«Այդ տարբերակից Մինսկի խումբ հեռու չէր, բայց ունենք առաջնորդ, ով իր անձնական շահերն ու օրակարգը վեր դրեց ազգային շահերից». Արթուր Մարտիրոսյան

ԵԱՀԿ-ն երեկ՝ դեկտեմբերի 1-ին, պաշտոնապես հայտարարեց, որ լուծարված է Մինսկի խումբը։

«2025 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 23:59-ին ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների փակման գործընթացը՝ համաձայն նախարարների խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունված որոշման, որն ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Ֆինլանդիայի նախագահությանն ուղղված համատեղ դիմումից հետո»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ բոլոր անհրաժեշտ վարչական ընթացակարգերի ավարտը նշանավորում է փակման գործընթացի ավարտը։

«Այս գործընթացը ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների սեպտեմբերի 1-ին ընդունված կոնսենսուսային որոշման իրականացումն էր, որն ընդունվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրված պատմական համատեղ հռչակագրից հետո»,- ասված է հայտարարության տեքստում։

Կարդացեք նաև

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո միջազգային կառույցներում ի՞նչ ձևաչափով պետք է բարձրացվի ոչ միայն Արցախի խնդիրը, այլև արցախահայերի՝ Արցախ վերադառնալու իրավունքի մասին հարցը։

Բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ նախևառաջ պետք է լինի քաղաքական կամք, իսկ Հայաստանի օրվա իշխանությունն այդ կամքը չունի։ Հակառակը՝ իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի կատարի Ալիևի պահանջը, հիմա էլ փորձում է դրա վերջակետը դնել այդ հարցում։

«Պետք է լինի քաղաքական ուժ կամ ուժերի կոալիցիա, որը կկարողանա իրականացնել արցախահայերի արդար պահանջը։ Թե ինչպե՞ս, պարզ է՝ պետք է աշխատել առանձին ուժային կենտրոնների հետ, եթե անհրաժեշտություն լինի, պետք է նաև նպատակ դնի նոր խումբ ձևավորելու, որը Մինսկ չի անվանվի, բայց նրա հիմնական գործառույթները նույնը կլինեն։ Այսինքն՝ հարցը կբարձրացնի, որ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում, որը հիմա կոչում են «խաղաղություն», բայց խաղաղություն չի լինում էթնիկ զտման միջոցով։ Փաստորեն մենք գործ ունենք շատ անարդար մի վիճակի հետ, և այս վիճակն այն անձանց, որոնց ձեռնտու ու հարմար է, կոչում են՝ «խաղաղություն»»,- 168.amի հետ զրույցում նշեց Արթուր Մարտիրոսյանը։

Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ խաղաղություն չի կարող լինել, եթե չկա արդարություն։ Հետևաբար՝ նախևառաջ արցախահայերի վերադարձի հարցը պետք է լինի օրակարգում, իսկ այդ հարցն օրակարգ բերելու համար պետք է բանակցել առանձին ուժային կենտրոնների հետ, համոզել, որ իրենց շահերից է բխում, որպեսզի հարցը նորից ներառվի օրակարգում։

«Ես նույնիսկ այս պահին անհնարին ոչինչ չեմ տեսնում, բայց խնդիրն այն է, որ պետք է ունենաս և՛ քաղաքական կամք, և՛ ճկուն դիվանագիտություն, որի պարագայում հնարավոր կլինի հասնել նպատակին»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Մինսկի խմբի անցնող տարիների աշխատանքի արդյունավետությունը, կոնֆլիկտաբանը նկատեց՝ Մինսկի խմբի գործունեությունը կարելի է տարբեր ձևով գնահատել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արբիտրի դերում չէին, այլ միջնորդ էին։ Իսկ միջնորդը մշտապես փորձում է որքան հնարավոր է՝ բալանսավորել կողմերի շահերը, գտնել տարբերակ, որը կարողանա պարտադրել կողմերին։

«Կարող էին ենթադրել, որ այդ տարբերակից Մինսկի խումբ հեռու չէր, չնայած այն տարբերակը, որը սեղանին էր՝ հայկական կողմը մերժեց, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է սքանավորել ու հրապարակել այդ տարբերակը։ Բայց մենք գիտենք, որ այդ տարբերակը հաստատ անընդունելի էր նաև Ադրբեջանի համար, բայց Մինսկի խումբը պատրաստ էր այդ առաջարկը մինչև վերջ հասցնել։ Դրա համար հայկական կողմը պետք  փորձեր ստանալ այն, ինչն այդ պահին բխում էր իր շահերից։ Իհարկե, դա կարող էր իդեալական տարբերակ չլինել մեզ համար, բայց կարող էր ավելի լավը լինել, քան այն, ինչը մենք ստացանք։

Մինսկի խմբում տարբեր ուժեր էին, այդ ուժերը լավ համագործակցում էին, իրենց միջև չկար տարբերություն։ Բայց դեռ մինչև Ուկրաինայի պատերազմը տարաձայնություններն այնպիսին էին, որ դժվարանում էին համագործակցել։ Միակ տեղը, որ չէին կարողանում համաձայնվել՝ խաղաղապահ ուժերի մասով էր, թե որ երկրից պետք է լինեն։ Ռուսաստանը պնդում էր, որ պետք է ռուսական լինի, իսկ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան գոհ չէին այդ տարբերակից»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ դժվար էր ակնկալել, որ որպես միջնորդ կազմակերպություն՝ այն կարող էր Արցախի հարցին միանման մոտեցում ցույց տալ, քանի որ այդ երկրներն էլ ունեն տարբեր շահեր, այդ շահերը չեն մոռանում և ամբողջ գործընթացում նրանք պետք է բավարարեն նաև սեփական երկրների շահերը։

«Ի սկզբանե պարզ էր, որ եթե դու փորձում ես գտնել տարբերակ, որը պետք է երկու կողմն էլ ընդունեն, դժվար ընթացք է, միշտ էլ մեկը կամ երկուսը կարող են մերժել տարբերակները։

Վստահության մթնոլորտն Ադրբեջանի հետ միշտ էլ բացակայել է, բայց Մինսկի խումբը հասել էր մի վիճակի, երբ կողմերից մեկին կամ երկու կողմերին էլ կարող էին ստիպել եղած տարբերակներից մեկը։ Բայց եղավ այն, ինչ եղավ։

Այն, որ Ալիևը հայտարարում էր, թե իրեն պարտադրում են ճանաչել Արցախը, մենք հասկանում ենք, թե հայկական կողմն ինչու մերժեց, ինչպես Փաշինյանն է ասում, որպեսզի իրեն դավաճան չհամարեին։ Սա է մեր խնդիրն ու ողբերգությունը, որ ունենք առաջնորդ, ով իր անձնական շահերն ու օրակարգը վեր դրեց ազգային շահերից»,- ընդգծեց Արթուր Մարտիրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս