Նոր պատերազմում Ադրբեջանը Իսրայելի ճամբարում է լինելու, իսկ Հայաստանն ինչպե՞ս է դիրքավորվելու. մի՛ սպասեք, որ մենք հանուն ձեզ պատերազմելու ենք Ռուսաստանի հետ. ԱՄՆ Զինված ուժերի պահեստազորի գնդապետ Դուգլաս Մաքգրեգոր

Տարածաշրջանում կարող է նոր պատերազմ լինել՝ Իրանի և Իսրայելի ներգրավմամբ, և մոլորության մեջ է նա, ով պնդում է, թե Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրի շնորհիվ խաղաղության ու բարօրության նախաշեմին եք։

Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ Զինված ուժերի պահեստազորի գնդապետ, Թրամփի օրոք ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին ավագ խորհրդական, քաղաքական մեկնաբան և վերլուծաբան Դուգլաս ՄաքԳրեգորը՝ խոսելով ԱՄՆ արտաքին քաղաքականության և Հայաստանի վրա դրա հնարավոր ազդեցությունների մասին։

Ներկայացնում ենք հատված Արթուր Խաչիկյանի և Դուգլաս Մաքգրեգորի հարցազրույցից։

Արթուր Խաչիկյան.– Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վերջին շրջանում լարված էին, բայց այժմ, կարծես թե, նրանց հարաբերությունները բարելավվել են։ Բայց քանի որ Դուք բարձրացրեցիք այս հարցը, ուզում եմ հիշեցնել, որ օգոստոսին Վաշինգտոնում նախագահ Թրամփի միջնորդությամբ նախաստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցված խաղաղության համաձայնագիրը, և դա ներկայացվում էր՝ որպես մեծ նվաճում, հույս ունեմ, որ այդպես է, բայց ըստ այդ համաձայնության՝ Հայաստանը կառուցելու է Ադրբեջանը Թուրքիային կապող միջանցքը Թրամփի կառավարման ներքո, և շատ հնարավոր է, որ Ադրբեջանը մասնաբաժին ունենա այդ միջանցքում, և ամերիկյան ուժեր կարող են տեղակայվել Հայաստան-Իրան սահմանին՝ մի երկրում, որտեղ կա ռուսական ռազմական բազա։

Կարդացեք նաև

Սա Ձեզ մոտ շատ կայուն իրավիճակի տպավորություն թողնո՞ւմ է, եթե մի նոր առճակատում լինի Իրանի հետ՝ հայ-իրանական սահմանին՝ Հայաստանի տարածքում, ռուսական ռազմաբազայի հարևանությամբ ամերիկյան զորքի առկայության պայմաններում։ Սա կարո՞ղ ենք համարել, պատկերավոր ասած՝ վառոդի տակառ, թե՞… ինչպե՞ս կանվանեք սա։

Դուգլաս ՄաքԳրեգոր.– Ոչ, կարծում եմ՝ դա անխոհեմ է, բայց մյուս կողմից՝ մենք ունենք կառավարություն, որը սահմանափակումների զգացողություն չունի։ Այլ խոսքերով՝ Պուտինի մտածողությունն ու վարքագիծը բնութագրողը ռուսական ուժի և ռեսուրսների սահմանների խոր զգացողությունն է։ Նա ինքնախաբերությամբ չի զբաղվում։ Բայց վախենամ, որ նույնը չեմ կարող ասել նախագահ Թրամփի մասին։ Միացյալ Նահանգների սահմանափակումները պայմանավորված են այն հանգամանքով, որ մենք պատմականորեն և անկասկած մեր մտածելակերպով ծովային և ավիատիեզերական տերություն ենք։

Իրականում մենք ցամաքային տերություն չենք։ Այնպես որ, հեռավորության այդ զգացողությունն ու գիտակցումը շատ կարևոր է, և ուղարկել զինվորներին այդպիսի մի տարածաշրջան, որտեղ մենք շատ սահմանափակ ազդեցություն ունենք, եկեք անկեղծ լինենք, իմ կարծիքով՝ շատ տխմար գաղափար է։ Մյուս հանգամանքն այն է, որ թեև մենք դեռևս համարվում ենք հզոր տերություն, Թուրքիան, Իրանն ապրում են Ռուսաստանի հարևանությամբ։ Մեծ տարբերություն կա Միացյալ Նահանգների, որը պետք է հազարավոր մղոններ անցնի, ուժեր կուտակի և հետո նոր անցնի հարձակման, և Ռուսաստանի միջև, որն այդ տարածաշրջանում է։ Ռուսաստանն այնտեղ է։

Նայեք Չինաստանին և Ռուսաստանին, ես կավելացնեի նաև Հնդկաստանին։ Նրանք շահագրգռված են Միացյալ Նահանգների անկումը կառավարելով։ Ի՞նչ նկատի ունեմ։ Ես նկատի ունեմ, որ ինչ-որ առումով մեզ դիտում են՝ որպես ապակայունացնող ուժի, որը հայտնվում է՝ ինչպես ցուլը չինական խանութում, և ամեն ինչ տակնուվրա է անում, հետո հայտարարում է իր հաղթանակը և հեռանում։ Շատ դեպքերում մենք չենք հեռանում։ Մենք մնում ենք։

Ռուսներն ու չինացիները ոչ մի դեպքում չեն ուզում պատերազմ Միացյալ Նահանգների հետ, ուստի նրանք նայում են մեզ և մտածում, թե ինչպես կարող են կառավարել այս վտանգավոր, անկայուն, անկանխատեսելի և իռացիոնալ ուժը, որը կոչվում է Միացյալ Նահանգներ, հատկապես այն պատճառով, որ այն հակված է անկման։

Եվ երկրորդը, իսրայելցիները դա հրապարակավ չեն ասում, բայց նրանք կոչ են արել Վաշինգտոնին դադարեցնել 12-օրյա պատերազմը, քանի որ, եթե Իրանը գործի դներ հրթիռների իր ողջ զինանոցը, դա կլիներ Իսրայելի վերջը։ Հետո հանկարծ տեղի է ունենում Միացյալ Նահանգների այդ ցուցադրական հարվածը, որն Իրանի նվերն էր նախագահ Թրամփին.

«Խնդրեմ, մտեք, արեք այն, ինչ ուզում եք: Մենք չենք կրակի ձեզ վրա»: Եվ հետո, ի դեպ, մենք դիմեցինք իրանցիներին և ասացինք. «Դուք կարող եք կրակել այս, այս, այս վայրերի վրա և այլուր»: Դա նախագահ Թրամփին հնարավորություն տվեց ձևացնել, թե բոլորին խաղաղություն և երջանկություն է բերել: Հիմա մենք բոլորս էլ գիտենք, որ դա անհեթեթություն է։ Դա ոչինչ չի փոխում։ Նա շատ է կենտրոնացած ձևականության վրա։ Բայց դա կարող է շատ արագ, ակնթարթորեն փլուզվել։

Մենք պարզապես չգիտենք՝ երբ, որտեղ և ինչպես։ Եվ կարծում եմ՝ պետք է ենթադրենք, որ նոր պատերազմ է լինելու այդ տարածաշրջանում, և դրանում ներգրավվելու են Իրանն ու Իսրայելը։ Դա անխուսափելի է։ Ու նորից վերադառնալով Հայաստանին։ Ինչպե՞ս է նա դիրքավորվում։ Օրինակ, Ադրբեջանն իրեն դիրքավորում է Իսրայելի ճամբարում։ Ի՞նչ կլինի, եթե իսրայելցիներն ու թուրքերը վիճեն մինչև հաջորդ պատերազմի բռնկումը։ Ի՞նչ կանի Ադրբեջանը։

Ես չգիտեմ։ Գիտեմ միայն, որ Ադրբեջանը լցված է բրիտանական ՄԻ6-ի և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության գործակալներով, որոնք մշտական ​​հետաքրքրություն ունեն ապակայունացնելու Կենտրոնական Ասիան՝ Ռուսաստանին վնասելու հույսով։ Այնպես որ, այդ գործընթացը շարունակվում է։ Բայց խնդիրնայն է, որ յուրաքանչյուր ոք, ով պնդում է, թե մենք այսպես թե այնպես խաղաղության ու բարօրության նախաշեմին ենք՝ հիմնված Թրամփի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված այդ համաձայնագրի վրա, իրականում մոլորության մեջ է։

