ։ Իսկ մինչ նրա փակվելը, Բաբաջանյանը խնդրում էր նրան չշտապել՝ կրկնելով. «Վաղը կգրես, մի՛ շտապիր»։ Այս բառերից էլ, երևի, տեքստը ծնվեց)։

Ցավալին այն էր, որ այս երգը շուտով արգելվեց ղեկավարության կողմից, և հենց Եվտուշենկոյի պատճառով, ով, ըստ Մագոմաևի հիշողությունների՝ «ինչ-որ տեղ ինչ-որ սխալ բան էր ասել»։ Կոմպոզիտորն ու երգիչը ստիպված եղան դռներ բախել՝ ղեկավարությանը բացատրելով. «Դուք պատժում եք բանաստեղծ Եվտուշենկոյին, բայց ինչո՞վ է մեղավոր երգը։ Լավ լիրիկական երգ է…»: Մտածելով՝ ղեկավարությունը, այնուամենայնիվ, թույլատրեց այն…

Եվտուշենկոյի խոսքերով մյուս հիթը՝ «Սատանայի անիվը» (Чертово колесо), 1968 թվականին չհայտնվեց Բրազիլիայի փառատոնին։ Այդ ժամանակ ԽՍՀՄ-ը տանկեր մտցրեց Չեխոսլովակիա, և Եվտուշենկոն նամակ ուղարկեց Բրեժնևին՝ հայտնելով իր անհամաձայնությունը։ Արդյունքում «Սատանայի անիվը» մի քանի տարով ԽՍՀՄ-ում դարձավ անցանկալի երգ։ Միայն 1974-ին Բաբաջանյանն այն տարավ մեկ այլ միջազգային փառատոն՝ Տոկիո, և այնտեղ այն հաղթանակ տարավ։


Առնո Բաբաջանյանի մահից հետո, երբ Ռոբերտ Ռոժդեստվենսկին խոսքեր գրեց նրա մեղեդիներից մեկի հիման վրա, որը գրվել էր բալետի համար։ Ստացվեց հանրահայտ «Նոկտյուրնը» («Իսկ իմ ու քո միջև՝ դարեր, ակնթարթներ ու տարիներ…»): «Նոկտյուրնի» առաջին կատարողը դարձավ Իոսիֆ Կոբզոնը, բայց շուտով այն դարձավ Մագոմաևի այցեքարտը։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս