ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՄՈՏԻԿԻՑ ՏԵՍՆԵԼ ԵՐԱԶՈՂ, ԿՅԱՆՔՈՒՄ ՆՐԱ ԱՐԱԾԻ 1%-Ը ՉԱՐԱԾ ՄԱՐԴԻԿ ՆՐԱՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ. ԴԱՎԻԹ ՂԱԶԻՆՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ նախկին տնօրեն, «Մեր ձևով» շարժման անդամ Դավիթ Ղազինյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Իշխանությունների մոտ չստացվեց Սամվել Կարապետյանին սարքել թալանչի, նրա անունը կեղտոտել։ ՀԿԾՀ ամբողջ նիստը ցույց տվեց, որ ինչ ասում էին՝ սուտ էր։ Նպաստակը ՀԷՑ-ը խլելն էր․ գոնե ձևի համար խորհրդակցական սենյակ չգնացին որոշումը կայացնելուց առաջ… Իրավական առումով, այո՛, ՀԷՑ-ին լիցենզիայից զրկեցին, բայց իրենք պարտվել են։ Ժողովուրդը հասկանում է, որ ՀԷՑ-ը խլել են։
- Ռոմանոս Պետրոսյանի ասելով՝ գալու օրվանից ինքն իմ դեմ բավականին շատ հաղորդումներ է ներկայացրել հանցագործության մասին, բայց ես դրանցից տեղյակ չեմ։ Մարդն ուզում է ինձ դատված տեսնել։ Ի՞նչ ասեմ․ արդարանալու ռեժիմ չեմ միացնելու։ Հիմարությունները մեկնաբանելն աշխարհի ամենաանշնորհակալ գործն է։
- Ժողովրդին մոլորեցնում էին՝ ասելով, թե իբր ՀԷՑ-ն ազգայնացնում են, ժողովրդին են տալիս… Սո՛ւտ: Եթե չկա ազգայնացման մասին օրենսդրություն, չես կարող ոչինչ ազգայնացնել, ինչը, ի դեպ, եզակի լավ բաներից է, որովհետև դա վնաս է պետությանը։

- Սամվել Կարապետյանը համաշխարհային հեղինակության բիզնեսմեն է։ Իշխանության կողմից արհեստական օրակարգ է նրան ռուսական բիզնեսի ներկայացուցիչ համարելը։ Հետևաբար՝ ոչ մի իրեն հարգող գործարար աշխարհում ՀԷՑ-ը ձեռք չի բերելու։ Իմ վերլուծությունն այն է, որ հաշվի առնելով ՀԷՑ-ի կարևորությունը և ռազմավարական նշանակությունը, այն կհետաքրքրի մեր երկու հարևան պետություններին, ովքեր, իհարկե, ուղիղ չեն գնի, կգնեն այլ տեղում գրանցված ընկերության միջոցով, բայց փողը կտան իրենք։
- Պետք է հասկանալ մի բան՝ Սամվել Կարապետյանը երբեք էլ չի ուզել ձեռք բերել ՀԷՑ-ը։ Հիշենք, որ ժամանակին, «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ նախկին սեփականատերն ուզում էր հոսանքի գինը թանկացնել մոտ 20%-ով․պետությունը թույլ տվեց թանկացնել 5%-ով, որից մի քանի ամիս անց անխուսափելիորեն ՀԷՑ-ը կճանաչվեր սնանկ, իսկ հասկացողները գիտեն՝ դա ինչ է նշանակում։ ՀԷՑ-ը գնելիս Սամվել Կարապետյանը գիտեր, որ ոչ միայն շահույթ չի ունենալու, այլև պատրաստ է եղել մինուսով աշխատելուն, իր գրպանից գումար դնելուն, որովհետև դա անում էր իր երկրի համար… Շատերը կան, որ սա գիտեն․ պետք է խոսեն։
- Ընդհանրապես իշխանության ձգտողները պետք է լինեն մարդկանց խումբ, որը կառաջնորդվի բացառապես երկրի շահերով։ Սամվել Կարապետյանը այլամետ չէ, հայամետ է, և եթե ինչ-որ պահի մեր շահերը համընկնում են Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի հետ, պետք է համագործակցել։
- Իմ կարծիքով՝ Արևմուտքը Հայաստանի Հանրապետությունում մասնակցություն ունի Թուրքիայի միջոցով։

Հիշեցնենք. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պատմել էր, որ ժամանակին ինքն է Սամվել Կարապետյանին խնդրել, որ ռուսական մեկ այլ ընկերությունից ձեռք բերի ՀԷՑ-ը, որովհետև այն շատ վատ վիճակում էր։
«Պետք էր մարդ, ով սրտացավություն կցուցաբերեր, կցանկանար ներդրումներ անել՝ առանց երկար ժամանակ շահույթ հետապնդելու, ինչը գոնե մինչև 2018թ.-ը Սամվել Կարապետյանը կատարել է։ Կարծում եմ՝ դրանից հետո էլ շարունակել է»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
- Սամվել Կարապետյանը հայկական հողին կպած միակ միլիարդատեր բիզնեսմենն է։ Սերժ Սարգսյանը պատմել է, որ ժամանակին ինքն է խնդրել Սամվել Կարապետյանին գնել ՀԷՑ-ը, և ՀԷՑ-ը նրան տալը տեղավորվում է այս տրամաբանության մեջ։
- Ես գիտեմ՝ ինչ է պատասխանելու Սամվել Կարապետյանը ՀէՑ-ի վաճառքի մասին իշխանությունների առաջարկությանը, բայց դա լինելու է Սամվել Կարապետյանի միանձնյա որոշումը։
- Սամվել Կարապետյանի կալանքի 4 ամիսը լրանալուց հետո դատարանն ասել էր՝ մի ամսով եմ երկարացնում կալանքը, որ այդ ընթացքում ապացույցներ բերեք։ Այլ ելք չունեին, քանի որ անգամ զանգովի արդարադատության պայմաններում Սամվել Կարապետյանի կալանքը չէր երկարացվելու, բերեցին փողերի լվացման այդ կեղծ գործը։ Ամբողջ նպատակը Սամվել Կարապետյանին հեղինակազրկելն էր… ու չնայած իրենց այդքան ջանքերին, դա իրենց չի հաջողվելու: Իշխանությունը դրանից է նյարդայնանում, որ իր արածն օգուտ չի տալիս։
- Մարդիկ, որոնք Սամվել Կարապետյանի արածի մի տոկոսն արած չկան իրենց կյանքում՝ ՕԳԳ-ի առումով, այսօր Սամվել Կարապետյանի ընկերությանը լիցենզիայից են զրկում, մեղադրանք են առաջադրում, կալանավորում են… Մարդիկ, ովքեր երազում էին մոտիկից տեսնել Սամվել Կարապետյանին, այնպիսի խոսույթով են խոսում՝ ապշում ես։

- Լավ, հիմա լա՞վ եք կառավարում ՀԷՑ-ը, ինչպես հայտարարում եք, դե իջեցրե՛ք քաղաքացիներին մատակարարվող հոսանքի սակագինը։ Հանձնաժողովը պիտի ասի՝ որքան կարող էր բարձրանալ սակագինը, որը Սամվել Կարապետյանը թույլ չի տվել։ Նրա կողմից տարիներ շարունակ հսկայական աշխատանք է կատարվել, որը զսպել է քաղաքացիների համար հոսանքի գնի աճը։ Ես դա համարում եմ իջեցում։ Ընդ որում, Սամվել Կարապետյանի ազատազրկվելուց հետո՝ հունիսին ես եմ ասել՝ նա որոշել է, որ ևս 10 տարի մեր ժողովրդի համար հոսանքի գինը չի թանկանալու…
- Պետական բյուջեից շատ մեծ գումար են ստիպված լինելու հատկացնել, որ դուրս գան ՀԷՑ-ի հետ կապված խնդրի տակից։ Մի քանի հարյուր միլիոն փող են պարտք վերցնելու, որ կորուստները ծածկեն, մի քանի հարյուր միլիոն էլ՝ որ վճարեն Սամվել Կարապետյանին։ Եվ այդ ամբողջ բեռը լինելու է քաղաքացիների ուսերին: Պետությունն այդ գումարները չունի։
- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ին զրկեց լիցենզիայից, որպեսզի լիցենզիայի գինը դուրս գա ՀԷՑ-ի գնից: Իսկ դա անհնար ա անել:
- Միակ բանը, որ սրանք լավ անում են ՀԷՑ-ում, վախի մթնոլորտ տարածելն է։ Բայց դա էլ չի հաջողվել։ Իրենք նեղվում են երկիշխանությունից։ Ղեկավար պաշտոններում, ճիշտ է, իրենց մարդկանց են նշանակել, բայց ՀԷՑ-ը 6500 մարդու մասին է։ Վախեցնում են ԱԱԾ-ով, քրեական գործերով․ չի ազդում։
- Ով որ հետախուզվեր Ադրբեջանի կողմից, ինձ համար կլիներ ամենալավ, գերդրական անձը։ Ադրբեջանի կողմից հետախուզվող Սամվել Կարապետյանն այսօր գտնվում է Հայաստանի բանտում։
- ՀԷՑ-ի գինն այնքան է, որ դա պետք է միլիարդատեր ձեռք բերի։ Վստահ եմ՝ ոչ ոք դա չի անի։ Բարոյական կոդեքսը ոչ ոք չի խախտում, եթե, իհարկե, տակը չկա քաղաքական խնդիր։
- Կարծում եմ՝ իրենք չեն կարող ազդել Միջազգային արբիտրաժի վրա։ Եթե Ստոկհոլմի միջազգային արբիտրաժը միջանկյալ որոշում է կայացրել, նշանակում է՝ խնդիր է տեսել։ Ես չեմ պատկերացնում՝ ոնց են դուրս գալու դրա տակից։
- Իմ տեղեկություններով՝ ՀԷՑ-ում հիմա չեն կատարում անգամ մեր ներդրումային ծրագիրը։ Եթե մենք շատ վատն էինք, ինչպես ասում եք, հիմա դու ինչի՞ չես կատարում ներդրումային ծրագրեր։

- Այո, կան կասկածներ, որ հիմա հոսանքի գինը չեն իջեցնում, որպեսզի փետրվար-մարտին իջեցնեն սակագինը՝ 2026-ի ընտրություններից առաջ, ու դա ծախեն ժողովրդի վրա։
- Մեր երկրում տիրող մթնոլորտի պայմաններում ես ոչինչ չեմ բացառում, ինչ քայլի ասես՝ ընդունակ են այս իշխանությունները։ Այո՛, իրավական որևէ հիմք չկա, որ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին չգրանցեն, բայց ենթադրենք՝ չգրանցեցին, և՞… Բայց թող փորձեն, այն ժամանակ մերը կասենք իրավական, սահմանադրական ճիշտ ճանապարհներով։
Մանրամասները՝ տեսանյութում։