Արթուր Խաչիկյան.– Հասկանում եմ, պարոն գնդապետ։ Եվ իմ վերջին հարցը։ Դուք արդեն նշեցիք ՄԻ6-ի և Կենտրոնական հետախուզական գործակալության մասին, նրանք բազմաթիվ լրատվամիջոցներ ունեն Հայաստանում, որոնք ֆինանսավորվում են արևմտյան հիմնադրամների կողմից՝ իրականացնելու նրանց քարոզչությունը։

Իսկ նրանք մեզ համոզում են, թե՝ հանգիստ եղեք, մի անհանգստացեք, Միացյալ Նահանգները կգա, Միացյալ Նահանգները կպարտադրի խաղաղության համաձայնագրի կատարումը և կպաշտպանի ձեզ։ Եթե Դուք հայ լինեիք, կհավատայի՞ք այդ քարոզիչներին։

Դուգլաս ՄաքԳրեգոր.– Ոչ, բնավ։ Շատ պարզ պատճառով։ Ի վերջո, երբ մեր գործերը վատ են ընթանում, մենք անում ենք ճիշտ այն, ինչ պատմականորեն արել են բրիտանացիները. մենք նավարկում ու հեռանում ենք։ Հայաստանը որքա՞ն հեռավորության վրա է Միացյալ Նահանգներից՝ մոտ 7000 մղոն։ Չեմ կարծում, որ դա կփոխվի մոտ ապագայում։ Եվ կարծում եմ, որ մենք շատ կախված ենք մեզ կապող բարակ թելից։ Այդ բարակ թելն ամերիկյան օդուժն է։ Այժմ մենք ունենք նախագահ, որը հիացած է հեռահար ռազմավարական ռմբակոծումների մարտավարությամբ և կարծում է, որ դա մեր հաղթաթուղթն է, ինչպես ինքն է ասում՝ Թրամփի հաղթաթուղթը։

Շատ լավ։ Ես այդպես չեմ կարծում։ Ըստ իս՝ զուտ ժամանակի հարց է, երբ ամերիկյան օդուժի, դրա անտեսանելիության և անխոցելիության մասին առասպելը հօդս կցնդի։ Գիտեք, ես այցելել եմ բազմաթիվ երկրներ և հանդիպել տարբեր երկրների ղեկավարների հետ, և հիմնական բանը, որ ես փորձել եմ հասկացնել նրանց, ի դեպ, ես որևէ արդյունքի չհասա Բալթյան պետությունների ժողովրդի հետ խոսելիս, ես նրանց ասում էի նույնը, ինչ ասում էին պրուսները, իսկ հետո՝ գերմանացիները, որ լսեք, դուք ապրում եք Ռուսաստանի կողքին, դուք կարող եք չսիրել նրանց, բայց ձեր շահերից է բխում նրանց հետ լեզու գտնելը։

Այնպես որ, մի՛ սպասեք, որ մենք հանուն ձեզ պատերազմելու ենք Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը շատ ավելի մոտ է ձեզ, քան Միացյալ Նահանգներին։ Այսօր, կարծում եմ՝ նույնը ճշմարիտ է նաև Կովկասի երկրների համար։ Փորձեք լեզու գտնել ձեր հարևանների հետ այնքանով, որքանով կարող եք։ Կարո՞ղ եք լեզու գտնել Ադրբեջանի հետ։ Իհարկե, դա դժվար է, հատկապես, երբ սեղմված եք Թուրքիայի և Ադրբեջանի միջև։

Սա նաև վերադարձնում է մեզ այն պատմական հարցին, թե եթե ձեր դեմ դասավորված այդ ուժերը ձեզնից ուժեղ են, ո՞ւմ կարող եք դիմել օգնության և աջակցության համար, որպեսզի այն լինի հուսալի։ Կարծում եմ՝ անխուսափելիորեն վերադառնալու եք Մոսկվային։ Հարցն այն է, թե ի՞նչ կանի Մոսկվան այս փուլում։ Ուստի հուսով եմ, որ մենք կկարողանանք վերջ տալ պատերազմին Ուկրաինայում, քանի որ կարծում եմ, որ դա լավ կլինի նաև Կովկասի համար։

Կարծում եմ՝ դա լավ կլինի Հայաստանի համար։ Թեև ես պետք է փորձեմ հավատալ դրան։ Ես դեռևս թերահավատ եմ։ Նման դեպքերում միշտ պետք է թերահավատ լինել։ Բայց եթե դա տեղի ունենա, շատ լավ կլինի, և մենք կողջունենք դա։

Տեսանյութեր

Լրահոս