Վրեժ Գալստյանը՝ ԱԺ տարածք մտնելու մասին. «Իմացել եմ, թե գնում եմ սուպերմարկետ»
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ Վրեժ Գալստյանի գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ վերջինս 2013թ. մարտի 22-ին մտել էր ՀՀ Ազգային Ժողովի շենքի տարածք, նրա մուտքը վարչական շենք կանխելու նպատակով պետական պահպանության ծառայության աշխատակիցները նախազգուշական կրակոցներ էին արձակել, սակայն Վրեժ Գալստյանը շարունակել էր առաջ շարժվել: Արդյունքում ՊՊԾ աշխատակիցը կրակել էր Վ. Գալստյանի ոտքին:
Գործով դատախազ Հարություն Հարությունյանը նշեց, որ նախաքննության ընթացքում պարզվել է՝ 2012-ից Վրեժ Գալստյանը հաշվառված է Մասիսի պոլիկլինիկայի հոգեբուժական կաբինետում՝ շիզոֆրենիա պորանոիդ ձև աֆեկտիվ զառանցական համախտանիշ ախտորոշմամբ: Նա նաև ասաց, որ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն՝ օրենքով չթույլատրված արարք կատարելու ժամանակ Վ. Գալստյանը գտնվել է հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է զառանցական ապրումների ազդեցության ներքո, որը զրկել է նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու հնարավորությունից: Ուստի դատախազ Հ.Հարությունյանը միջնորդեց օրենքով արգելված արարքը անմեղսունակության վիճակում կատարած Վրեժ Գալստյանին ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից և նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոց:
Վրեժ Գալստյանը դատարանում հայտարարեց, որ ինքը վախից է դանակը թափահարել, չի ցանկացել դանակով որևէ մեկի վնասել. «Ես սոված եմ եղել, իմացել եմ, թե կրպակ եմ մտել խանութի, հարցրել եմ մուտքը որտեղ ա, ասել են՝ սենց-սենց գնա, գնացել եմ, սկի չեմ իմացել՝ էտ ինչ շենք ա, ինչ շենք չի: Բարձրացել եմ վերև, իմացել եմ, թե գնում եմ սուպերմարկետ, սուպերմարկետ եմ գնում: Հետո հավաքվել են միանգամից, վախեցել եմ, օդ են կրակել, կրակել են գետնին, նաև կրակել են ոտքիս»:
Նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով տուժող Սահակ Սահակյանը, վկաներ ՊՊԾ աշխատակիցներ Վազգեն Հակոբյանը և Արտաշես Գալստյանը: Տուժող Սահակ Սահակյանը պատմեց, որ դեպքի օրը տագնապ ազդանշանը լսելուց հետո դուրս է եկել ԱԺ վարչական շենքի կենտրոնական մուտքից և նկատել ծառայողներին ու Վրեժ Գալստյանին: Նա ասաց, որ նկատել է Վրեժ Գալստյանի ձեռքի դանակը, նկատել է, որ նա արագ-արագ բարձրանում է աստիճաններով: Ըստ տուժողի՝ իր զգուշացումներն ու նախազգուշական կրակոցը Վրեժին չեն սթափեցրել, վերջինս շարունակել է առաջ շարժվել ու հայհոյանքներ է հնչեցրել. «Չի կանգնել, դրանից հետո նորից առաջ է շարժվել դանակը բաց վիճակում: Այդտեղ ես հասկացա, որ անիմաստ է: Ես հետ եմ քայլում, ինքն առաջ է գալիս: Արդեն երկու կրակոց կար նախապես և իմ մեկ նախազգուշական կրակոցը, ես հասկացա, որ ոչ մի բան հնարավոր չէ՝ բացի վնասազերծելուց: Եվ ես կրակել եմ իր ոտքին մտածված, որպեսզի իրեն ոչ մի տեղ չվնասի, լրիվ հաշվարկված, որ հետագայում ինքը կարողանա նորմալ կենսակերպ վարել»: Նիստի ընթացքում ցուցմունքներ տված երկու վկաները դեպքը ներկայացրին նույն կերպ:
Դատական նիստի ընթացքում Վրեժ Գալստյանի օրինական ներկայացուցիչը՝ նրա մայր Սուսաննա Սահակյանը, հրաժարվեց ցուցմունքներ տալ, և դատախազը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները: Դատարանը բավարարեց դատախազ Հ. Հարությունյանի միջնորդությունը: Նախաքննության ընթացքում մայրը հայտնել էր, որ 2011թ. Սարալանջ գյուղի գյուղապետը և այլ անձինք իր որդու վրա քրեական գործ են սարքել, որի արդյունքում իր որդուն տուգանել են. «Այդ գործի պատճառով Վրեժը հոգեկան սթրես է տարել, նա միշտ գտնվել է լարված վիճակում: Այդ պատճառով նա տանից գրեթե դուրս չէր գալիս, հեռուստացույց էր դիտում, ոչ մեկի հետ չէր շփվում: Նա անցած տարի այդ լարվածության հետևանքով հոգեկան հիվանդություն ստացավ: Դա արտահայտվում էր ագրեսիվության դրսևորումներով: Նա տանը կռիվ էր սարքում իմ և ամուսնուս հետ, ուրիշների վրա ջղայնանալու պատճառով, այսինքն՝ մեզ համար պարզ էր, որ նա վատ վարքագիծ է դրսևորում, անտեղի վեճեր է սարքում ծնողների հետ հիվանդանալու պատճառով: Դրա համար էլ ամուսնուս հետ որոշեցինք Վրեժին ներկայացնել բուժման: Վրեժին բերեցինք Երևան Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց: Այնտեղ հետազոտեցին Վրեժին և ընդունեցին ստացիոնար բուժման: Ես չգիտեմ, թե նրա մոտ կոնկրետ ինչ է ախտորոշվել: Դա 2012-ի մարտ ամսին էր: Նա այնտեղ բուժում է ստացել մինչև 2012-ի ապրիլի 7-ը: Այդ օրը նրան դուրս են գրել: Նրան նշանակել են ինչ-որ դեղեր, որոնց անունները չեմ հիշում: Նա հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ընդունում էր դեղերը, հիմնականում լինում էր տանը: Նա հանգիստ էր, որևէ արտառոց բան նրա մոտ չեմ զգացել: Վրեժի վիճակը լավ էր, դրա համար էլ վերջին շրջանում դեղերը չէր ընդունում: Նրա մոտ ագրեսիվություն նկատել եմ միայն այսօր: Նա առավոտվանից գտնվել է տանը: Ժամը 12-ի սահմաններում Վրեժը դուրս եկավ տանից, որոշ ժամանակ անց նա վերադարձավ տուն: Այդ ժամանակ Վրեժը շատ ջղայնացած էր, շատ ագրեսիվ էր, և ես զգացի, որ նրա հետ ինչ-որ բան է կատարվում, որ նրան կա´մ վիրավորել են, կամ էլ ինչ-որ բան են ասել: Նա ջղայնացած ասում էր, որ Ազգային ժողովում մարդ չկա: Ես չէի հասկանում, թե ինչ է ուզում: Վրեժը շատ ջղայնացած էր մեր երկրի իշխանությունների վրա: Վրեժը դուրս եկավ տանից, ես նրան չէի կարող պահել, ուստի չեմ խոչընդոտել, քանի որ չէի կարող: Տանից դուրս գալիս չեմ նկատել՝ նա տանից դանակ վերցրել է, թե՝ ոչ: Վրեժը տանից դուրս է եկել ժամը 13-ի սահմաններում, և ես տեղյակ չեմ, թե նա ուր գնաց: Տանից դուրս գալիս նրա մոտ կար մեր ընտանիքի ողջ խնայողությունները՝ 20 հազար ՀՀ դրամ: Դրանից հետո նրանից տեղեկություններ չեմ ստացել, մինչև որ մեր տուն եկան ոստիկանության աշխատակիցները և հրավիրեցին Ձեզ մոտ»,- նշված էր Վրեժի մոր նախաքննական ցուցմունքում: Դատարանում Սուսաննա Սահակյանը հայտարարեց, որ գուցե իրենց տուն մտել է մեկ ուրիշ մարդ կամ էլ Վրեժի նմանակը: Դրան ի պատասխան Վրեժ Գալստյանը ժպտաց և ասաց, որ մայրն էլ է «հոգեկան մի քիչ հիվանդ»: Սուսաննա Սահակյանն էլ հայտարարեց, որ Հայաստանում բոլորն էլ «հոգեկան են»:
Դատավոր Գագիկ Պողոսյանը որոշեց Վրեժ Գալստյանին ազատել քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվությունից և նրա նկատմամբ նշանակել հարկադիր բուժում հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում: