Գերմանական Կարմիր խաչի նախագահը հայտնել է Գազայում դեղորայքի պակասի մասին
Գերմանական Կարմիր խաչի նախագահ Հերման Գրոհեն տեղեկացրել է, որ ձմեռային ամիսները վատթարացրել են Գազայի հատվածում արդեն իսկ դժվարին իրավիճակը՝ հանգեցնելով առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի և դեղորայքի սուր պակասի։
«Ձմեռային ամիսները, զուգորդված մատակարարման վատ իրավիճակի հետ, կործանարար են, հատկապես երեխաների, վիրավորների և տարեցների համար», – ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Գրոհեն ասել է Rheinische Post-ին։
Նա ընդգծել է, որ Գազան հիմնական անհրաժեշտության ապրանքների լուրջ պակաս ունի:
«Ամեն ինչ դեռևս պակասում է. բավարար սնունդ, դեղորայք, էլեկտրաէներգիա և ջուր», – նշել է գերմանական Կարմիր խաչի նախագահը։
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը նույնպես կտրուկ քննադատության է ենթարկել Գազայում մատակարարման իրավիճակը: «Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը շարունակում է մնալ աղետալի», – թերթին ասել է «Բժիշկներ առանց սահմանների» գերմանական գրասենյակի տնօրեն Քրիստիան Կացերը: Նա բացատրել է, որ հիմնական խնդիրներից մեկը Գազայում բժշկական օգնության բացակայությունն է: «Շատ պաղեստինցիներ մահանում են բուժելի հիվանդություններից», – ասել է Կացերը: Նա կարծում է, որ Գերմանիայի հիվանդանոցները պատրաստ կլինեն ընդունել հիվանդներին Գազայից: «Այնուամենայնիվ, Գերմանիա մուտքի կանոնակարգերը կանխում են դա», – եզրափակել է նա:



